Ուսուցիչները գնացել են մարզպետարան
«Առավոտը» նախկինում ներկայացրել է Տավուշի մարզի Հովքի միջնակարգ դպրոցում տիրող իրավիճակը:
Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը, մարտի 28-ին մարզպետ Արմեն Ղուլարյանը որոշում է կայացրել մինչեւ մրցույթով Հովքի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցվելը ապրիլի 2-ից «ՀՀ Տավուշի մարզի Հովքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Էթեր Նազարյանին եւ նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր:Էթեր Նազարյանը Կիրանցի գյուղապետ Հմայակ Նազարյանի կինն է, «իրավունք» առարկայի մասնագետ:
Կարդացեք նաև
Հովքի դպրոցից «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ ապրիլի 2-ին Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը Է. Նազարյանին ներկայացրել է դպրոցի կոլեկտիվին: Այդ ժամանակ Է. Նազարյանը Հովքի ուսուցիչներին ասել է, որ իր իսկական ազգանունը ոչ թե Նազարյան է, այլ՝ Խաչատրյան:
Ապրիլի 2-ին, դասերի ավարտից հետո, Հովքի դպրոցի ավելի քան 20 ուսուցիչներ գնացել են Տավուշի մարզպետարան եւ հանդիպել մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ: Հովքի դպրոցի ուսուցիչները մարզպետին հայտնել են իրենց ցանկության մասին, որ իրենց դպրոցի տնօրենը Հովքի ուսուցչական կոլեկտիվից լինի: Արմեն Ղուլարյանն ասել է , որ Էթեր Նազարյանը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել մինչեւ ուսումնական տարվա ավարտը, որ Նազարյանը դպրոցի կառավարման սերտիֆիկատ ունի: Մարզպետը Հովքի ուսուցիչներին ասել է նաեւ, որ այդ կոլեկտիվից մի քանիսը կարող են մասնակցել դպրոցի կառավարման սերտիֆիկատ ձեռք բերելու առաջիկա մրցույթին եւ ապա՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին:
Նշենք, որ Հովքի դպրոցի տնօրեն Արսեն Ուլիխանյանը մարտի 13-ին հրաժարականի դիմում էր տվել: Նա այդ մասին դիմում էր գրել այն բանից հետո, երբ անգլերենի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ պետք է կայանար: Հովքի ուսուցիչները ի պաշտպանություն անգլերենի ուսուցչուհի Աննա Ղավալյանի գործադուլ էին արել: Նախկինում Արսեն Ուլիխանյանը մեզ հայտնել էր, որ ինքը Աննա Ղավալյանին 2012թ. աշխատանքի է ընդունել որպես ժամանակավոր աշխատող: Ապրիլի 2-ին Աննա Ղավալյանը մեզ ցույց տվեց իր աշխատանքային գրքույկը, ուր նշված է, որ Արսեն Ուլիխանյանի հրամանով Ա. Ղավալյանը որպես հիմնական աշխատող աշխատանքի է ընդունվել 2011թ. սեպտեմբերի 1-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ