Դետեկտիվ ժանրի հայտնի գրող Պետրոս Մարգարիսը արժանացել է «Քուաս դու Պոլար» (Quais du Polar) 2013թ. փառատոնի մրցանակին:
Ժյուրիի նախագահ Ժան Լուի Դեբրեն այդ մասին հայտարարել է պաշտոնական արարողության ժամանակ, որը տեղի ունեցել մարտի 29-ին, Լիոնում: Գրում է «Գրիք ռիփորթեր» լրատվականը՝ նշելով, որ այս մրցանակը Արևմտյան Եվրոպայում դետեկտիվ ժանրի ամենահեղինակավոր մրցանակն է:
Մարգարիսը լայն ճանաչում ունի Արևմտյան Եվրոպայում և հաճախ է մասնակցում դետեկտիվ հեղինակների կազմակերպած միջոցառումներին: Մարգարիսի հայրը հայ գործարար էր, մայրը՝ հույն: Նա հաճախել է Ստամբուլի Սուրբ Գևորգ ավստրիական դպրոցը: Մի քանի տարի սովորել է Վիեննայում և Շտուտգարտում: Նա երկար տարիներ մոտ է եղել հայ համայնքի հետ, իսկ 1974թ. Հունաստանի մյուս հայերի հետ միասին դարձել է Հունաստանի քաղաքացի:
Մարգարիսը խոսում և գրում է հունարեն, թուրքերեն և գերմաներեն: Այժմ նա ապրում է Աթենքում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ