«Հայկական եւ ադրբեջանական խոհանոցները շատ նման են միմյանց եւ էականորեն տարբերվում են վրացականից: Բայց եթե մեկ հայի եւ ադրբեջանցու նստեցնենք իրար կողքի` նրանք կսկսեն վիճել, թե ո՞ր ազգին է պատկանում տոլման, եւ թե ո՞վ է ավելի լավ այն պատրաստում, իսկ թեժ բանավեճն, ի վերջո, կհանգի ծեծկռտուքի»,- այս համեմատությունն այսօր արեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն Ստեփան Գրիգորյանը` նկատելով, որ ամբողջ աշխարհում նմանությունները եւ ընդհանրությունները մարդիկ օգտագործում են միմյանց հետ առկա խնդիրները հարթելու, հնարավոր սպառնալիքները հաղթահարելու համար, մինչդեռ ադրբեջանական եւ հայկական կողմերը ղարաբաղյան կոնֆլիկտից արդեն 20 տարի անց այդպես էլ չեն կարողանում գոնե որոշ համաձայնություններ արձանագրել, հանգուցալուծման տարբերակներ գտնել:
Առիթը` Հայաստանում Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի կազմակերպած սկայպ-կոնֆերանսն էր, որի քննարկման խնդիրն էր սահմանամերձ շրջաններում փոխհրաձգության եւ լարվածության խորացումը եւ ԼՂ հակամարտության վրա դրա ազդեցությունը: Ադրբեջանական կողմից ասուլիսին մասնակցում էր «Զերկալո» թերթի մեկնաբան Նիջաթ Մելիքովը:
Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտության տրամաբանությունը, ընդհանրապես կոնֆլիկտը, այլ հարթություն է տեղափոխվել: Նա դիտարկումն արեց այն համատեքստում, որ եթե նախկինում խոսվում էր շփման գծում փոխհրաձգությունների եւ զոհերի մասին, այժմ առավելապես նման միջադեպեր են լինում Նոյեմբերյանի տարածաշրջանում: Առավել հաճախ ենք լսում Խոջալուի, Սումգայիթի դեպքերի մասին, Սաֆարովի արտահանձնումը եղավ, ակտիվ քննարկման թեմա է Ստեփանակերտի օդանավակայանի հարցը, մինչդեռ, հատկապես վերջին կես տարին, մադրիդյան սկզբունքների մասին մարդիկ կարծես մոռացել են: Այնինչ, դա պաշտոնական փաստաթուղթ էր, որի շուրջ լավ, թե վատ, ընդունելի կամ անընդունելի բանակցություններ էին ընթանում:
Քաղաքագետի կարծիքով, այս նոր իրավիճակը վատատեսության աստիճանն է բարձրացնում: «Այսօր շատ բարդ է օպտիմիստական մտքեր արտահայտել, իսկ այնպիսի բառերն, ինչպիսիք են կոմպրոմիսն ու փոխհամաձայնությունը, ադրբեջանական հասարակությունում չգիտեմ, բայց հայ հասարակության ընկալմամբ, մեղմ ասած, վիրավորանքներ են»,- ասաց Ստեփան Գրիգորյանը` առաջարկելով մտածել այն մասին, թե ինչ նոր բան կարող ենք մեկ-մեկու առաջարկել:
Կարդացեք նաև
Նիջաթ Մելիքովի համոզմամբ, բանակցությունների փուլը, ինչ-որ գործընթաց, ինչ-որ սկզբունքների շուրջ, որոնց հիմքով կարելի է նստել բանակցությունների սեղանին, եւ որն ընթանում է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում, բացառապես իմիտացիոն է: ԼՂ խնդրի հանգուցալուծման առումով նա խնդիրը տեսնում է երկու երկրների քաղաքական էլիտաների, ինչ-որ տեղ նաեւ գերտերությունների շահերի տեսանկյունից: Ու այս իրավիճակում, Մելիքովի կարծիքով, ինքնակարգավորում է ընթանում, ինչը, բնական է ու դրա արտահայտությունն են հենց սահմանային միջադեպերը:
ԼՂՀ խնդրի կարգավորման առումով բանախոսները ընդգծեցին նաեւ, այսպես ասած, արաքին ազդակների ազդեցությունը: Մասնավորաբար, հարցեր հնչեցին` ո՞վ եւ որքանո՞վ է շահագրգիռ հարցի կարգավորման մեջ՝ ընդգծելով ՌԴ-ի դերը: Բանախոսները համամիտ էին, որ հասարակական սեկտորում հարցի քննարկումները պետք է ակտիվացնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Խաղաղության եւ պատերազմի լուսաբանման ինստիտուտի: