Մաստարայի բնակիչը Աստված է կանչում, որ «Րաֆֆի Ռիչագովիչի» գործերը հաջող գնան:
«Պրիվետ, ախպե՜րսսսսս»,- այսօր Թալինում Րաֆֆի Հովհաննիսյանին հենց այսպես բարեւեց բնակիչներից մեկը՝ Ազատ Հարությունյանը՝ հետաքրքրվելով «Ժառանգության» առաջնորդից, թե իրեն տեղը չբերե՞ց:
Կարդացեք նաև
«Տեղը բերեցի, բերեցի»,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ծիծաղեց բարեւի այդ «ախպերական» տարբերակից:
Aravot.am-ը բնակչից հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է ճանաչում Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն, որ պիտի «տեղը բերեր»: Նա պատմեց, որ ինքը Մաստարա գյուղից է. «Մեր մոտ ինքը շատ է եկել: Եկել է մեր գյուղ, իրար հետ գնացել ենք Լենինական, Արթիկ, իրար հետ ման ենք եկել՝ մեր գյուղի ժողովրդով: Եղա՞վ, աղջիկ ջան: Տա Աստված, որ մեր Ռիչագովիչի գործերը հաջող լինեն, որ հաջող եղավ՝ մերս էլ լավ կեղի»: Մենք ճշտեցինք, թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհանիսյանին Ռիչագովիչ ասում: Ազատ պապը զարմացավ. «Ո՞նց, բա իրա պապայի անունը Ռիչագ չէ՞, Ռիչագովի տղա, էլի: Հա՜, անունը Ռիչա՞րդ ա, դե որ զոռ անում ես, գալիս ա Ռիչագովիչ, էլի»:
Թալինում եւ ընդհանրապես այսօր մարզային այցելությունների ժամանակ մարդիկ անընդհատ հարցնում էին՝ «ընկեր Հովհաննիսյան, առողջությունդ ո՞նց է»:
Ազատ Հարությունյանը նույնպես հարցրեց. «Առողջությունդ լա՞վ է»: Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասխան՝ ասաց. «Դուք լավ լինեք»: Մաստարայի բնակիչը «Ժառանգության» առաջնորդին նաեւ հրավիրեց իրենց գյուղ. «Բարով գաս, ախպեր ջան, արի, լավ կդիմավորեմ: Հանգիստ մնա, գառը ոտներիդ տաղ մատաղ անեմ»: Այս հյուրասիրությունը Րաֆֆի Հովհաննիսյանի սրտով չէր: Նա առաջարկեց մենյուն կազմել մածունից եւ մեղրից:
«Էլավ, ախպե՜ր ջան»,- համաձայնեց մաստարացին: Այս խոսակցության թեման փոխանցվեց հավաքի մասնակիցներին, որոնք սկսեցին քննարկել, թե որն է ամենալավ ուտելիքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ