Էջմիածնում Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց կաթողիկոսին, որ ապրիլի 9-ին «սուտ երդում» թույլ չտա:
Էջմիածնում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց, որ ժողովուրդն ապացուցել է, որ «մեր մթնոլորտը գաղջ չի»՝ պատասխանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին ասուլիսում արված այն դիտարկմանը, որ մարդիկ արտագաղթում են, քանի որ մթնոլորտը գաղջ է:
Ռուբեն Հակոբյանը խնդրեց մարդկանց ապրիլի 9-ին գալ Ազատության հրապարակ. «Այլեւս մենք չենք ենթարկվելու ֆեոդալական մտածողությամբ, կաղապարներով եւ իրենց շահով առաջնորդվող իշխանություններին: Մենք չենք վիրավորել որեւէ մեկին»:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ էջմիածինցիների հետ հանդիպմանը նշեց, որ խոսքի ժամն արդեն անցել է, եւ պիտի խոսքը վերածել համազգային գործի. «Օր չկար, որ 3 շաբաթ անընդմեջ Էջմիածնից ընկերներ, բարեկամներ չլինեին կողքիս, երախտագետ եմ այդ ուժի համար, շնորհակալություն»:
Կարդացեք նաև
Մարդիկ հետաքրքրվում էին, թե ապրիլի 9-ին ինչ է լինելու: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ «ապրիլի 9-ին ժամը 11-ին Ազատության հրապարակում մեկնարկում է նոր Հայաստանը: Դա իմ նախաձեռնությունը չէ՝ ձեր նախաձեռնությունն է՝ փետրվարի 18-ին»:
Նա նշեց, որ ով ստեց, ով կեղծեց, ով 30 արծաթի համար մատնեց, ով երդվեց Սուրբ գրքի վրա կեղծիքով ու ստով՝ նա չի երդվի. «Դա երդում չի: Դրա համար, երբ Սուրբ Հարության պատարագի ժամանակ, երբ ես Ազատության հրապարակից եկա պատարագի, որպես հայոց եկեղեցու հավատավոր որդի, լսեցի Վեհափառ հայրապետի քարոզը, պատարագը, մի նախադասություն կար՝ թող ոչ մեկը իր սեփական ճշմարտությունը չպարտադրի ուրիշին կամ ժողովրդին: Ես վստահ եմ, որ նա խոսում էր Սերժ Սարգսյանի մասին: Ես վստահ եմ: Որովհետեւ ժողովուրդն արդեն խոսել է հույսի, հավատի, ճշմարտության ճանապարհով»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ մայր եկեղեցին պետք է լինի պետությունից անկախ եւ չպետք է թույլ տա, որ որեւէ մեկը չարաշահի եկեղեցու սրբությունը, Աստվածաշնչի պատգամը, սուտը եւ կեղծիքը եւ ժողովրդի ձայնն ընտրագողության ենթարկելու նպատակով. «Այնպես որ, խնդրում եմ՝ որպես ՀՀ քաղաքացի եւ որպես փետրվարի 18-ին հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության վստահության քվեն ստացած որդի, Վեհափառ հայրապետ, սուրբ դարպասներից այն կողմ եկեղեցին բարձր պահեք: Սուտ երդում թույլ չտաք՝ հանուն մեր ժողովրդի: Անգամ իշխանական տվյալներով՝ Էջմիածինը հաղթեց փետրվարի 18-ին: Պատկերացրեք, որ հիմա բացեն քվեատուփերը, կտեսնեն, թե ինչ համոզիչ հաղթանակ տվեց հայ ժողովուրդը՝ փետրվարի 18-ին: Ազգային միասնությունը նժարի վրա է, խորանի վրա է, եւ մենք ապրիլի 9-ին ամեն ինչ անելու ենք՝ այդ միասնության հասնելու համար: Երբ չի լինում ճար, խենթերն են փնտրում հնար»:
Այս հանդիպումը հեռարձակվում էր civilnet.am-ի ուղիղ եթերով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ