Նա Արմավիրում հավատացնում էր, որ Հայաստանում գործարարների «հերն անիծում են»:
«Մեզ ասում են, որ պետք է շատ կտրուկ քայլեր անել: Հավատացեք, որ լուրջ բանի համար պայքարը ժամանակ եւ համբերություն է պահանջում, նաեւ հավատամք եւ վստահություն: Մենք ուզում ենք, որ առանց ցնցումների, առանց արյունահեղության իրականացնենք մեր պայքարը»,- քիչ առաջ Արմավիրում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա պատմեց, որ Գյումրիում մարդիկ են մոտեցել եւ խնդրել գործարարների խնդիրներից խոսել. «Տոտալ քարոզչություն է գնում գործարարների մոտ, որ Րաֆֆին իր թիմով գալիս է, որպեսզի խլի ձեր հարստությունը եւ թույլ չտա, որ դուք աշխատեք: Հավատացնում եմ ձեզ, որ այսօր գործարարների հերն անիծում են»:
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ նրանք, ովքեր վախեցնում են գործարարներին, որ Րաֆֆի Հովհանիսյանի թիմը գալիս է իրենց նեղելու, պարզ շանտաժ են անում եւ դեմագոգիա. «Ես հասկանում եմ այն գործարարներին, որոնք ստիպված մանդատ են ձեռք բերում ԱԺ-ում, որովհետեւ օրենքը չի գործում, ինքը պաշտպանված չի: Չինովնիկը կարող է գործարարի հերն անիծել, իսկ օրենքը նրանց չի պաշտպանում: Ստիպված նրանք ձեռք են բերում մանդատ, որպեսզի էդ մանդատով իրենք իրենց պաշտպանեն: Ես 4 անգամ պատգամավոր եմ եղել ԱԺ-ում, գիտեմ, որ մարդիկ կան, որոնք խոսափող կոչվածի նկատմամբ, եթե չասեմ ալերգիա ունեն, ցանկություն չունեն մոտենան: Տարիներով նստում են խորհրդարանում, ոչ մի բան չեն ասում: Ես նրանց հասկանում եմ, որովհետեւ կորցնելով մանդատը, իրենց գործարանն ու գործարարությունը կկորցնեն, ինչպես շատ շատերը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ապրիլի 9-ի հավաքին՝ Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց արմավիրցիներին, որ այդ հավաքն իրազեկված է, ուստի ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել իրենց տեղաշարժը Երեւան:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ վստահեցրեց, որ այս գործող իշխանությունը, հին Հայաստանը արդեն հոգեվարքի մեջ է. «Վերջին շունչերի մեջ , եւ ժողովուրդն իրեն ձեռք է մեկնում: Ոչ մեկի նկատմամբ չարությամբ լցված չեմ: Բայց մի բան պարզ լինի՝ ով տա կեղծ երդում ապրիլի 9-ին, ինքը բռնազավթում է հայ ժողովրդի ձայնը, իրավունքը եւ իշխանությունը: 1 շաբաթ է մնացել, որ ազգովի խելք-խելքի տանք, պարոն Սարգսյանը վեր կանգնի իր կուսակցականացված շրջապատից: Ճշմարտությոuնը, որ քրիստոնեական վարդապետություն է, հաղթել է փետրվարի 18-ին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ