Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատկատների» գործով նախկին պաշտոնյան ԱԺ օրենքներին եզրակացություններ է տալիս

Ապրիլ 02,2013 18:04

Aravot.am-ի տեղեկություններով`մի քանի ամիս է, ինչ ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում որպես փորձագետ է ընդգրկվել Արա Տեր-Գրիգորյանը (լուսանկարում), ում անունը հաճախ է կապվում «ատկատների» գործի հետ:

Նշենք, որ նա 2000-ից զբաղեցրել է Առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետի պաշտոնը, սակայն իր դիմումի համաձայն`2012-ի մայիսին նա ազատվեց այդ պաշտոնից: Պ

արոն Տեր- Գրիգորյանի` աշխատանքից ազատման դիմումն անմիջապես հաջորդեց նրան, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցության ժամանակ հայտարարեց, թե առողջապահական հիմնարկները ստվերում են գործում, բուժհիմնարկները թաքցնում են իրական հաշվետվությունների ծավալը:

Հիշեցնենք, որ ՊԱԳ-ը այն մարմինն է, որն իրականացնում է պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների մասին պայմանագրերի կնքումը, հիվանդանոցների կողմից պետպատվերի շրջանակներում կատարված աշխատանքների որակի և ծավալի սահմանված չափանիշներին համապատասխանության վերահսկումը:
Ա. Տեր-Գրիգորյանը առողջապահական բնագավառում համարվում է «ամենաերկարակյացներից»: Նա աշխատել է կուսակցական տարբեր պատկանելություն ունեցող առողջապահության նախարարներ Արարատ Մկրտչյանի (ներկայումս՝ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ), դաշնակցական քվոտայով նախարարի պորտֆել ստացած Նորայր Դավիդյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Քուշկյանի հետ։ Ա. Տեր-Գրիգորյանին հաճախ կապում են ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի անվան հետ` նշելով, թե Տեր-Գրիգորյանը Առողջապահության նախարարությունում Ա. Բաբլոյանի «մարդն» է և ով մեծապես խթանել է Ա. Բաբլոյանի առողջապահական բիզնեսի ծաղկմանը:

Aravot.am-ը ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեց` արդյոք նպատակահարմա՞ր է այն, որ անձնավորությունն, ում անունը կապվում է «ատկատների», պետական միջոցների ոչ ճիշտ բաշխելու հետ, այժմ ընդգրկված լինի ԱԺ հանձնաժողովում և օրենսդրական եզրակացություններ շարադրի:

Նշված հարցերի կապակցությամբ, պարոն Բաբլոյանը փոխանցեց հետևյալը. «Եթե ամեն մարդ ՀՀ-ում աշխատեր այնպես, ինչպես Արա Տեր-Գրիգորյանն է աշխատում, մենք մեծ առաջընթաց կունենայինք: Նախ նա մինչև դիմում գրելը բազմիցս դիմել էր նախարարին, որ իրեն այլ աշխատանքի տեղափոխեն, քանի որ գտնում էր, որ բավականին երկար է աշխատել այդ պաշտոնում և հոգնել այդ պաշտոնից: Ես բարձր եմ գնահատում իր արժանիքները և փորձը: Ինչու չպետք է առողջապահության նման մի փորձառու կազմակերպիչը` որպես փորձագետ, օգտագործվի կարևոր գործի մեջ, ինչպիսին է օրենսդրական գործունեությունը:

Եթե ինչ-որ մեկը, ինչ-որ ատկատների մասին է խոսում, ես նրանց ուզում եմ ասել, որ նման բան չկա, եթե լիներ էլ, մենք լավ գիտենք, որ բոլոր տեսակի հնարավորություններն ունենք մարդկանց պատժելու:

Որևէ մեկը նրան չի ազատել աշխատանքից, ինքն իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: Իսկ մեր` միասին աշխատած ժամանակը, ՀՀ-ի ամենածանր ժամանակն էր` 1991-1997-ը: Այդ ժամանակ Արայի հետ կարողացել ենք ապահովել ամբողջ բանակի վիրավորների սպասարկումը մեր հիվանդանոցներում: Միասին այցելել ենք տարբեր երկրներ, որ դեղեր բերենք հասցնենք, բազում ծրագրեր ենք իրականացրել, որ տուժածներին պատերազմի ժամանակ օգնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930