«Ինչքան հիշում եմ, լավ քաղաքապետ, որը կկարողանա պահպանել տարածքները, չենք տեսել: Բոլորը ապրում են Երեւանում, աչք ունեն Երեւանի վրա, ամենաթանկ տարածքն է, ամենաթանկ բնակարանները: Եթե այդպիսի ճնշում կա, շատ դժվար կլինի քաղաքապետին ընդդիմանալ այդ ճնշմանը: Ցավոք սրտի, ամենաբարդ խնդիրների լուծման համար քաղաքական կամք է պետք: Այդ ի՞նչ պետք է անի քաղաքապետը, եթե վերեւից իրեն հրաման են տալիս: Այս առումով մենք երբեք էլ լավ քաղաքապետ չենք ունեցել , որովհետեւ իշխող կուսակցությունը իր հրամանով ոչնչացնում է Երեւանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Ինգա Զառաֆյանը:
Նա չցանկացավ նշել, թե ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքապետի թեկնածուներից ով ավելի օգտակար կլինի քաղաքի համար. «Եթե իշխող կուսակցությունը այդպես համոզված է, որ ինքը պետք է վերցնի ընտրողների ամենամեծ ձայները եւ էլի շարունակի իր քաղաքականությունը, ես կարող եմ ասել, որ այդ քաղաքականությունը ուղղակիորեն ոչնչացնում է Երեւանը: Ով էլ լինի՝ պետք է փոխի այդ քաղաքականությունը, այդ մոտեցումը: Կենտրոնը շատ վատ վիճակում է: Մեր դեմքը` Երեւանը, ամեն րոպե կարող է քանդվել ու մտնել հողի տակ, որովհետեւ բոլորը գիտեն, որ այդ շենքերը կառուցված են ոչ ճիշտ նորմերով… այդ խոշոր շենքերում հիմա ոչ ոք չի ապրում, բա որ հանկարծ մարդիկ էնտեղ մտնեն: Ի՞նչ պետք է լինի էդ կենտրոնի հետ: Կոմունիկացիաները չեն դիմանա, էլ չեմ ասում, բա որ, Աստված չանի, սեյսմիկ ցնցում լինի»:
Տիկին Զառաֆյանն արդեն ոչ թե ուրախանում, այլ հիասթափվում է, երբ քաղաքի կանաչապատման մասին խոստումներ է լսում. «Այդ արտահայտությունն ինձ համար էլ է արդեն անդուր: Կանաչ տարածք ասում են, ոնց որ փուչ բառեր լինեն: Կանաչ տարածք չունենք, բայց խոսում ենք կանաչ տարածքների մասին: Մի հատ խոտերով ինչ-որ բան են ծածկում, ասում են կանչ տարածք, խոտի վրա շենք են կառուցում, էլի ասում են կանաչ տարածք»:
Տիկին Զառաֆյանը ինչպես չի հավատում կուսակցությունների խոստումներին, այնպես էլ կարգախոսներին. «Կարգախոսներին ընդհանրապես չեմ հավատում: Հավատում եմ իմ աչքերին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը` PanArmenian Photo-ի