Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր սփյուռքահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին տեղեկացրել է ՀՀ Գլխավոր դատախազությունից գործը վերահսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը:
Սփյուռքահայ գործարարի փաստաբանը գործի Հատուկ քննչական ծառայություն տեղափոխումն այսպես է մեկնաբանում. <<Եթե գործը հասել է Հատուկ քննչական ծառայություն, դա նշանակում է, որ պաշտոնատար անձինք են հարցաքննվելու, դա էլ իր հերթին ենթադրում է, որ այս գործի հետ իսկապես առնչություն ունեն պաշտոնատար անձինք` այն ինչ մենք արդեն մի քանի տարի է հայտարարում ենք և սա էր հիմնական հանագամանքը, որ մինչ օրս կանխել է Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության սնակացման գործի բացահայատումը>>:
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը ևս բազմիցս հայտարարել է, որ այստեղ գործ ունենք` սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունըվայելող և անպատժելիության <<բարենպաստ>> պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը:
Նշենք, որ ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունն արդեն ավելի քան 2 տարի է, ինչ շարունակաբար ձգձգում էր ամերիկահայ գործարարին պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2 տարի տևած նախաքննության արդյունքում, սակայն, մինչ վերջերս ոչ մեղադրյալներ էին առաջ քաշվել, ոչ էլ կասկածյալներ: Շուրջ 15 օր առաջ միայն ՊԵԿ-ում հարցաքննվելուց հետո այս գործով ձերբակալվեց շինարար Վլադիսլավ Մանգասարյանը` նույն անձը, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում էր իր հիմնադրած «Արին կապիտալ>> ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարները յուրացնելու մեջ: Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և կանխամտածված սնանկության համար: Նա ներգրավված է մի քանի քրեական գործերում ևս և այժմ կալանքի մեջ է:
Կարդացեք նաև
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ