Այսօր «Էրեբունի» թանգարանում ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը» լրագրողներին հայտարարեցին մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի մեկնարկի մասին:
BSSRC-ն երկամյա նախաձեռնություն է, որը կոչված է խթանելու զբոսաշրջության զարգացումը մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի չորս երկրների` Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Հայաստանի 173 համայնքներում:
Aravot.am-ի հետ զրույցում «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» հ/կ-ի փոխտնօրեն Բելլա Կարապետյանը նշեց, որ BSSRC-ի համաձայն` 2013-2015 թթ ընթացքում Հայաստանի պատմամշակութային եւ բնական զբոսաշրջության 43 վայրերում կտեղադրվեն ուղղորդիչ նշաններ եւ տեղեկատվական վահանակներ, որոնք բազմալեզու տեղեկատվություն կտան զբոսաշրջային վայրի մասին:
«Ծրագիրը ոչ միայն պատմամշակութային նշանակություն ունի, այլեւ ենթադրում է համայնքային զարգացում: Այսինքն, այն համայնքները, որոնք գտնվում են նշված 43 վայրերի տարածքում, նույնպես կներգրավվեն ծրագրում եւ մասնակից կլինեն համայնքային զարգացմանը: Մասնավորապես, ստեղծվելու է տեղեկատվության բազա, որում համայնքները կարող են գրանցել իրենց տուրիստական ծառայությունները, որոնց մասին զբոսաշրջիկները սմարթֆոնի միջոցով վահանակի վրա կկարողանան կարդալ, ինչպես նաեւ` հուշարձանի մասին ինֆորմացիա ստանալ»,-ասաց Բելլա Կարապետյանը:
Կարդացեք նաև
Նա հայտնեց, որ 43 պատմամշակութային եւ զբոսաշրջության վայրերը գտնվում են Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում:
Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ BSSRC-ը կայք կունենա, որը կընդգրկի հուշարձանների, համայնքների եւ ծառայությունների մասին ինֆորմացիա:
BSSRC-ը Հայաստանում իրականացնում է «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը»` Եվրամիության սեւծովյան համագործակցության ծրագրի եւ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի ֆինանսավորմամբ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ