Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում խախտվում է միավորումների և արտահայտման ազատության իրավունքը

Ապրիլ 02,2013 16:43

2013 թ. մարտի 29-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Մինասյանի որոշմամբ կարճվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նկատմամբ 2012 թ. ապրիլի 16-ին հարձակման գործով քրեական գործի վարույթը:

2012 թ. ապրիլի 16-ին` առավոտյան ժամը 10-11-ի սահմաններում, 200-ից ավելի քաղաքացիներ, որոնց թվում` Լոռու մարզպետարանի պաշտոնատար անձինք, մի շարք կրթական հաստատությունների ուսանողներ, «Երկրապահ» կամավորական միության անդամներ, կազմակերպեցին ցույց` ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի` 2012 թ. ապրիլի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածքում «Խաղաղասիրական նախաձեռնության Կովկասյան կենտրոնի» կողմից նախատեսված ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման դեմ:

Ցույցն ուղեկցվեց սպառնալիքներով, բռնություններով, որի արդյունքում տուժեց և՛ կազմակերպության գույքը, և՛ կազմակերպության աշխատակիցը: Եվ այդ ամենը տեղի էր ունենում ոստիկանության աշխատակիցների աչքի առջև և նրանց ակնհայտ անգործության պայմաններում:

Քննչական մարմինների կողմից երկրորդ անգամ ընդունվում է քրեական գործ չհարուցելու մասին որոշում, որով ակնհայտ հովանավորում են հասարակական կազմակերպության գործունեության նկատմամբ բռնություններ կատարողներին` խրախուսելով նրանց կատարելու նմանատիպ նոր հանցագործություններ:

Միջազգային հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Human Rights Watch, Amnisy International, Freedom House, ինչպես նաև հայաստանյան կազմակերպություններ դատապարտել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դեմ իրականացված հարձակման փաստը:

Ավելին, միջազգային իրավական կազմակերպությունները որակել են դա որպես արտահայտման ազատության և միավորումների իրավունքի սահմանափակում և խոչընդոտում: Քննչական մարմիններն իրենց որոշմամբ խախտել են միջազգային պայմանագրերով և ՀՀ Սահմանադրությամբ միավորումների և արտահայտման ազատության իրավունքը, պատշաճ և օբյեկտիվ գնահատական չեն տվել իրավապաշտպան կազմակերպության դեմ հարձակման փաստին, որը ՀՀ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածով քրեորեն հետապնդելի արարք է:

Մենք կդիմենք ՀՀ դատական ատյաններ` բողոքարկելու քննիչի կողմից ընդունված ակնհայտ ապօրինի որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ իրավապաշտպան կազմակերպության և նրա անդամների, աշխատակիցների նկատմամբ հետագա ոտնձգության յուրաքանչյուր փաստի անմիջական պատասխանատվությունը կրելու են ՀՀ ոստիկանությունը և նրա աշխատակիցները, որոնք ոչ թե կատարել են և կատարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականությունները, այլ խրախուսում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նկատմամբ ոտնձգություն կատարողներին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930