Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Անանյան. Մանկական գիրքն է մեր առաջին ուսուցիչը, դաստիարակը

Ապրիլ 02,2013 16:33

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և մանկագիր Սուրեն Մուրադյանը խոսեցին մանկապատանեկան գրականության ձեռքբերումների և հիմնախնդիրների մասին:

Արդեն 70 տարի է, ինչ նշվում է Մանկական գրականության շաբաթը: Դեռ պատերազմի թոհուբոհի մեջ, 1943թ-ին ռուսները ձեռնարկեցին այս նախագիծը` հաշվի առնելով մատաղ սերնդի դաստիարակության կարևորությունը: Հայաստանը նույնպես սկսեց մեծ շուքով նշել այդ տոնը, բայց անկախությունից հետո մոռացության տրվեց մանուկների եզակի տոնակատարությունը: Ավելի ուշ՝ 2002թ-ին վերականգնվեց:

Սովորաբար այս տոնը նշում են մարտի վերջին, բայց հաշվի առնելով դպրոցներում տիրող գրիպի համաճարակը` այն տեղափոխվեց այս շաբաթ: Ապրիլի 2-ից մեկնարկում է Մանկական գրականության շաբաթը և կտևի մինչև ապրիլի 5-ը: Սա էլ իր խորհրդանիշն ունի, քանի որ ապրիլի 2-ը դանիացի մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է և շաբաթը հագեցած է տարբեր միջոցառումներով:

ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ասաց. «Այս տոնի առթիվ հատկապես մեծ գործ են կատարում մեր գրադարանները: Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը, Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանը, ինչու չէ՝ նաև Ազգային գրադարանը: Խնկո Ապոր գրադարանն այս տարի շեշտը դրել է կենդանի հանդիպումների վրա: Իսահակյանի անվան գրադարանն էլ որոշել է շաբաթը նշել մեր մանկական պատանեկան գրականության երախտավորների հոբելյաները նշելով»:

Ըստ սոցհարցումների` ամենասպառվողն այսօր մանկական գրականությունն է, որն էլ  հաղթահարում է ընթերցանության ճգնաժամը: Լևոն Անանյանն ասաց, որ  հրատարակչությունները մեծ աշխատանք են տանում: Մանկական գրականությունը` և՛ դասական, և՛ ժամանակակից,  տպագրվում է, քարոզվում և շահութաբեր ոլորտ է:

«Բայց ամենացավոտ հիմնախնդիրներից մեկը պետք է համարենք այն, որ մանկագիրների համայնքը ծերացել է, ոչ թե գրականության որակը, այլ ուղղակի տարիքը` միջինը 60-70 տարեկան են: Եվ մենք այսօր չունենք երիտասարդ մանկագիրներ, գրողներ շատ ունենք, նույնիսկ գերարտադրանք ունենք»,- ասաց գրողների միության նախագահը:

Մանկագիր Սուրեն Մուրադյանն էլ հավելեց. «Այսօր գրքերը 500 օրինակից ավել չի տպագրվում: Լավագույն դեպքում կարող է 1000 օրինակ տպագրվել: Երևանում է հիմնականում սպառվում, քիչ է հասնում Գյումրի, էլ չեմ ասում, որ ընդհանրապես գյուղերը չեն հասնում: Ես կառաջարկեի, որ ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցեր, որ գրքերի տպաքանակները բարձրանային և պարտադիր գոնե ամեն մի դպրոցին 2 գիրք տային, որ իրենց գրադարանում լիներ և բոլորը կարդային»:

Գիրք չկարդալու հետևանքն էլ սա է: Մանկագիրը պատմում է, որ քննության ժամանակ մի ուսանողի հարցրել է, թե Գիքորը որտեղից գնաց որտեղ և նա պատասխանել է. «Դե գյուղից գնաց Փարիզ»:

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930