Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. Ռուբեն Գեւորգյանցը կոմունիստների ժամանակ կոմունիստ էր, մասոնների ժամանակ՝ մասոն

Ապրիլ 02,2013 16:19

Կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը դեռ կինոմիության նախորդ նախագահի օրոք է հրաժարվել այդ միության անդամությունից: Ինչ վերաբերում է ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի եռակի ընտրվելուն, Aravot.am- ի հետ զրույցում պարոն Խզմալյանը կարծիք հայտնեց. «Եթե մեր երկրում նախագահներն են ընտրվում բացահայտ կեղծիքներով, ինչո՞ւ պետք է այլ կառույցի նախագահը, հատկապես կինոմիության, չհետեւի իրենց օրինակին: Դա բոլորովին զարմանալի չէ, առավել եւս, որ Ռուբեն Գեւորգյանցն իսկապես մեր ժամանակի հերոսն է, եւ եթե ինքը ֆիլմ չնկարի, ժամանակը կգա, իր մասին կնկարահանեն ֆիլմ՝ որպես մարդու, որը միշտ գործել է ժամանակին համընթաց: Կոմունիստների ժամանակ Ռուբեն Գեւորգյանցը կոմունիստ էր, ժողովրդավարների ժամանակ՝ ժողովրդավար, ազգայնականների օրոք՝ ազգայնական, մասոնների ժամանակ էլ՝ մասոն: Դա երեւի այն հատկանիշն է, որն իրեն թույլ է տալիս մնալ ստեղծագործական միության նախագահ, հատկապես այն միության, որի վերջին տասնամյակների ստեղծագործական արդյունքները բոլորիս հայտնի են»:

Խոսելով Կինեմատոգրաֆիստների միության անդամությունից իր՝ հրաժարվելու մասին, Խզմալյանը հավելեց. «Դա այն ժամանակ էր, երբ նախորդ նախագահությունը պարոն Իսրայելյանի նախագահությամբ պատրաստվում էր վաճառքի դնել կինոտունը: Իմ եւ եւս 5 հոգու բարձրացրած աղմուկի շնորհիվ այդ գործարքը տապալվեց: Բայց մյուս նախագահությունը՝ հանձին պարոն Գեւորգյանցի, շատ ավելի հմուտ եւ իմաստուն գործեց՝ ոչ մի աղմուկ չբարձրացրին, բայց վաճառեցին կինոտունը՝ առանց սկանդալների, հետո նույն ճակատագիրը վիճակվեց կինոմիությանը պատկանող մի տպագրական գործարանի, Դիլիջանի ստեղծագործական տանը, որը հանրային սեփականություն էր: Դրա փոխարեն, ասում են իրենք՝ Գեւորգյանցը եւ եւս մի քանի հոգի, 2-3 բնակարան ստացան, իսկ միության անդամներին ընդամենը յուղ ու բրինձ բաժանեցին եւ խոստումներ: Այդ ամենին գումարվեց նաեւ «Հայֆիլմի», «Երեւան» կինոստուդիայի եւ ընդհանրապես հայ կինոյի ճակատագիրը»:

«Կինը» միջազգային կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ չէ, բայց ինչպես ինքն է նշում Aravot.am-ի հետ զրույցում, կուզենար անդամակցել. «Չգիտեմ դա ինչ կտար ինձ, ամեն դեպքում մասնագիտական վստահություն կներշնչեր, որ որպես մասնագետ կայացել ես: Գուցե այդ միությունը նաեւ տար ավելի մեծ հնարավորություն իմ փառատոնին»:

Իբրեւ կողքից դիտող, տիկին Օհանյանը չի կարող գնահատել այդ կառույցի աշխատանքը, բայց մյուս կողմից՝ նորմալ չի համարում, որ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը վերընտրվում է երրորդ անգամ:

Համագումարին մասնակցած կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանից, ում Facebook-ով եւս հարցեր էինք ուղարկել, եւ որոնց ինքը չէր պատասխանել, խնդրեցինք տպավորություն հայտնել կինոմիության վերջին համագումարի մասին: Նա ասաց, որ հարմար տեղում չէ եւ խոստացավ ամեն ինչի մասին խոսել 3 օրից՝ հարմար առիթով: Խնդրեցինք գոնե պատասխանել հետեւյալ հարցին՝ իրեն խոստացել էին ընդգրկել վարչության կազմում, սակայն չեն ընդգրկել, ո՞րն է դրա պատճառը: «Ոչ ոք չի խոստացել… Սխալ մոտեցում է, եթե ասենք խոստացել են: Դա նշանակում է՝ եթե մի բան խոստացել են, ուրեմն մի բան էլ դու պետք է անես» :

Իսկ նորմա՞լ է, երբ պարոն Գեւորգյանցը 3-րդ անգամ է վերընտրվում: «Ոչ, աննորմալ է»,-հակիրճ ասաց ռեժիսորը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930