Այսօր մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Պաշտպանի աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ Գյումրի քաղաքում նշեցին Պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակների հիմնադրման մեկամյա տարելիցը, որտեղ Պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց նաև 2013 թվականի նախագահի ընտրությունների վերաբերյալ պաշտպանի արտահերթ զեկույցը: Միջոցառմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Պաշտպանի աշխատակազմի հետ համգործակցող այլ միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար անձիք:
Մեկ տարի առաջ հանրապետության 6 մարզկենտրոններում, մասնավորապես` Վանաձորում, Գավառում, Իջևանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում հիմնադրվեցին Պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակները: Մարզային գրասենյակները հիմնվել են «Հայաստանի Հանրապետությունում 2012-2013 թվականների ընտրությունների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում»-ի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության և իրականցվում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: Ծրագիրը մաս է կազմում 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի, որը միտված է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացի հզորացմանը: Սույն ծրագրի շրջանակներում 278 150 եվրո հատկացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին: Գրասենյակների ակտիվ գործունեության շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի հեռավոր մարզկենտրոններում, գյուղերում և համայնքներում մի շարք քաղաքացիներ կարողացան վերականգնել իրենց խախտված իրավունքները, ստանալ իրավաբանական խորհրդատվություն և օգտվել գրասենյակի այլ ծառայություններից։ Պաշտպանի վեց մարզային գրասենյակները մասնակցել են ինչպես խորհրդարանական և նախագահական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ իրականացնելով մշտադիտարկում, արագ արձագանքում և տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն: Այս ժամանակահատվածում վեց մարզային գրասենյակներում էապես աճել է դիմումատուների թիվը՝ Լոռի՝ 219.3%, Շիրակ՝ 209,1%, Գեղարքունիք՝ 207%, Վայոց Ձոր՝ 200%, Տավուշ՝ 97.2%, Սյունիք՝ 93.2%:
ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի աջակցությունը Պաշտպանի մարզային գրասենյակներին կավարտվի այս տարի, քանի որ Պաշտպանը հրաժարվել է բոլոր միջազգային դրամաշնորհներից: Այս ծավալներով 6 մարզային գրասենյակների մեկ տարվա գործունեության համար անհրաժեշտ է մոտ 60 միլիոն ՀՀ դրամ /110 000 եվրո/: Հուսանք, որ ՀՀ Կառավարությունը այս տարի կբավարարի Պաշտպանի բյուջեի հավելման հայտը, և մարզային գրասենյակները իրենց գործունեությունը կշարունակեն նաև 2014 թվականին:
Պաշտպանի աշխատակազմ