Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՕՄ-երը պարազիտի նման նստել են գյուղացու վզին (Տեսանյութ)

Ապրիլ 02,2013 16:08

Հրաչ Բերբերյանի կարծիքով` 1 միլիոն դոլարով ստեղծվեց 9 խորքային հոր, մինչդեռ այդ գումարով հնարավոր էր ստեղծել 30 հոր:

Գյուղացին պետք է օրենքով պաշտպանված լինի, որպեսզի մթերող կազմակերպությունները չկարողանան տարիներով գյուղացիների պարտքերը ձգձգել: Այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, ավելացնելով, որ Արտաշատի եւ Իջեւանի գյուղացիներին մթերող կազմակերպությունները, վերցրած գյուղմթերքի դիմաց, գյուղացիներին խոշոր պարտքեր ունեն:

Պարոն Բերբերյանը խոսելով գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից, նշեց նաեւ, որ անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ինչ տեսակի գյուղմթերք է պետք

Հայաստանին, հետո նոր ներկրել. «Անցյալ տարի 4.500 տոննա խոզի միս է ներկրվել, այդքանը մեզ պե՞տք էր, արդյոք չէինք կարող դա մենք արտադրել, իհարկե կարող էինք: Խոսում են գլխաքանակի աճի մասին, չե՞ն ամաչում»:

Պարոն Բերբերյանի կարծիքով, գյուղնախարարության ԾԻԳ-երում աշխատում են գյուղատնտեսությունից հեռու մարդիկ. «Նրանց ծրագրերը, որոնք համաձայնեցված են միջազգային կազմակերպությունների հետ, դրանք պետք է համաձայնեցվեն ֆերմերների հետ: Ջրատարի ծրագիր են անում, արդյոք դա գյուղացուն պետք է, ասենք թե խմոցներ են դնում անասունների համար, արդյոք դա պետք է, կամ արոտավայրերը նրանք օգտագործո՞ւմ են ակտիվ, կամ կոոպերատիվներ ստեղծեցին, կնիքներ բաժանեցին, բայց էսօր գործո՞ւմ են դրանք, լուրջ գումարներ են ծախսվել: Այդ վարկային գումարները պատահական մարդուն չպիտի տան, որ գնա իր առողջական վիճակը բուժի: Օրինակ, երբ քննարկվում էր ինչ ցեղատեսակի ցուլեր ներկրվեն Հայաստան, իրանք կանգնել էին մի ցեղատեսակի վրա, որ շատ նման էր մեր կովկասյան գորշին, ես էլ ասում եմ` էդ ցեղը ստեղ բարելավենք, ասում են` չէ, պետք է ընդեղից բերենք, գումարն իրենցն է, ինչ ուզում անում են: Կամ էլ` 1 միլիոն դոլարով ստեղծեցին 9 խորքային հոր, իսկ այդ գումարով կարող էին ստեղծել 30 հոր»:

Aravot.am-ի հարցին՝ հազարամյակի մարտահրավերներ ծրագրով գյուղացիների դասախոսության համար 16.6 միլիոն դոլար է ծախսվել, որքանո՞վ են արդյունավետ եղել այդ դասախոսությունները եւ ինչ արդյունք են տվել, պարոն Բերբերյանն ասաց. «Ճիշտն ասած` ես տեղյակ չեմ, հասարակությունն էլ տեղյակ չէ, գուցե լոկալ ծրագրեր են արել, մի արդյունք, որ լիներ, մենք կիմանայինք, թե տեղում ինչ ուսուցում են արել, դա էլ մնում է իրենց խղճին»:

Պարոն Բերբերյանի դիտարկմամբ ջրօգտագործողների միավորումներ (ՋՕՄ) ստեղծելն ուղղակի խեղկատակություն է, քանի որ դրանց, պետությունը 4.5 դրամով է տալիս ջուրը, իսկ ՋՕՄ-երը 13 դրամով վաճառում են գյուղացիներին. «ՋՕՄ-ը պարազիտի պես նստել ա գյուղացու վզին ու ասում ա չէ` 13 դրամով եմ վաճառում: Հիմա ես ասում եմ` եկեք կամ գյուղապետարանի միջոցով, կամ գյուղացու միջոցով միավորումներ ստեղծենք , հիմա տեսեք`ասենք թե մի գյուղը միջին հաշվով օգտագործում է 10 միլիոն խորանարդ լիտր ջուր, արդյունքում ի՞նչ ունենք, եթե ջրի վրա նույնիսկ 1 դրամ ավելացնենք, 10 միլիոն դրամ ջրաբաշխին փող ենք դուրս գրում, էդ ո՞ր ջրաբաշխն է ամիսը 1 միլիոն դրամ ստանում, այսինքն` ներտնտեսային ցանցը մաքրելու համար: Հասարակ բան, միգուցե էդ մարդիկ` գյուղացիները, շաբաթօրյակ են անում ու անվճար իրենք իրենց ցանցը մաքրում են: Օրենքի խախտումով ներտնտեսային ցանցը, գյուղացու գույքը նվեր են տվել ՋՕՄ-երին, էն էլ ասում ա` էսօր ջուր կտամ, վաղը չեմ տա: Եկեք էդ ՋՕՄ-երը հանեք, թող գյուղապետարանները կամ գյուղական միավորումները պայմանագիր կապեն: Հիմա մի հատ խոշոր ֆերմեր գնում ա ասում ա՝ ինձ առանձին 4.5 դրամով ջուր տուր, չի տալիս, հենա 13 դրամով կվաճառեն»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930