«Մենք նայում ենք վերջին տարիների ամեն ամսվա մոնիտորինգ կենտրոնի տվյալները, Սեւանա լճում առկա վանադիումի պարունակությունը 5-6 անգամ գերազանցում է PDK-ն: Այդ ի՞նչ խմելու ջրի պոտենցիալ պաշար պետք է ունենանք, երբ որ վանադիումը խմելու չէ: Ի՞նչ ձկնային պաշար բազմացնենք, երբ այդ ձկները պետք է իրենց մեջ կուտակեն այդ ծանր մետաղները: Ոչ մեկը պատասխանատվություն չի կրում: Այդ հարցը պե՞տք է պետական մակարդակով դրված լինի, թե՞ չէ… որտեղի՞ց է գալիս այդ վանադիումը, եկել է, որովհետեւ բաց եղանակով շահագործում ենք տարբեր հանքավայրեր, որտեղից էլ դուրս է գալիս»,- այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում Սեւանի հարցով քննարկումից դուրս ասաց բնապահպան Ինգա Զառաֆյանը:
Մեր հարցին, թե Սեւանա լիճը կկարողանա՞ մտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցուցակում, տիկին Զառաֆյանը պատասխանեց. «Ես չգիտեմ: Ողջունում եմ այդ նախաձեռնությունը, բայց եթե մենք չկանգնենք, ոչ ոք չի փրկի: Շանսեր կան, բայց առաջին հերթին սա մեզ է պետք… 35 միլիարդ խորանարդ կուբամետրից ի՞նչ պետք է լինի տասը տարուց հետո, չգիտեմ: Երեւի ազգով պետք է գնանք Մաշտոցի այգու նման պառկենք, պաշտպանենք, որ ոչ ոք չաղտոտի Սեւանը: Սեւանի մասին շատ են խոսում` տարբեր կառույցներ պետք է զբաղվեն դրա պահպանությամբ, բայց տեսնում ենք, որ շատ դժվար է: Փողը, բիզնեսը մտնում է Սեւան եւ իր սեւ գործն է անում: Ոչ ոք չի գնահատում: Միայն խոսում են, որ ունենք պոտենցիալ խմելու պաշար, քաղցրահամ ջրի պաշար` ամենամեծը Կովկասի տարածաշրջանում: Բայց չէ՞ որ այդ պաշարը հենց էնպես չի կարող մնալ, պետք է պահպանես»:
Տիկին Զառաֆյանը նաեւ դժգոհեց` Սեւանա լճում փոքր ՀԷԿ-ի կառուցման թույլտվությունից. «Երկու տարի կառավարության որոշումը, որ փոքր ՀԷԿ Սեւանա լճում չկառուցվի, օդի մեջ ֆռռացնում են: Հենց հիմա տեսնում ենք անօրինական փոքր ՀԷԿ` առանց փաստաթղթի, փորձաքննության արդեն կառույցը կա»:
ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի համար էլ ամեն ինչ լավ է, առաջընթաց կա. «Մեր ձեռք բերած արդյունքներն ինձ գոհացնում են: Բավական է, որ վերջին 4 տարվա ընթացքում Սեւանի մակարդակը բարձրացել է մեկ մետր 28 սանտիմետրով: Լուսաթափանցելիությունը ավելացել է 2 անգամ, ձկնային պաշարների արհեստական վերարտադրությունը կազմակերպվել է, պաշարների էնդեմիկ տեսակներն ավելացել են: Սեւանա լիճը մոնոպոլիա չէ: Ոչ մեկի ամբիցիայի խնդիրը չէ: Յուրաքանչյուր մարդ, եթե իր օգնությունը կբերի Սեւանա լճին, մենք ողջունում ենք: Կարեւորը, որ մենք կարողանանք փրկել սերունդների համար: Լիճը, իրոք, օգնության կարիք ունի… մենք պարտք ենք լճին: Ինչպես նախագահն է ասում` եկել է պարտքը վերադարձնելու ժամանակը: Ամենամեծ անբարոյականությունը պարտքը չվերադարձնելն է, մենք վերադարձնելու ենք Սեւանի պարտքը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ