Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մովսեսյան. «Հիմնական խնդիրը Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ «Ա1+»-ի դռանը կախված պիտակն էր» (Տեսանյութ)

Ապրիլ 02,2013 15:29
Mesrop Movsisyan

Ինչպես հայտնի է, 2002թ. այս օրը «Ա1+» հեռուստաընկերությունը զրկվեց եթերից: Այս կապակցությամբ այսօր Մամուլի ազգային ակումբում «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն ասաց, որ նախորդ տարիները բավական դժվար են անցել, իսկ դժվարությունները մինչ օրս էլ շարունակվում են. «Հիմնական խնդիրն այն պիտակն էր, որը տխրահռչակ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ կախվեց «Ա1+»-ի դռանը` որպես «երկրի թշնամի», «երկիրը քանդող» եւ «ապատեղեկատվություն տարածող» լրատվամիջոց: Հայաստանը դաժան տարիներ ապրեց Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ, ինչը կկոչեի պայքար հանուն սեփական անձի եւ հարստության պահպանման: Պատճառը միակն էր` նա պետք է իրեն ենթարկեցներ ամբողջ մամուլը: Նա առաջիններից մեկն էր, ով հասկացավ, թե ինչ է նշանակում ազատ մամուլ եւ ինչ է նշանակում եթեր թողնել ազատ մամուլը՝ որպես 4-րդ իշխանություն»:

Մեսրոպ Մովսեսյանի դիտարկմամբ. «Ռոբերտ Քոչարյանի կամքը կատարողները շատացան եւ մեծ բանակով սկսեցին «Ա1+»-ի դեմ ելույթներ ունենալ եւ դաշտը մեզանից մաքրելու պահանջներ ներկայացնել, ինչի արձագանքն էլ եղավ տխրահռչակ հանձնաժողովի  նիստը, որտեղ մենք ամենացածր վարկանիշով գնահատվեցինք»:

Բանախոսը փաստեց, որ մամուլն իսկապես իշխանություն է եւ պարտավոր է կանգնած լինել ժողովրդի կողքին:

Պարոն Մովսեսյանի խոսքով. «Ա1+»-ը մնացել է ինչպիսին կա, եւ ես ուրախ եմ դրա համար: Ես հպարտ եմ, որ «Ա1+» -ի կոլեկտիվի հիմնական մասը շարունակում է աշխատել, չնայած շատ դժվարություններին` ֆինանսական, տեխնիկական, կադրային: Ոչ բոլոր լրագրողներն են ցանկանում աշխատել «տխրահռչակ» «Ա1+»-ում, իսկ ցանկացողները, շատ հաճախ փորձաշրջան անցնելով, չեն հասկանում «Ա1+»-ի դիրքը, այն է ` լինել միշտ ժողովրդի հետ, կատարել միայն ժողովրդի ցանկությունը, պաշտպանել ժողովրդին գիշատիչներից»:

Հիշեցնենք, որ 2012թ.-ից «Ա1+»-ը լրատվական-վերլուծական հաղորդում ունի «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության եթերում

«Ա1+»-ի` եթեր վերադառնալու կապակցությամբ Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՌԱՀ-ը նշել էր, որ  «Ա1+»-ի եւ «ԱրմՆյուզի» համագործակցությունը չի հակասում ՀՀ օրենսդրությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930