«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հ/կ-ն « ՀՀ նախագահական ընտրություններ. Ընտրողների ցուցակների բարելավում» ծրագրի շրջանակներում հետազոտություն է անցկացրել` պարզելու բնակիչների իրազեկվածության մակարդակը ընտրացուցակների վերաբերյալ, հայտնաբերելու ցուցակներում առկա անճշտությունները:
Հ/կ նախագահ Ռուբեն Սարգսյանն այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց, որ համայնքի բնակիչների եւ ընտրացուցակների համադրությունից բացահայտվել են 6,8 տոկոս անճշտություններ. «Որտեղ 1,5 տոկոսի դեպքում ընտրողը եղել է, բայց ընտրողների ցուցակում տվյալ հասցեով իր տվյալները նշված չեն եղել , իսկ 5,3 տոկոսի դեպքում ընտրողների ցուցակի տվյալ հասցեում եղել են տվյալներ, որոնք սակայն չեն համապատասխանել իրականությանը:
Պարոն Սարգսյանի խոսքերով, ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում առկա չեն եղել, բայց ցուցակում նշված են եղել 339 մարդ: 31,9 տոկոսի դեպքում տվյալ տնային տնտեսությունում գրանցված անձինք նրանց չեն ճանաչել, 28,9 տոկոսի դեպքում` ընտրողը փոխել է իր գրանցման հասցեն, 23,9 տոկոսի դեպքում տվյալ տնտեսությունում գրանցված անձինք նրան ճանաչել են, բայց այդ անձը երբեւէ գրանցված չի եղել այդ հասցեում եւ չի բնակվել այդտեղ, 3,8 տոկոսի դեպքում` ընտրողը մահացել է, 5,9 տոկոսի դեպքում` ընտրողն այլեւս ՀՀ քաղաքացի չէր, 5,3 տոկոսի դեպքում` ընտրողը պարտադիր զինծառայության մեջ է եղել եւ 0.3 տոկոսի դեպքում ընտրողը կալանավորված է եղել:
Թե որքանով կարող էին նշված անճշտություններն ազդել ընտրական արդյունքների վրա, ծրագրի ընտրական հարցերով փորձագետ Ալեքսեյ Պետրոսյանն ասաց. «Մի քիչ պրովոկացիոն հարց է… դժվար է ասել»:
Կարդացեք նաև
Ավագանու ընտրություններից առաջ նման հետազոտություն հ/կ-ն, ամենայն հավանականությամբ, մակերեսային կանի, որովհետեւ, ըստ պարոն Պետրոսյանի. « Ժամկետները սուղ են, ընտրողների ցուցակները հրապարակվում են քվեարկությունից 40 օր առաջ, այսինքն քիչ ժամանակ է մնում, ավելի մակերեսային մակարդակով հնարավոր է ընդհանրացնել»:
Ծրագրի սոցիոլոգ Լիանա Բալյանն էլ ասաց, որ «Ընտրողն առկա չէ, բայց ցուցակում նշված է» անճշտությունը Գեղարքունիքում, Լոռիում եւ Երեւանում է հանդիպել, իսկ «ընտրողը առկա չէ, բայց ցուցակում նշված է» տարբերակը` Արմավիրում, Արարատում եւ Լոռիում է հանդիպել: Հետազոտությունն անցկացվել է Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում, 1330 մարդկանց շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստուգվել են 6392 անձի վերաբերյալ տեղեկություններ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ