Լոս Անջելեսի KROQ ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում System Of A Down-ի հարվածահար Ջոն Դոլմայանը խոստացել է, որ խումբն անպայման կվերադառնա երաժշտություն ձայնագրելուն: Ուղղակի նա չգիտի, թե երբ դա տեղի կունենա: Գրեթե 8 տարի է անցել System Of A Down-ի վերջին ձայնասկավառակի՝ Hypnotize-ի լույս տեսնելուց հետո, որը թողարկման պահին գրավեց Billboard-ի չարտերի առաջին հորիզոնականը: 2006-ի մայիսին խումբը հայտարարեց անժամկետ դադարի մասին, իսկ խմբի անդամները սկսեցին սեփական նախագծերն իրականացնել: Մասնավորապես, երգիչ Սերժ Թանկյանը 2007-ին թողարկեց Elect The Dead ձայնասկավառակը, իսկ կիթառահար Դարոն Մալաքյանը հիմնեց Scars On Broadway խումբը, որում նվագել է նաեւ Ջոն Դոլմայանը: 2011-ին խումբը վերամիավորվեց` մի շարք համերգներ նվագելու աշխարհի տարբեր երկրներում, սակայն խմբի երկրպագուների համար բաց հարց էր մնում, թե արդյոք ե՞րբ System Of A Down-ը նոր երաժշտություն կթողարկի:
«Ինչ-որ մի պահի մենք նոր ալբոմ ենք ձայնագրելու, հարցը նրանում է, թե երբ մենք չորսս կորոշենք, որ դա անելու ճիշտ ժամանակն է,- ասում է Դոլմայանը,- մենք չենք ցանկանում, որ որեւէ մեկը դա անի, որովհետեւ մնացածն են ցանկանում դա անել: Մենք բոլորս ցանկանում ենք դա անել, որովհետեւ դա բոլորի համար անելու ճիշտ բան է»:
«Ես չէի ցանկանա գնալ ու ալբոմ անել, որը չէր ներկայացնի լավագույնը, որ մենք կարող ենք առաջարկել,- շարունակում է System Of A Down-ի հարվածահարը,- եթե ստիպում ես որեւէ մեկին մտնել ստուդիա ավելի շուտ, քան նա պատրաստ է դրա համար, այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, դու ինչ-որ միջակ բան կանես»:
Այս կարծիքը համահունչ է 2012-ի օգոստոսին Սերժ Թանկյանի հնչեցրած կարծիքին: Loudwire-ին տված հարցազրույցում Թանկյանն ասել էր.
Կարդացեք նաև
«Երբ մենք դա անենք, բոլորը կիմանան դրա մասին: Այս պահի դրությամբ մենք իսկապես տղաների հետ չենք քննարկել եւս մեկ ձայնագրություն: Դա մի բան է, որ երբ դրա ճիշտ ժամանակը գա, մենք դա կանենք: Այս պահին ես զբաղված եմ իմ սեփական գործերով, եւ դա ինձանից մեծ ժամանակ կխլի, բայց երբ ճիշտ ժամանակը գա, բոլորը կիմանան: Ես նույնիսկ չեմ ցանկանում ասել, թե System Of A Down-ի նոր ձայնասկավառակ է պատրաստվում, որովհետեւ մենք այդ մասին իսկապես չենք խոսել: Ես ուղղակի թույլ եմ տալիս ասել այն միտքը, որ երբ ճիշտ ժամանակը լինի, այն կնյութականացվի, ինչպես ամեն բան այս տիեզերքում»:
Մինչ այդ, խումբը հայտարարել էր 2013-ի ԱՄՆ-ում միակ համերգի մասին՝ Լոս Անջելեսի Hollywood Bowl ամֆիթատրոնում, որը տեղի կունենա հուլիսի 29-ին: Պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր. «System Of ADown-ն ուրախ է հայտարարել իրենց առաջին ելույթի մասին Hollywood Bowl-ում, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, երկուշաբթի, հուլիսի 29-ին: Տոմսերը հասանելի կլինեն մարտի 22-ին: Սա System Of A Down-ի միակ համերգն է ԱՄՆ-ում 2013-ին»:
Բացի այս համերգից, 2013-ի օգոստոսին System Of A Down-ը մի շարք համերգներով հանդես կգա Ռուսաստանում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Չեխիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում: Շրջագայության ժամանակացույցը տեղադրված է խմբի պաշտոնական կայքում: Հայաստանի մասին դեռ ոչ մի խոսք:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ