Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողությունը ձեռք է բերվում թիմային ամենօրյա աշխատանքով

Ապրիլ 02,2013 14:20

Մրցաշրջան 2013-ը հաջող է մեկնարկել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համար

Դեռ փետրվարին հունահռոմեական ըմբշամարտի մեր ընտրանին տարին բացեց Իրանում անցկացված Աշխարհի թիմային գավաթի խաղարկությունով, որին մասնակցելու իրավունք ունենում են հողագնդի 10 ուժեղագույն հավաքականները: Ու, չնայած, գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը մրցավայր տարել էր գործնականորեն երկրորդ կազմ, այդուհանդերձ, մեր թիմը գրավեց 4-րդ տեղը՝ իրենից հետ թողնելով նաեւ ՖԻԼԱ-ի վերջին տարիների գլխավոր հովանավոր եւ միջազգային գորգերում մրցավարական արտոնյալ պայմաններից օգտվող Ադրբեջանին: Գրաված տեղը գոհացուցիչ է նաեւ նրանով, որ մեր երիտասարդ տղաները, որոնք դեռ պետք է հետագայում փոխարինեն առաջին համարներին, գոտեմարտում էին Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Կորեայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունգարիայի եւ Բուլղարիայի լավագույն կազմերի հետ:

Բառացիորեն օրերս Թբիլիսիում ավարտվեց ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ երկու մրցաձեւերում հայ ըմբիշներն ընդհանուր առմամբ նվաճեցին 2 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Եվրոպական ստուգատեսի արդյունքների շուրջ «Առավոտը» զրուցեց ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ:

– Պարոն Սոֆոյան: Կարծում եմ՝ մեր հավաքականների մրցելույթները Թբիլիսիում հաջող են, ինչի համար շնորհավորում եմ:

– Շնորհակալություն: Մեր ըմբիշները լավ են սկսել մրցաշրջան 2013-ը: Երկու ոճերի՝ այս տարվա առաջին, իսկ միջազգային պաշտոնական մեկնարկում հինգ մեդալ ձեռք բերելը, որոնցից 2-ը՝ չեմպիոնական, մեզ ապագայի լավ հույսեր է ներշնչում, թեեւ դա մեր հավաքականների իրական ներուժի արտացոլում չէր: Մեդալներն ավելի որակով ու շատ կլինեին հատկապես դասական ըմբշամարտում, եթե մասնակցեին համաշխարհային ըմբշամարտի առաջատարներ Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Յուրի Պատրիկեեւը:

– Մեդալները՝ մեդալներ, բայց դրանց ետեւում խորքային լուրջ առաջխաղացում կա, որի մասին քիչ է խոսվում:

– Նկատի ունեք, հավանաբար, ազատ ոճայիններին: 2004 թվականից ի վեր, երբ մեր Մարտին Բերբերյանը Ստամբուլում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակչում ապրիլի 24-ին հաղթեց թուրք ըմբիշին, Հայաստանը Եվրոպայի ոսկի չէր ունեցել: Եվ ահա սառույցը տեղից շարժեց մեր 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, որը նույնպես ոսկու համար եզրափակիչ գոտեմարտում առավելության հասավ թուրք մրցակցի նկատմամբ: Լուրջ ձեռքբերում է նաեւ Մուսա Մուրթաալիեւի արծաթե մեդալը: Ճիշտ է, Մուսան նաեւ ոսկե մեդալ էլ է ունեցել, սակայն իր մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ հանդես գալով մեկ աստիճան բարձր՝ 84 կգ քաշում, միանգամից Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ: Մյուս ըմբիշներն էլ ընդհանուր առմամբ վատ հանդես չեկան. ոմանք՝ սպասվածից լավ, մյուսները՝ ոչ այնքան: Սակայն նրանք էլ գրաված տեղերով ու թիմին բերած միավորներով նպաստեցին, որ մեր հավաքականը 36 երկրի պայքարում գրավի 6-րդ տեղը ու Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք ստանա:

– Ազատ ոճայինները Թբիլիսիում նվաճել են 1-ական ոսկի եւ արծաթ, իսկ դասականները՝ 1 ոսկի եւ 2 բրոնզ: Որի՞ մասնակցությունն է ավելի հաջող համարվում:

– Եկեք համեմատություն չանցկացնենք: Երկու հավաքականներն էլ արդարացրել են սպասելիքները: Եվ եթե վերջին տարիներին հունահռոմեականները համեմատաբար ավելի հաջող էին հանդես գալիս, այս անգամ ազատ ոճայինները նրանց չզիջեցին: Մեզ համար դա է կարեւորը:

– Եթե դասական ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի եվրոպական 2-րդ ոսկին սպասելի էր, ինչպե՞ս են գնահատվում Արթուր Շահինյանի եւ Վաչիկ Եղիազարյանի բրոնզե մեդալները:

– Եվրոպայի առաջնությունում թույլ ըմբիշներ չեն լինում: Այնպես որ, Արթուրի մրցակիցներին թերագնահատել պետք չէ: Նա հաղթել է շվեդին, ըմբշամարտի հզոր դպրոց ունեցող Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին եւ եզրափակչում էլ՝ բուլղարացի Վլադիսլավ Մետոդիեւին: Հավատացեք, որ 15-30 րոպե ընդմիջումներով գոտեմարտելը եւ հաղթելը, հեշտ չէ: Արթուրը աշխատեց լրիվ ծանրաբեռնված, քրտնեց մինչեւ վերջին կաթիլը: 84 կգ քաշային Արթուր Շահինյանի բրոնզն էլ լուրջ ձեռքբերում է: Բայց եթե մի փոքր ավելի ճիշտ աշխատեր, կարող էր ավելիին էլ հասնել: Հատկապես ուզում եմ առանձնացնել 120 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանին: Նա դարձավ Հայաստանի ըմբշամարտի պատմության մեջ առաջին գերծանրքաշային ըմբիշը, որը Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճեց այդ քաշային կարգում:

– Այս նվաճումները շարունակակա՞ն են լինելու, թե՞ հաջողության ալիք էր, որը կանցնի:

– Ի՞նչ ասել է՝ հաջողության ալիք: Սա ֆեդերացիայի, մարզիչների ու մարզիկների ամենօրյա աշխատանքի պտուղն է, թեեւ սպորտում հաջողությունն էլ որոշակի դերակատարություն ունի: Հաջողությունը ձեռք է բերվում քրտինքով ու թիմային աշխատանքով: Իսկ մեր թիմը ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ աշխատում է: Գիտեք, որ ըմբշամարտի ֆեդերացիան ֆինանսավորվում է պետությունից: Սակայն լուրջ արդյունքներ ունենալու համար դա բավական չէ: Եվ եթե չլիներ պարոն Սամվել Կարապետյանը, որն իր անձնական միջոցներից ոչինչ չի խնայում հայկական ըմբշամարտի համար, սկսած բոլոր տարիքային խմբերի ըմբիշների սոցիալական պայմաններն ապահովելուց, լրացուցիչ մարզումները, հավաքները, մրցաշարերին մասնակցելը ֆինանսավորելուց, մինչեւ մարզումային պայմանների բարելավումը, գույքով, վիտամիններով ու մարզահագուստով բավարարելը եւ այլն, իսկ դրանց մի մասն առաջանում է տարվա ընթացքում, այսօր մենք եղած արդյունքներով հպարտանալու եւ մարզասերներին ուրախացնելու այս առիթը հաստատ չէինք ունենա: Առջեւում պատասխանատու նոր մրցումներ կան. Համաշխարհային ուսանողական խաղեր, Աշխարհի առաջնություններ, Եվրոպայի գավաթի խաղարկություն, միջազգային «A» կարգի մրցաշարեր: Ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի պահանջն է՝ բոլորին էլ նախապատրաստվել ամենայն լրջությամբ, որպեսզի այդ ընթացքում որեւէ չլուծված հարց, ուշադրությունից դուրս մնացած խնդիր չլինի: Եվ երբեք դրա համար անհրաժեշտ լրացուցիչ ծախսերից չխուսափել: Նա պատրաստակամ է այս բոլոր հարցերում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930