Նա արթիկցիներին բացատրեց, որ եթե ուզում ես դառնալ ժողովրդի ծառա, մի քիչ պիտի զոհողություն ունենաս:
«Էյ գիտի Արթիկ, էս ի՞նչ արեցիք, բերեցիք հաղթանակ: Այն քաղաքները, որոնք դարձան այն սկզբունքային ողնաշարը եւ փետրվարի 18-ին թե՛ իշխանական տվյալներով, թե՛ ժողովրդի իրական քվեով բերեցին այդ հաղթանակը: Մենք իրենց ցույց տվեցինք, թե ով է արթիկցին, ով է շիրակցին, ով է հայ մարդը»,- այսօր Արթիկում հանդիպման ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա վստահեցրեց, որ ինքը գալու է առաց հանգստի, գալու է գործով, բերելու է քաղաքացու թագավորություն, որտեղ բոլորը՝ ոստիկանությունից սկսած, մեր հպարտության աղբյուրն են լինելու, ոչ թե «պրիկազներ կատարող». «Սա նոր Արթիկն է, նոր Հայաստանն է»:
Նա իշխանություններին քննադատեց՝ ասելով, որ «հենց իրենք են, որ Նժդեհի կենացը խմելով ծաղրում են Նժդեհին, որ խորանից 30 արծաթի մասին են խոսում, ամո՛թ իրենց»:
Նա ընդգծեց, որ արթիկցիները պետք է ապրեն ոչ թե իր բարձր հովանու տակ կամ Արմենուհու բարեգործությամբ, այլ սեփական աշխատանքով, սեփական հասանելիքով. «Ընդերք է՝ ազգային հարստություն է՝ մեզ է պատկանում: Մենք կտեսնենք, թե ինչպես սովորական քաղաքացու կենսաթոշակները կբարձրանան, հարկերը կիջեցվեն, հանրային ծառայողները կունենան ավելի բարձր կենսամակարդակ եւ աշխատավարձ: Մեր զինվորներին չեն տանի փորձության եւ բաց քվեարկության: Եվ թող ոչ մեկը ռիսկ չանի Արցախի հիմնախնդիրը խառնել Հայաստանի քաղաքացիական պայքարի մեջ, առավել եւս, Արցախի սպեցնազը փորձեն բերել Հայաստան»:
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ նաեւ իր հացադուլին. «Ես այս վերջին ամիսը, կոպիտ ասած, հաց չէի ուտում: Հաց չէի ուտում, բայց մեր ժողովրդի կեսը հաց չի ուտում: Այնպես որ, ով ուզում է դառնա ժողովրդի ծառա, ինքը մի քիչ՝ մի կաթիլ զոհողություն պետք է ունենա, քանի ժողովուրդն այս վիճակի մեջ է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ապրիլի 9-ին գնում են ճշմարիտ երդման, եւ շատ լավ կլինի, որ իշխանությունները կես ճանապարհին գան ժողովրդին ընդառաջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ