Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոբելյարի ոսկեդարը

Ապրիլ 02,2013 14:14

Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի 1921թ. օգոստոսի 16-ի որոշմամբ, ապա Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրած պետական հատուկ դեկրետով Երեւանում հիմնադրվեց առաջին պետական թատրոնը, որի կազմակերպչական գործը դրվեց Լեւոն Քալանթարի, Պողոս Մակինցյանի եւ Մամիկոն Գեւորգյանի վրա:

Օրերս Մայր թատրոնում միջոցառում էր՝ նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյակին: Հոբելյանները մեծամասամբ զուգակցվում են շնորհանդեսներով (գրքի, CD-ների եւ այլն): Տեղի ունեցած միջոցառման մեխը, անխոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն-90» հոբելյանական ժողովածուի շնորհանդեսն էր, որն արվեստաբանի «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի 10-րդ գիրքն է: Նկատենք՝ արվեստաբանի շքեղ գիրք-ալբոմի շնորհանդեսը, մեղմ ասած՝ անցավ «սուսիկ-փուսիկ»:

Գիրք-ալբոմում տեղ են գտել Մայր թատրոնի առաջին տնօրենի, գեղարվեստական ղեկավարի, դերասանների առաջին հայտագրի մասին, ինչպես նաեւ Մարտիրոս Սարյանի արած առաջին վարագույրը ներկայացնող նյութեր: Մայր թատրոնը բացվել է 1922թ. հունվարի 25-ին՝ Սունդուկյանի «Պեպո»-ով:

Գրքից տեղեկանում ենք, որ Լեւոն Քալանթարը թատրոն է հրավիրել դերասաններ Արուս Ոսկանյանին, Իսահակ Ալիխանյանին, Վահրամ Փափազյանին, Հասմիկին, Ավետ Ավետիսյանին, Հրաչյա Ներսիսյանին, Վաղարշ Վաղարշյանին, Սյուզան Գարագաշին, որոնք աստիճանաբար միավորվելով՝ կազմել են զորեղ մի թատերախումբ: Տեղեկանում ենք նաեւ, որ Հայաստանի կառավարությունը բացառիկ հոգատարություն է ցուցաբերել ինչպես աշխատանքի կազմակերպման, այնպես էլ դերասանների կարիքներն ապահովելու համար: Ամբողջ խմբին նշանակվել է սովորական տարիֆներից բարձր աշխատավարձ, եկվորներին հատկացվել են «Ֆրանսիա» հյուրանոցի 2-րդ հարկի սենյակները, իսկ Օլգա Գուլազյանին, Հրաչյա Ներսիսյանին, Ավետ Ավետիսյանին, Թաթուլ Դիլաքյանին, Մուրադ Կոստանյանին եւ այլոց բնակարաններ են հատկացվել Հին Էրիվան փողոցում: Երեւանի առաջին պետթատրոնը 1937 թվականից կրեց Սունդուկյանի անունը: 10-15 տարիների ընթացքում, փաստորեն նորարարական լինելով, թատրոնն իր ողջ էությամբ հանդիսացավ հայ դարավոր մշակույթի անցյալի մեծ ավանդների լավագույն ժառանգորդը: Ստեղծագործական այդ կարճ շրջանը իսկապես մի ակնթարթ է 2000-ից ավելի տարիներ ունեցող հայ թատրոնի կյանքում, սակայն այդ ակնթարթը ավելի կենսունակ ու բազմաբովանդակ եղավ, քան անցած դժվարին հազարամյակները: Այդ ե՞րբ է եղել, մեր թատրոնի պատմության ո՞ր հանգրվանում, որ հայ բեմում միաժամանակ փայլեր դերասանական աստղերի այնպիսի համաստեղություն, ինչպես Հովհաննես Աբելյանն ու Վահրամ Փափազյանը, Հասմիկն ու Արուս Ոսկանյանը, Հրաչյա Ներսիսյանն ու Ավետ Ավետիսյանը, Օլգա Գուլազյանը, Վաղարշ Վաղարշյանն ու Գուրգեն Ջանիբեկյանը, Սուրեն Քոչարյանն ու Դավիթ Մալյանը, ե՞րբ է հայ թատրոնն ունեցել միաժամանակ ռեժիսորական այնպիսի կազմ, ինչպիսիք են Ստեփան Քափանակյանը, Լեւոն Քալանթարը, Արշակ Բուրջալյանը, Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, Թադեւոս Սարյանը, Վաղիկ Վարդանյանը: Թատրոնի նոր ավանդների ստեղծմանն իրենց մասնակցությունն են բերել կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանը, Արամ Խաչատրյանը, նկարիչներ Մարտիրոս Սարյանը, Գեորգի Յակուլովը, Երվանդ Քոչարը, Միքայել Արուտչյանը: Մեծ վարպետներին հաջորդել են այնպիսի արժանի հետեւորդներ, ինչպիսիք են Արուս Ասրյանը, Բաբկեն Ներսիսյանը, Գեղամ Հարությունյանը, Մայրանուշ Պարոնիկյանը, Մուրադ Կոստանյանը եւ մյուսները:

Թատրոնը նոր փայլ ու շուք է ստանում, երբ Արմեն Գուլակյանի ու Վարդան Աճեմյանի հրավերով թատրոն են գալիս Վարդուհի Վարդերեսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Հեղինե Հովհաննիսյանն ու Մարգո Մուրադյանը, Վլադիմիր Աբաջյանն ու Գեւորգ Չեփչյանը, Սոս Սարգսյանը, Էդգար Էլբակյանը, Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Խոստիկյանը, Հովակ Գալոյանը, Վերջալուս Միրիջանյանն ու ուրիշներ: Իսկապես ոսկեդար է ունեցել Մայր թատրոնը, երբ այդ բեմից կատարելությամբ «հնչել» են հայ դասականներ Սունդուկյանի, Պարոնյանի, Շիրվանզադեի, Նար-Դոսի, Դեմիրճյանի, Փափազյանի, Սարոյանի եւ մյուսների գործերը: Այս թատրոն մշտապես հրավիրվել են բարձրակարգ ռեժիսորներ՝ Զ. Տատինցյանը, Մ. Մարինոսյանը, Կ. Արզումանյանը, Ա. Մկրտչյանը, Ե. Ղազանչյանը, Հ. Աշուղյանը: Թատրոնին զուգընթաց վերելք է ապրել թատերագրությունը՝ ի դեմս Գ. Սարյանի, Գ. Բորյանի, Ա. Արաքսմանյանի, Ժ. Հարությունյանի, Պ. Զեյթունցյանի եւ մյուսների, ինչը մեր օրերում նիրհի մեջ է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930