Լրահոս
Օրվա լրահոսը

«Չքավորության ճիրաններում ու առնետների հետ»

Ապրիլ 02,2013 14:04

Չնայած փտած տնակին, մշտապես կիսակուշտ ու կիսաքուն վիճակին՝ զոլաքարցի Օնիկի 5 երեխաներն էլ գերազանց են սովորում:

«Էս տունը, էս կյանքն իսկական չարիք ա դարձել մեզ համար, էլ անհնար ա ապրել սենց անմարդկային պայմաններում, մարդ  էլ իր տան մեջ ստորացված զգա, սեփական տան մեջ՝ ոնց որ դժոխքում»,- ամոթից գլուխը կախած այսպես սկսեց «Առավոտի» հետ զրույցը զոլաքարցի 60-ամյա Օնիկ Հովսեփյանը: Ինչպես ինքն ասաց՝ անզորությունից դրդված է դիմել «թերթին», քանի որ այլեւս ոչ մի տեղից օգնության հույս չունի: Օնիկ Հովսեփյանը չի կարողանում իր անչափահաս երեխաներին արժանապատիվ կյանքով ապահովել: 60-ամյա այս տղամարդը դեռ ֆիզիկապես ուժեղ է, բայց մանկավարժությունից բացի՝ չի կարողանում այլընտրանքային աշխատանք գտնել, իսկ իր վաստակած պատմության ուսուցչի ամսական 60 հազար դրամ աշխատավարձով 6 հոգանոց ընտանիքի տարրական հոգսերը չի կարողանում հոգալ:

«Ջահել աղջիկ ես, իսկ ես երեւի պապայիդ տարիքին եմ, բայց եկել եմ դուռդ ու դժգոհում եմ կյանքից»,- իր անզոր վիճակից չկարողանալով աչքերը բարձրացնել՝ ընտանիքի չքավոր կյանքը մեզ հետ զրույցում փորձում էր նկարագրել Օնիկ Հովսեփյանը: Հինգ անչափահաս աղջիկների հետ արդեն 20 տարի է՝ ապրում է մաշված, ծակծկված մետաղյա 9 քմ տնակում: Տնակի փայտյա հատակն էլ այնքան է մաշվել ու մեծ-մեծ անցքեր առաջացել, որ տան մեջ զգուշությամբ են քայլում՝ հանկարծ չկոտրվի ու նոր անցք չբացվի. դե, առնետներն էլ, Օնիկի պատմելով՝ արդեն հարեւան են դարձել, առնետների վազվզոցին էլ են ընտելացել, չնայած շատ վախենում են՝ գիշերը չեն կարողանում կուշտ ու խորը քնել, միշտ կիսաքնած ու կիսարթուն վիճակում են, որպեսզի առնետների հարձակումից զգուշանան. «Քամին որ փչում ա, ոսկորներս ծակելով անցնում ա, տունն էլ խոնավ, անձրեւի ու ձյան ժամանակ տանիքից անընդհատ կաթում ա, մի հատ թաս ենք դնում, որ ջուրը գետնին չթափվի: Վառարանով ենք տաքանում, չեղածից լավ ա, բայց էդ փտած ժեշտի դոմիկում ինչքան էլ վառարան վառենք, միեւնույն ա՝ համարյա օգուտ չկա, ուղղակի ճար չունենք»: Այդ փոքրիկ տնակում Օնիկը մի կերպ երկու մահճակալ է տեղավորել: Հինգ քույրերից ավագները գետնին են անկողին փռում ու քնում: 21-րդ դարում այս ընտանիքը չգիտի՝ նորմալ սանհանգույցն ինչ է, դրա մասին նույնիսկ չեն էլ երազում՝ վառարանի վրա ջուր են տաքացնում ու հերթով թասի մեջ մի կերպ լողանում: Բայց նույնիսկ այս անմարդկային պայմանները չեն խանգարում, որպեսզի Օնիկի 5 երեխաներն էլ գերազանց սովորեն:

«Շատ խելացի, սովորող են, աղջիկներիցս մեկը կենսաբանության հանրապետական մրցույթին է մասնակցելու, մեծս՝ Սիրունիկը, պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսում է սովորում, բայց ուսման 300 հազար դրամ վարձը մի կերպ պարտք եմ արել վճարել, ընդունակ ա, ափսոս էր վարձի պատճառով դուրս մնար, էդ պարտքն էլ օղապարանի պես վզիս է ու խեղդում է»,- աչքերն արցունքով լցրած ու էլի ամոթից գլուխը կախած, աչքերիս մեջ չնայելով՝ պատմում է Օնիկը: Նրա կինը հոգեկան առողջության խնդիրներ ունի, պարբերաբար բուժվում է, հիմա Սեւանի հոգեբուժարանում է. Օնիկի խոսքերով՝ չդիմացավ այդ պայմաններին, խանգարվեց:

Թեեւ Օնիկի ուժերը տեղն են, կարող է փորձել օտար ափերում աշխատանք գտնել, սակայն, ինչպես ինքն է ասում՝ չի կարող այդ «մանր» էրեխեքին թողնել ու մեկնել արտագնա աշխատանքի. «Աղջիկ էրեխեք են, ո՞ւմ հույսին թողնեմ, շատ փոքր են: Ես հասկանում եմ, որ այսօր անապահով հազարավոր ընտանիքներ կան, գուցե մտածեն՝ դե, ես միակը չեմ, ի՞նչ եմ ուզում, բայց ախր ընտանիք է քայքայվում, դեռ լիարժեք կյանք չմտած  երեխաների ճակատագրերն են քայքայվում, մի քիչ շինանյութն ինչ ա՞, որ չեն տալիս՝  4 պատ շարեմ, ավելի բան չեմ ուզում»: Այս խնդրանքով Օնիկը բազմիցս դիմել է Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից հրաժարվել են օգնել, հետո մի քանի անգամ ՀՀ կառավարություն է նամակ-խնդրանքով դիմել, կառավարությունն էլ նամակը մակագրել է նորից մարզպետարան, այստեղից էլ պատասխանել են՝ «Բյուջեում գումար չկա»:

«Չքավորության ճիրաններում մի կերպ գոյատեւում ենք, օրը մի կերպ մթնացնում, գիշերն էլ մի կերպ լուսացնում: Էրեխեքս իրանց մաշված շորերը դեն չեն նետում, կարկատում են ու իրար փոխանցելով հագնում: Ամաչում եմ էրեխեքիցս, ինչ անեմ՝ չգիտեմ, գլուխս ո՞ր պատովը տամ: Ընտանիք կազմելուց շատ մեծ հույսեր ունեինք, դե, համատարած մութ ու ցուրտ տարիներ էին, Հայաստանը նոր էր անկախացել, վստահ էինք, որ պատերազմն ավարտվի, ամեն ինչ լավ կլինի, ու էդ հույսով չգնացինք ուրիշ երկիր, մնացի ու դպրոցում էրեխեքին հայոց պատմություն էի դասավանդում, մինչեւ հիմա էլ դասավանդում եմ ու անկախ իմ ծայրաստիճան վատ վիճակից՝ էրեխեքին   հայրենասիրության ոգով եմ դաստիարակում, բայց ոնց որ հայրենիքն ինձ չի սիրում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930