Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկրված անասունները Հայաստանի կլիմային պիտանի չե՞ն

Ապրիլ 02,2013 14:00

Հենց կանաչ խոտը դուրս գա, ըստ Հրաչ Բերբերյանի, տավարի մսի գինը կբարձրանա

Վերջին տարիների մեծ ծավալների արտագաղթը եւ կառավարության` Վրաստան կարտոֆիլի արտահանման չխթանումը նպաստել է Արարատյան հարթավայրում 50 %-ով կարտոֆիլի ցանքատարածությունների կրճատման: Այս մասին «Հենարան» ակումբում ասաց Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը: Նրա ներկայացմամբ`միգրացիան շուրջ 40-50 հազար տոննայով ազդել է կարտոֆիլի սպառմանը:

Գյուղատնտեսության ոլորտի մյուս խնդիրներից է, ըստ պարոն Բերբերյանի,

մորմազգիների ցեցը եւ չնայած, կառավարությունը խոստացել է ապրիլ ամսին ցեցի դեմ պայքարել, սակայն ըստ գյուղատնտեսի, տասնյակ գյուղերում ցեցի պատճառով գյուղացիները խուսափում են մշակել կարտոֆիլ, լոլիկ, բադրիջան, պղպեղ: Այս պատճառով էլ, պարոն Բերբերյանի վստահեցմամբ`  բադրիջանի ու պղպեղի մշակումը կպակասի 30%-ով, կարտոֆիլինը` 50%:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության մյուս ճյուղին` անասնապահությանը, ապա Հրաչ Բերբերյանի խոսքերով` թեեւ պաշտոնապես հայտարարվել է, որ անասունների գլխաքանակի աճ կա, բայց. «Բոլորս էլ շուկա ենք գնում եւ եթե գլխաքանակի աճ լիներ, ապա շուկայում գների նվազում կլիներ: Ոչխարի արտահանումը Իրան նվազել է, ոչխարի մսի գինը պահպանվում է, խոզի մսի գինը եւս կայուն է: Իսկ տավարաբուծության անկում կա, եւ գների բարձրացումը կտեսնենք մայիս ամսին, որովհետեւ ձմռանը անասնակերի խիստ պակաս կար, գլխաքանակի անկում կար, բայց քանի դեռ արոտավայրեր չեն տարել անասուններին ու մորթը շարունակվում է, գինը կայուն է, բայց հենց կանաչ խոտը դուրս գա, տանեն արոտավայրեր, գները կբարձրանան»: Անդրադառնալով ներկրվող անասուններին, պարոն Բերբերյանն ասաց. «Այսօր խոշոր եղջերավոր անասուններ են ներկրում, բայց արդյոք դրանք մեր բնակլիմայական պայմաններին պիտանի են, գյուղացին պետք է ստիպված լինի մսուրային պայմաններում պահել այդ անասուններին եւ արոտավայրեր չտանի, դա գուցե բիզնես է, որով կոնկրետ մարդիկ են զբաղվում»:

Հրաչ Բերբերյանը կառավարությանն առաջարկում է ազոտական պարարտանյութի շուկան ազատականացնել եւ արդեն սկսել սուբսիդավորել համակցված պարարտանյութ ներկրողներին. «Այսօր մեր հողերում կալիումի եւ ֆոսֆորի պակաս կա, սա մեր առողջությունն է, հողերը 10 տարուց ավելի է ֆոսֆոր, կալիում չեն տեսել: Ինչ վերաբերում է այն բուռն հայտարարություններին, որ մեծ տեմպերով առաջ են գնում, ուրեմն թող ցույց տան, թե ի՞նչ նոր հողեր ենք յուրացրել, այսինքն՝ մտցրել ցանքաշրջանառության մեջ: Մասսայական ուսումնասիրում ենք Արարատյան հարթավայրը, այստեղ էկոլոգներն էլ պետք է ուշադրություն դարձնեն, հողերը աղակալում են, հատկապես Մասիսի տարածաշրջանում, ու հողերի աղակալումը շարունակվում է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930