Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը սահմանազատվում է ապաքաղաքական տարրերից

Ապրիլ 02,2013 13:56

Ըստ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի՝ շատ դժվար է հավատ ներշնչել «Ավելի լավ Երեւան» ոչինչ չասող եւ ոչնչի չոգեշնչող կարգախոսով:

– Ուրբաթ օրը կայացած հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի օրը դուրս եկավ իր «համեստ ծոմից»: Ապրիլի 1-ից «Ժառանգության» առաջնորդը վերսկսել է իր մարզային այցելությունները, մինչեւ ուրբաթ ծրագրում է լինել գրեթե բոլոր մարզերում: Նա խոստացել է ուրբաթ օրը կայանալիք մեծ հանրահավաքում որոշել ապրիլի 9-ի իրենց անելիքները: Ր. Հովհաննիսյանը հացադուլը սկսելուց առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում կերդվի «միայն իր դիակի վրայով»: Ր. Հովհաննիսյանի քայլերը ինչպե՞ս եք գնահատում, պարոն Մեհրաբյան:

– Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ հացադուլից, ազդարարեց մարզային հանրահավաքների նոր շարքի մեկնարկ՝ դրանով փորձելով թե՛ թեժ պահել հրապարակը՝ ուժեղացնելով սեփական դիրքը եւ նոր թափ հաղորդելով քաղաքացիական ալիքին, թե՛ բաց պահել իշխանության հետ հնարավոր երկխոսության ճանապարհը: Բացի դրանից՝ նկատելի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի է սահմանազատվում ապաքաղաքական տարրերից, որոնց այդպիսին լինելը ամրագրվեց նախագահական ընտրություններին նրանց չմասնակցությամբ: Գոնե այս վերջին հանրահավաքում չլսեցինք ինքնանպատակ «միասնության» կոչեր, երբ պարզ չէ, թե ով եւ ինչու պետք է միանա, պարզ չէ՝ հանուն ինչի, լղոզելով առանց այն էլ լղոզված եւ ճահճացած քաղաքական դաշտը: Եվ սա տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան «սպառնալիքից» հետո, թե Ծառուկյանը, ինքը եւ ԲՀԿ-ն «ողջ պոտենցիալով» գալիս են «գրավելու» Երեւանն առաջիկա ընտրություններում, այն է՝ Երեւանում փաստացի հաստատելու Ռ. Քոչարյանի իշխանությունը: Ուստի դժվար է պատկերացնել, թե Րաֆֆի Հովհաննիսյանի եւ այս խմբի ջրերը հետայսու կարող են մի առվով հոսել: Կարծում եմ՝ այս միտումները պետք է որ դրականորեն ընդունվեն հանրության կողմից: Իսկ թե որքանով դրանք նոր թափ կհաղորդեն քաղաքացիական շարժմանը, որը կստիպի իշխանությանն ի վերջո ծառայել հանրության շահերին՝ կերեւա առաջիկայում: Կախված է նրանից, թե քաղաքացիներն ինչ ակտիվություն կդրսեւորեն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը որքան հստակություն կդրսեւորի իր հետագա քայլերում, որպեսզի նշածս միտումները խորանան եւ տանեն դեպի հանրօգուտ արդյունքներ: Ամեն դեպքում, այս շաբաթվա նրա մարզային այցելությունները մեզ շատ բան ցույց կտան:

– Ս. Սարգսյանը պատասխանեց Ր. Հովհաննիսյանի պահանջներին, պատրաստակամություն հայտնեց հանդիպել, թուղթ ու գրիչով քննարկել առաջարկները ու հորդորեց նրան դադարեցնել հացադուլը: Ինչո՞ւ Սարգսյան-Հովհաննիսյան նամակագրությունը արդյունքներ չի տալիս, ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ է փակուղային իրավիճակ  ստեղծվել` մեկ Հովհաննիսյանն ասում է, թե՝ պատրաստվում է Սարգսյանին հանդիպել միայն Ազատության հրապարակում կամ սրճարանում, իսկ Սարգսյանն էլ, ըստ իր խոսնակի, պատրաստ է հանդիպել միայն նախագահի նստավայրում… ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշում է. «Մենք իրեն առողջություն ենք մաղթում, բայց մենք ուզում ենք ոչ թե քաղաքական շոուի կամ PR-ի զոհ գնալ իր պես, այլ իրոք խնդիր կա, խնդիրը լուծենք»:

– Մնում եմ այն համոզման, ինչի մասին տարբեր առիթներով ասել եմ մամուլում, որ գործընթացը քաղաքական հունի մեջ պահելու, այդ հունով տանելու միակ ճանապարհը մնում է ուղիղ, այն է՝ չմիջնորդավորված քաղաքական երկխոսությունը: Համոզված եմ նաեւ, որ հենց դա է բխում հանրության շահերից, որ գործընթացն ունենա միմիայն քաղաքական հուն, չվերածվի կամ մանր առեւտրի, կամ կրկեսի, ինչի դառը փորձը մենք ունենք ոչ վաղ անցյալից: Ընդ որում, քաղաքական երկխոսության սուբյեկտներ տեսնում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Սերժ Սարգսյանին: Երկուսի թիմերում եւ շուրջը կան ու դեռ կլինեն մարդիկ, ովքեր մինչեւ վերջ չեն գիտակցի այդ երկխոսության կարեւորությունը, նաեւ դրա չկայանալու վտանգը, էլ չեմ խոսում նրանց մասին, ովքեր ուղղակի սեփական օգուտներից ելնելով՝ շահագրգռված են, որպեսզի երկխոսությունը չկայանա կամ ավարտվի անարդյունք:

Պետք է ավելի լուրջ վերաբերվել երկխոսության կարեւորությանը՝ նշածս պատճառներով: Այնուամենայնիվ, երկխոսության դռները մնում են բաց, եւ կարեւոր գործընթացները, այդ թվում՝ ներիշխանական, ըստ իս, դեռ առջեւում են: Սակայն այդ գործընթացներից ի՞նչ կստանա հասարակությունը, կփոխվի՞ դրանից հասարակական-քաղաքական համակարգի էությունը, թե՞ ոչ՝ այս հարցը մնում է բաց եւ մեծապես կախված է հասարակությունից, այսինքն՝ մեզանից: Երկու կողմերին էլ անհրաժեշտ է ավելորդ հռետորաբանությամբ չվտանգել դեպի իրական բարեփոխումներ տանող երկխոսության հեռանկարը: Հասարակությունը պետք է ստիպի քաղաքական ուժերին, որպեսզի նրանք ծառայեն իրեն, չկա՛ ուրիշ ճանապարհ: Բարեփոխումները հասունացել են վաղուց, հասարակությունը պահանջում է բարեփոխումներ, եւ հասարակությունն ունի ներուժ՝ ստիպելու, որպեսզի այդ բարեփոխումներն իրականանան:

– Նախագահական ընտրություններին չմասնակցած երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, չեն բացառում, որ Երեւանի ավագանու ընտրություններում ոչ իշխանական ուժերը մայրաքաղաքային ընտրություններից հետո դաշինք կկազմեն ու Երեւանում իշխանությունը կվերցնեն իրենց ձեռքը: Իշխանությունը լուրջ խնդիրներ կարո՞ղ է ունենալ ավագանու ընտրություններում՝ ի դեմս այս երեք ուժերի:

– Իշխանությունը՝ ընդհանրապես, իսկ քաղաքային իշխանությունը՝ հատկապես, արդեն իսկ լուրջ խնդիրներ ունի: Իշխանությանը լուրջ փորձություն է սպասում: Դրա պատճառը ոչ միայն եւ ոչ այնքան Ձեր նշած ուժերն են, այլ իշխանության խայտառակ որակները, ավելի ճիշտ՝ անորակությունը: Շատ դժվար է հավատ ներշնչել «Ավելի լավ Երեւան» ոչինչ չասող եւ ոչնչի չոգեշնչող կարգախոսով վերարտադրվելուն ձգտող քաղաքային իշխանության նկատմամբ, երբ քաղաքացիները շարունակում են երթեւեկել «երթուղային տեռորի» վերածված քաղաքային տրանսպորտով, երբ ծախսում ես հարյուրավոր միլիոններ ընկերներիդ հետ համատեղ անիմաստ խաղալիքներ տեղադրելու կամ թափառող շների դեմ «պայքարի» համար, վոլոչկովաների համար տոնախմբություններ ես անում, երբ բնակելի շենքերը, հատկապես բարձրահարկերը, բարձիթողի վիճակում են, բայց գանգատվում ես, թե՝ փող չկա: Սա տնտեսվարությո՞ւն է:

– Մարտի կեսին Ս. Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Բելգիա: Մինչ այդ նա երկօրյա այցով Մոսկվայում էր։ ԵՄ-ի հետ Հայաստանի համար երկու ռազմավարական նշանակության գրեթե համաձայնեցված փաստաթղթեր են դրված Հայաստանի հետ բանակցությունների սեղանին՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Ի՞նչ եք կարծում, պարոն Մեհրաբյան, մեր արտաքին քաղաքական կուրսը ի վերջո դեպի ո՞ր ուղղությամբ է գնում:

– ԵՄ հետ Ասոցացման եւ Ազատ առեւտրի պայմանագրերի ստորագրումը պատմական նշանակություն կունենա մեր երկրի համար: Մի կողմից՝ մենք դեռ պատրաստ չենք, ճանապարհ պետք է անցնենք, բայց մյուս կողմից՝ քաղաքական կուրսն այս ուղղությամբ եւ նախապատրաստման գործընթացներն ավարտին հասցնելու համար որոշակի վերջնաժամկետները ներքին բարեփոխումների լուրջ խթան են, ինչը կենսական կարեւորություն ունի Հայաստանի համար: Բայց մենք առայժմ լսում ենք միայն հայտարարություններ ԵՄ-Հայաստան պայմանագրերը ստորագրելու մտադրության մասին, լսում ենք, որ մեզ Պուտինի Մաքսային միությունում սպասող չկա: Լսում ենք, բայց շարժ չկա: Ոչ մի ուղղությամբ Հայաստանը չի գնում դեռ, Հայաստանը դոփում է տեղում, այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի իշխանությունը կատարում է «տեղում՝ քայլով մարշ» հրամանը եւ տեղից չի շարժվում: Առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու Հայաստանի՝ պատմական եւ քաղաքակրթական առումով հետագա ընթացքի համար. վերատիրանալո՞ւ ենք ազատ եւ անկախ Հայաստանին, ունենալո՞ւ ենք համամարդկային արժեքների վրա հիմնված եւ այդ արժեքներով առաջնորդվող պետականություն, թե՞ ոչ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյան փաստորեն ձեզ կարգախոսը դուր չի գալիս, այսինքն կարգին վերլուծություն եք արել, կեցցեք:
    Իսկ որ ասում եք դոփում ենք դա կնշանակի, որ բացարձակ անտեղյակ եք Հայաստանի ԵՄ հետ կապված բոլոր փաստերից: Լավ որ տեղյակ չեք ինչն եք վերլուծում:
    Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս փոխեք ձեր աշխատանքային գործունեության ոլորտը, բա մեղք չեք այս գիտելիքներով այդ դժվար գործում: Իհարկե չգիտեմ որքան կստանաք նոր աշխատատեղում,
    բայց գոնե մի բան կհասկանաք աշխատանքից ու միգուցե նաև բավարարվածության զգացում ունենաք: Հակառակ դեպքում անբավարարված վիճակում շուտ կծերանաք:
    Ես ձեզ հորդորում եմ մտածեք այս ուղղությամբ, իսկապես մեզ այդ որակի փորձագետ պետք չի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930