Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրի փողատերերը իներցիայով են իրենց սիրտը արտերկրում բուժում

Ապրիլ 02,2013 13:51

Եթե 10-15 տարի առաջ ընդամենը 1 կենտրոն էր ի վիճակի Հայաստանում կատարել սրտի բարդ վիրահատություն, ապա այսօր 3 այդպիսի կլինիկա կա

Այսօր Հայաստանում կան 5-6 բուժկենտրոններ, որտեղ իրականացվում են սրտի ստենտավորում: Այն, ըստ «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համլետ Հայրապետյանի, սրտի անոթների բուժման ամենաժամանակակից մեթոդն է: Չնայած պարոն Հայրապետյանի վստահեցումներին, թե Հայաստանն ունի սրտի վիրահատության ամենաժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կլինիկաներ ու մասնագետներ, այդուհանդերձ հայաստանցի շատ փողատերեր գերադասում են իրենց սիրտը արտերկրի թանկարժեք կլինիկաներում բուժել: Aravot.am-ի այս դիտարկմանը Համլետ Հայրապետյանն այսպես արձագանքեց. «Մի մասի մոտ դա կատարվում է իներցիայով, փող ունեցողները միշտ կարծում են, որ որքան շատ փող ծախսեն դրսում, այնքան ավելի լավ կլինի, բնականաբար, նման վիրահատությունները շատ ավելի թանկ են դրսում, եւ դա ապահովում է համապատասխան որակ: Ես չեմ վիճում, դա ցանկացած անձի ընտրության իրավունքն է, բայց մյուս կողմից՝ նման վիրահատությունների մեծ մասը անհրաժեշտ է լինում կատարել հրատապ, ժամանակի գործոնը այստեղ շատ մեծ նշանակություն ունի եւ միշտ չէ, որ փող ունեցողին կարողանում են դուրս տանել»:
Բժշկի խոսքերով, վերջին տասնամյակի ընթացքում մեր երկրում լուրջ առաջընթաց է արձանագրվել ինչպես ժամանակակից տեխնիկայի ներդրման, այնպես էլ բժիշկների մասնագիտական մակարդակի բարձրացման առումով. «Եթե 10-15 տարի առաջ ընդամենը մեկ կենտրոն էր ի վիճակի Հայաստանում այդպիսի բարդ տեխնոլոգիաներով վիրահատություն անել, հիմա Հայաստանում կան 5-6 կենտրոններ, որտեղ իրականացնում են սրտի ստենտավորում: Բարդ վիրահատություն կատարում է 3 կենտրոն, որից մեկը «Էրեբունի» բժշկական կենտրոնն է»: Բժիշկ Հայրապետյանը նշեց, որ տարեցտարի հիվանդների դիմելիությունը բարձրանում է, սակայն ոչ թե հիվանդացության աճի հաշվին, այլ` մարդկանց մոտ վստահությամբ պայմանավորված. «Բացի այդ, տարեցտարի ներդրվող բժշկական ապահովագրությունն էլ իր հերթին է նպաստում, որ մարդիկ հանգիստ դիմեն սրտի խնդիրներ ունենալու դեպքում: Մեր կենտրոնում  2010-ին 187, 2011-ին  277 եւ 2012-ին 420 վիրահատություն է կատարվել, միայն այս տարվա առաջին երեք ամիսներին կատարվել է արդեն նախորդ տարվա  վիրահատությունների թվի կեսը: «Էրեբունի» բուժկենտրոնը ԱՊՀ երկրների բուժհիմնարկների թվում ունի ամենաժամանակակից տեխնիկան: Եթե նախկինում ամեն մի կենտրոնում եզակի էին նման մասնագետները, ապա հիմա ամեն կենտրոն ունի լուրջ  մասնագետներ: «Էրեբունիում» աշխատում է 4 նոր մասնագետ, բացի այդ, զուգահեռ կա սրտի վիրաբուժության բաժանմունք, որտեղ կատարվում են բաց վիրահատություններ: Բոլոր այն անհարժեշտ միջամտությունները, որը կատարվում են ցանկացած լուրջ երկրում, մենք կարող ենք մատուցել մեր երկրում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930