Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական օրակարգը

Ապրիլ 02,2013 13:45

Էդուարդ Շարմազանովը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Կապանի միջադեպի, ԲՀԿ-ի «երազանքների ու ցանկությունների» մասին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց 21-օրյա, իր իսկ ձեւակերպմամբ, «համեստ ծոմապահությունը», սակայն ոչ թե «թուղթ ու գրիչով» գնաց նախագահի նստավայր, ինչպես Սերժ Սարգսյանն էր առաջարկել, այլ շարունակում է իր շրջայցը ՀՀ մարզերում. ՀՀԿ-ում ինչպե՞ս են գնահատում այս իրավիճակը եւ ի՞նչ պատասխան քայլեր են նախապատրաստում: Երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով այս հարցերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Իշխանությունն իր քայլը կատարել է: Մենք առարկայական քայլերի, երկխոսության կողմնակից ենք եւ գտնում ենք, որ չնայած նրան, որ առաջարկների այն փաթեթը, որը ներկայացրել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդգրկում էր Սահմանադրությանը հակասող կոչեր, այնուհանդերձ, կային նաեւ առաջարկներ, որոնք կարելի է եւ անհրաժեշտ է քննարկել: Խոսքը ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիաներ տրամադրելու մասին է, ինչը, կարծում եմ, նախ կոռուպցիայի դեմ պայքարը նոր փուլ կտանի, ապա ընդդիմությունն էլ հնարավորություն կունենա ոչ միայն խոսքով, այլեւ գործով ապացուցել, որ ինքը շահագրգռված է այդ խնդիրների լուծմանը»: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա որդեգրած քաղաքականությանը, մեր զրուցակիցը չցանկացավ քննարկել, միայն ասաց. «Որպես Հայաստանի քաղաքացի եւ մարդ, ով գտնում է, որ մեր երկրում գործընթացները պետք է գնան քաղաքական եւ քաղաքակիրթ ճանապարհով, կարծում եմ, որ պետք է գնանք ճիշտ կառուցողական ճանապարհով: Այդ ճանապարհը չի բացառում ճիշտ եւ սուր քննադատությունը, բայց պահանջում է նաեւ քաղաքական օրակարգի առկայություն: Այսօր պարոն Հովհաննիսյանի եւ նրա թիմի մոտ ես չեմ կարող ասել, թե ինչպիսին է քաղաքական օրակարգը կամ ընդհանրապես՝ այն կա՞, թե՞ չկա: Կարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանը, ինչպես նաեւ ընդդիմադիր քաղաքական դաշտի քաղաքական ուժերը  քայլեր են ձեռնարկում, որպեսզի «տաք» պահելով իրենց ընտրազանգվածը՝ որոշակի հաջողության հասնեն մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում»:

Ի դեպ, երեկ Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել մի խումբ տեղացիների եւ Հովհաննիսյանի թիմակիցների միջեւ, այն ավարտվել է քաշքշուկով: Հովհաննիսյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի գնացել իր նշանակած ժամադրությանը՝ ուղարկելով այլոց՝ հավաքը խանգարելու համար: Հիշեցնենք, որ Խաչատրյանը իր վերջին հարցազրույցում խիստ քննադատել էր Հովհաննիսյանի հորը՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանին, նրան մեղադրել էր «հայոց պատմությունը կեղծելու» մեջ ու ասել. «Եթե ես 100 տոկոսով իմանամ, որ ճիշտ է, հենց ժողովրդի մոտ Րաֆֆիի գլուխը կջարդեմ օձի գլխի պես»: Ի պատասխան՝ ուրբաթ օրը Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր. «Իսկ եթե Դուք սպառնում եք, թե ոնց որ օձի գլուխն եք ջարդում, իմ գլուխը պիտի ջարդեք ժողովրդի առաջ, ես Ձեզ ժամադրում եմ՝ Կապանում, երկուշաբթի, ժամը 10-ին՝ ժողովրդի առաջ»: Անդրադառնալով Կապանի միջադեպին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Չեմ կարծում, որ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած անձը պետք է նման պրիմիտիվ դատողություններով առաջնորդվի: Խնդիրը շատ ավելի լուրջ է եւ գլոբալ, չեմ կարծում, որ պետք է այդքան պրիմիտիվ լինենք: Իսկ եթե կա որեւէ խնդիր, դա պետք է լուծվի իրավական ճանապարհով, մանավանդ՝ այս ընթացքում մեր ոստիկանությունն ապացուցել է, որ շատ օպերատիվ արձագանքում, է ու կարիք չկա մրջյունից փիղ սարքել»: Ռիչարդ Հովհաննիսյանին վերաբերող Սուրիկ Խաչատրյանի որակումներին մեր զրուցակիցը չցանկացավ անդրադառնալ:

ՀՀԿ-ականները քանիցս հայտարարել են, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում իրենց կուսակցությունը կրկին հավակնելու է առաջին հորիզոնականի դափնիներին, մինչդեռ ընդդիմադիր քաղաքական ուժերը պայքար են մղելու ընդդիմության դաշտում լիդերության, այսինքն՝ երկրորդ պատվավոր հորիզոնականի համար: Ի պատասխան ՀՀԿ-ականների հավակնությունների՝ ԲՀԿ-ից «խորհուրդ» հնչեց՝ «թող ՀՀԿ-ն էլ պայքարի երկրորդ տեղի համար»: Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ են հետեւել ԲՀԿ-ականների խորհրդին: «Եթե «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերները երազանքների եւ ցանկությունների լեզվով են խոսել, ապա խնդիր չկա, թող երազեն, որ իրենք պետք է պայքարեն առաջին տեղի համար: ՀՀԿ-ն միշտ ռեալ-պոլիտիկի դաշտում է եւ միշտ իրատեսական հարթությունում է հանդես գալիս: Ինչ մնում է տեղերին՝ դա մենք չենք որոշում, որոշում է հասարակությունը: Իսկ այս տարիների ընթացքում, առկա խնդիրներով հանդերձ, հասարակությունը նախապատվությունը տվել է ՀՀԿ-ին: Իսկ այն, որ ԲՀԿ-ն ցանկանում է համեմատվել շատ լուրջ քաղաքական կուսակցության հետ, ես ողջունելի եմ համարում: Նորմալ է, երբ ձգտում ես ուժեղին նմանվել: Միայն չգիտեմ՝ ԲՀԿ-ի մոտ կստացվի՞, թե՞ ոչ: Նախագահական ընտրություններից սկսած՝ արդեն երեք ամիս է՝ ձայն չեն հանում. չգիտեմ, հիմա այս խորը քնից ինչպե՞ս են դուրս գալու»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930