«Մենք մեր երկրում թշնամիներ չունենք: Այս ընտրարշավը Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ մի կարեւոր բան արեց, որ մենք պայքարում ենք մեր պետության կայունության համար, բայց պայքարում ենք ժպիտով, բարությամբ, բարեւով: Մենք չենք գալիս ասելու իշխանավորներին, որ մենք ձեզ կախելու ենք: Գալիս ենք ասելու, որ սխալ ճանապարհով եք գնում»,- այսօր Արթիկում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Դիմելով արթիկցիներին՝ նա ասաց. «Դուք, որպես մեծատառով քաղաքացի, ասացիք, որ թույլ չեք տա, որ ինչ-որ մարդիկ մեր պետությունը տանեն անդունդ: Մենք այսօր ազգային անվտանգության հարց պետք է ունենանք: Դեմոգրաֆիան ի վերջո ասում է, որ Հայաստանը պետք է մնա առանց հայերի: Եթե կա քաղաքական կամք, եթե հայրենասիրությունը բաժակաճառ չի հոտնկայս, իսկապես էություն է, ուրեմն պետք է նոր ընտրություններ սկսվեն: Եթե ասում են, որ բյուջեում փող չկա, պատրաստ ենք ժողովրդից հանգանակություն հավաքել՝ նոր ընտրությունների կազմակերպման համար: Հասկանալով հանդերձ, թե ում հետ գործ ունենք, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այս ուժը, որը ձեւավորվել է, այս ընդվզումը, կարող է գոնե եկեք արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Դրան էլ են դեմ: Իրենք մի բան գիտեն՝ պաշտոնով խաբել, վարկաբեկել մարդկանց եւ ընդդիմությանը»:
Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց, որ երկու ճանապարհ կա. կամ համակարգ մտնես եւ իրենց խաղի կանոններով գործես, կամ համակարգը փոխես:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ