Այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը ցնցել է գյուղը: Տեղացիները մեզ հետ զրույցում հավաստիացրեցին, որ Մուրադյանը լավ գյուղապետ էր, մոտ յոթ տարի ղեկավարելով գյուղը՝ բազմաթիվ խնդիրներ է լուծել: Թշնամիներ Մուրադյանը չուներ, նրան այստեղ բոլորն էին սիրում, թե ում էր ձեռնտու սպանությունը՝ համագյուղացիները չեն պատկերացնում:
Գյուղապետարանի հարեւանությամբ գործող կրպակի աշխաատակցուհին եւս շեշտեց Հրաչ Մուրադյանի մարդկային որակների ու լավ գյուղապետ լինելու մասին: Տիկինը նշեց, որ չնայած Մուրադյանի սպանությունը տեղի է ունեցել իր մեջքի հետեւում, սակայն ինքը կրակոցի ձայն չի լսել: Միայն բղավոց է լսել, ապա կրպակից դուրս եկել եւ նկատել, որ մարդ է ընկած:
Նաիրի քննչական բաժանմունքի պետ Արսեն Սարգսյանը հայտնեց, որ Մուրադյանը սպանվել է գլխին հասցված հրազենային վնասվածքի պատճառով, զենքի տեսակը դեռեւս հայտնի չէ, կատարվում է նախաքննություն, ձերբակալվածներ դեռեւս չկան: Նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չի հրապարակվում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ