Լրահոս
Օրվա լրահոսը

Արժեքային համակարգը` տգիտության պատանդ

Ապրիլ 02,2013 13:07

Հայաստանի համաչափ զարգացման համար անհրաժեշտ արժեքային համակարգի արմատավորմանը մեծապես խոչընդոտում է «հայրենասիրական» դեմագոգիան և մարտնչող տգիտությունը, իսկ համապատասխան մտածելակերպի կրողների հետ ռացիոնալ կատեգորիաներով բանավիճելն ըստ էության անհնար է: Դրանում հերթական անգամ կարելի էր համոզվել` հետևելով «Հայելի» ակումբում մի քանի օր առաջ կայացած մամլո ասուլիսի մասին հրապարակումներին: Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի տեղում ով էլ լիներ, միևնույն է, նրա բոլոր փաստարկներին տրվելու էր ստերեոտիպ պատասխան` Եվրոպայի «համասեռականության տիրույթ» լինելու մասին. նման իրավիճակ է ստեղծվում ցանկացած հանրային քննարկման ժամանակ:

Դժվար չէ նկատել, որ Հայաստանի հասարակական մոդելը Ռուսաստանի նմանությամբ է ձևավորված. բացակայում է ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմը, տիրում է համատարած կոռուպցիան, իշխանությունը կատարելապես սերտաճել է կրիմինալի հետ, խորհրդարանը մեծ մասամբ կազմված է օլիգարխներից և նրանց սպասարկող կիսագրագետ պատեհապաշտներից, պաշտոնյաները և նրանց մերձավորները գործում են անպատժելիության մթնոլորտում, գոյություն ունի եկեղեցու պետության հետ սերտաճելու միտում, բնական պաշարներն անխնա թալանվում են, ոչնչացվում է շրջակա միջավայրը և այլն: Բարեբախտաբար, ռուսական որոշ հայտնագործություններ, օրինակ` երեխաների պաշտպանության պատրվակով կատարվող գրաքննությունը, Հայաստան դեռ չեն հասել: Միաժամանակ թե Հայաստանում, թե Ռուսաստանում քարոզ է տարվում Արևմուտքի «անբարոյականության» մասին, որին հակադրվում են տնաբույծ «հոգևոր արժեքները»: Այս իրավիճակը որոշ չափով բնական է, քանի որ ռուսական հասարակական մոդելի և մտածելակերպի պահպանումը ետխորհրդային տարածքին տիրապետելու երաշխիք է. պատահական չէ ռուսաստանյան վերնախավի ատելությունը հատկապես Բալթյան երկրների և 2004-2012 թթ. արմատական բարեփոխումներ կատարած Վրաստանի նկատմամբ:

Զարմանալի չէ, որ երկար ժամանակ ազդեցության գործակալների կողմից մշակվելու արդյունքում նույնիսկ ԽՍՀՄ-ն ըստ էության չհիշողները կարող են անհանդուրժող լինել և արևմտյան արժեքները նույնականացնել աղանդների ու համասեռականության հետ (այստեղ դեր է խաղում նաև ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացված «գողական» մտածելակերպը): Չմոռանանք նաև տգիտության և աշխարհայացքի սահմանափակության գործոնը, սովորելու և տեղեկություններ հայթայթելու անկարողությունը կամ ցանկության բացակայությունը, ինչպես նաև Արևմուտքի և Ռուսաստանի հետ անմիջական շփումների և համեմատություններ կատարելու կարողության պակասը: Այսպիսով, իր անհանդուրժողականությամբ Բ. Ասատրյանին զարմացրած երիտասարդ ընդդիմախոսը և իր նման շատերն ընդունակ չեն հասկանալ արևմտյան արժեքային համակարգի էությունը: Այդ տեսակի կաղապարված մտածելակերպը նրանց թույլ չի տալիս հասկանալ, որ գործող իշխանությունն է պատասխանատու նրա համար, որ Հայաստանում չեն արմատավորվում իրական արևմտյան արժեքները` ազատ ընտրությունները, մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը և այլն:

Այդպիսիք ձևացնում են, որ չգիտեն, որ իրենց համար այդքան սարսափազդու գեյ-շքերթները Եվրոպայում միայն խոշոր քաղաքներում են տեղի ունենում, ինչը բնական է` խոշոր քաղաքների բնակչությունը միշտ ավելի բազմազան է և ոչ ավանդական ապրելակերպի նկատմամբ առավել հանդուրժող: Նրանք չգիտեն եվրոպացիների մեծամասնության, նաև փոքր բնակավայրերում ապրողների առօրյայի մասին: Մինչդեռ ադեկվատ տնտեսական քաղաքականություն իրականացնելու դեպքում՝ այդ առօրյան և ապահով է, և խոստումնալից` ապագայի առումով: Սա նկատելի է ոչ միայն Սկանդինավյան և մյուս առավել հարուստ երկրներում, այլև Կենտրոնական Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրներում: Այդտեղ փոքր քաղաքները համաչափ զարգացած են` ենթակառուցվածքների և բնակչության քանակին համապատասխան աշխատատեղերի ապահովման առումով, ամենուրեք որակյալ հանրակրթական դպրոցներ կան, մշակութային հաստատություններ են գործում, 100.000-ից քիչ բնակիչ ունեցող քաղաքները կարող են Երևանից շատ տրոլեյբուսներ շահագործել, այդպիսի քաղաքների համալսարանների գրադարանները տասնյակ հազարավոր գրքեր և մի քանի տասնյակ գիտական ամսագրերի բաժանորդագրություն են ունենում, անգամ 10-15 հզ. բնակչություն ունեցող քաղաքները շուրջորյա երկաթուղային և ավտոբուսային կապ ունեն` և ոչ միայն մարզկենտրոնի կամ մայրաքաղաքի հետ: Հայաստանում շատերի համար գուցե զարմանալի կլինի, որ հացի գինը չորս տարվա ընթացքում մեկ ցենթով անգամ կարող է չբարձրանալ. Եվրոպայում դա սովորական երևույթ է: Իսկ եթե համեմատության կարգով անդրադառնանք Հայաստանի համար ամենացավոտ խնդիրներից մեկին` Երևանի գերծանրաբեռնվածությանը և փոքր բնակավայրերի բնակիչների համար կենսապայմանների ապահովման անհրաժեշտությանը, պարզ է դառնում, որ գոյություն ունի երեք տարբերակ. եվրոպական մոդելով համաչափ զարգացում, ռուսական ոճով դեգրադացում  կամ արտագաղթ:

Հայաստանի զարգացման մեծագույն խոչընդոտները և արտագաղթի խթանիչները օլիգարխիկ համակարգը և քրեական բարքերն են, որոնց վերացումն անխուսափելի է արևմտյան արժեքային համակարգի որդեգրման դեպքում: Ահա ինչու է այն սարսափեցնում իշխող վերնախավին և նրա տգետ սպասարկուներին, ովքեր փորձում են օգտագործել մարդկանց անտեղյակությունը` պսևդոազգային արժեքները և Ռուսաստանի «առավելությունները» գովելու, և միևնույն ժամանակ` արևմտյան արժեքային համակարգը «գոմիկության» հետ նույնացնելու համար:

 

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ֆելիքս says:

    Միանշանակ ողջունում եմ այս հրապարակումը: Պետք է ավելի հաճախ և փաստերով պսակազերծել ռուսական “առաջավոր” մտածելակերպը,որ արագ արմատներ է գցում մեր մոտ:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Անիմաստ և վերամբարձ տոնով Ձեր վերլուծությունը երկու բառով` մենք քըխ ենք, արևմուտքը պուպուշ…
    Իսկ ո՞վ է Ձեզ խաբել, որ ազատ ընտրությունները, մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը և այլն, արևմուտքի մենաշնորներն են: Ինչպես արևմուտքում, այնպես էլ մեզ մոտ, այդ արժեքները թղթի վրա ամրագրված են, բայց կիրառվում են երկակի ստանդարտներից ելնելով: Թե արևմտյան “ազատությունը” ինչպես է իրենց հակադրվող երկրներ ներմուծվում, այսօր երեխաներն էլ գիտեն` կամ գունավոր հեղաշրջումներով, կամ էլ ավելի պարզ ու հասարակ` հրթիռների և ռումբերի միջոցով… Իսկ արևմուտքի` նույնիսկ զուգարանում և անկողնում վերահսկվող “ազատ” քաղաքացիները շատ կերազեին, որ կարողանային մեզ պես ամեն խելքին փչածը անեին ու գրեին, ում ուզեին պիտակավորեին, և դրա համար իրենց քարշ չտային դատարաններ, բարոյական վնաս վճարելու: Արևմտյան ծնողներն էլ ավելի լավ կդաստիարակեին իրենց երեխաներին, եթե չվախենային մի հատ ականջը քաշելու համար բանտում հայտնվելուց: ՈՒղղակի Ձեզ պես օտարամոլների համար “հարևանի հարսը միշտ սիրուն է”, և իրականում Ձեզ ոչ թե արևմտյան արժեքներն են ձգում, այլ արևմտյան գրանտները… Իսկ Ձեր սրտացավությունը այն մասին, որ մենք` տգետներս, այդ Գեյ պառադներից ինչ որ շատ ենք սարսափում, քանի որ ձևացնում ենք, թե չենք հասկանում, որ դա բնական բան է… հարց է առաջացնում` իսկ միգուցե որոշ “արժեքներ է՞լ են ձգում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930