Նորայրին ռինգում ճանաչում են Նոել Գեւոր անունով: Նա հանդես է գալիս 90 կգ քաշային կարգում: Պրոֆեսիոնալ ռինգում արդեն անցկացրել է յոթ մենամարտ ու բոլորում էլ հաղթել, որոնցից հինգը՝ նոկաուտով:
Ծնվել է Երեւանում: Չորս տարեկանում մայրիկի եւ կրտսեր եղբոր՝ Աբելի հետ մեկնել են Գերմանիա: Այնտեղ Նորայրի մայրը հանդիպել է ճանաչված բռնցքամարտիկ Խորեն Գեւորին: Ամուսնացել են: «Խորեն Գեւորը ինձ եւ եղբորս ընդունեց հարազատի պես: Զբաղվեց մեր դաստիարակությամբ: Նա է մեզ ծանոթացրել բռնցքամարտին, մարզել: Եվ երբ արդեն պատրաստվում էին պրոֆեսիոնալ ռինգ մտնել, անունս դարձրի գերմանացիների ականջին ավելի մատչելի Նոել, ազգանունս էլ դարձրի Գեւոր», – այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ռինգի ծագող նոր աստղը:
Նորայրն ընտանիքի հետ վերջին անգամ Հայաստան եկել է 2001 թվականին, կնքվել Սուրբ Էջմիածնում: «12 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ եմ Երեւանում: Շատ բան է փոխվել: Երեւանն ինձ շատ է դուր գալիս: Վերադարձիս տոմսը արդեն մեկ անգամ ետ եմ տվել: Հիմա էլ մտադիր եմ մեկ շաբաթով էլ երկարաձգել մնալս, որպեսզի Հայաստանից մի բան հասկանամ: Հանդես եմ գալիս Գերմանիայի դրոշի ներքո, սակայն եթե նկատել եք, ռինգում իմ մարզահագուստի վրա Հայաստանի գերբն է: Ուզում եմ անպայման անունս էլ հայերեն գրվի: Գերմանիայում հայերեն տառերով բան գրելը խնդիր է: Եթե այստեղ դա հնարավոր լինի կազմակերպել, շնորհակալ կլինեմ»:
Aravot.am-ի հարցին՝ իսկ Հայաստանի դրոշը ռինգ մտցնելու իրավունք ունի՞, Նոել Գեւորը պատասխանեց. «Իհարկե: Եվ այդպես էլ անում եմ: Ավելին ասեմ, երազանքս է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ, բայց դա մի փոքր դժվար է: Եթե այստեղից աջակցություն լինի, սիրով կմտնեմ ռինգ», – պատասխանեց Նորայր Միքայելյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ