Լրահոս
Օրվա լրահոսը

Հ.Հովհաննիսյանի կարծիքով, «Ժառանգության» առաջնորդը փորձում է չկրկնել ՀԱԿ-ի սխալները

Ապրիլ 02,2013 11:48

Քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ գնահատմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի մեկնաբանություններն իր իսկ հայտարարած հացադուլի վերաբերյալ հակասական էին:

«Սկզբից հայտարարեց, որ դա քաղաքական ակցիա է, ծոմ չէ, որովհետեւ զուգահեռ էր անցկացվում այն հացադուլի հետ, որն արել էր 2011 թվականին, իսկ երբ հացադուլից դուրս եկավ, հայտարարեց, որ ծոմ էր: Այստեղ սեփական ակցիայի վերաբերյալ գնահատականները հակասական էին:
Բայց դա միակ հակասական մոտեցումը չէ, որ ցուցաբերել է Ր.Հովհաննիսյանն այս ընթացքում մինչեւ վերջ հացադուլ անելու մտադրությունը փոխվեց, եւ հընթացս որոշեց սրբագրություններ մտցնել սեփական մարտավարության մեջ:
Չնայած Վեհափառ հայրապետին կոչ էր անում չօգտագործել Աստծո անունը քաղաքական եռուզեռի մեջ, բայց երբ պատճառաբանեց իր հացադուլից դուրս գալու անհրաժեշտությունը, վկայակոչեց այն, որ Մեծ Պահքն ավարտվում է, եւ ինքը որպես քրիստոնյա դուրս է գալիս այդ ճգնավորությունից եւ անցնում է ակտիվ քայլերի, մասնավորապես որոնցից են մարզեր այցելությունները»,- երեկ «Զարկերակ» ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետը:
Ըստ Հ.Հովհաննիսյանի, զգացմունքային մթնոլորտը, որ ստեղծվել էր Ազատության հրապարակում ընտրություններից հետո, այլեւս չկա, որովհետեւ այնտեղ ձեռնարկվող քայլերին ժողովուրդը չվստահեց.
«Ինչպե՞ս է առաջարկում Ր.Հովհաննիսյանը լուծել ստեղծված հանգույցն այն բանից հետո, երբ հայտարարել էր, թե ընտրություններում հաղթող թեկնածուն ինքն է: Ըստ էության, նա առաջարկում է, որ Սերժ Սարգսյանը կամովին իրեն հանձնի իշխանությունը: Այդ առաջարկին հետեւեց չափազանց ճղճիմ մի գործընթաց, որն էապես թուլացրեց Ր.Հովհաննիսյանի կողմնակիցների դիրքերը, այն է` կառավարության ցանկալի կազմի հրապարակումը, վիրտուալ պորտֆելների բաժանումը:
Սկսված գործընթացը հանգեցրեց նրան, որ հրապարակում տիրող բավական լուրջ էներգետիկայով մթնոլորտը կարծես լիցքաթափվեց: Պարպվեց այդ էներգիան եւ, իմ կարծիքով, պարպվեց ոչ թե նրա համար, որ Ր.Հովհաննիսյանի հացադուլն արդյունավետ չէր, այլ այն պատճառով, որ այդ հացադուլի շուրջ հրապարակում սկսվեցին գործընթացներ, որոնք կասկածներ առաջացրին:
Այս 20 տարվա ընթացքում շատ բան ենք տեսել, ու կարող եմ ասել, որ երբ համաժողովրդական շարժման առաջնորդների դերում հանդես եկող մարդիկ մտնում են իշխանությունների հետ սակարկելու դաշտ, ժողովուրդը հիասթափվում է»:
Դա օրինաչափ երեւույթ է, քանի որ այդ ամենի հիմքում կա հակասություն. «Ի՞նչ ասել է իշխանությունը կիսել ժողովրդի հետ, եթե մեր սահմանադրությամբ իշխանության սուվերեն տերը ժողովուրդն է, իսկ իշխանությունը որպես անբաժանելի, ժողովրդի կամքով ձեւավորվող գործոն հնարավոր չէ ժողովրդի հետ կիսել: Այն կա’մ վերադարձնում ես ժողովրդին, կա’մ օտարում ես ժողովրդից: Սխալ է այն ձեւակերպումը, թե ես ահա նստած եմ հրապարակում եւ սպասում եմ, որ իշխանությունները կիսեն ժողովրդի հետ իշխանությունը:
Եթե համոզված ես, որ իշխանությունն ուզուրպացված է, ոտնահարված է ժողովրդի կամքը, ապա ինչպե՞ս ես պատրաստվում բանակցել նրա հետ իշխանությունը կիսելու հարցով: Եթե համարում ես, թե դիմացինդ ավազակ է, որը գողացել է իշխանությունը, ինչպե՞ս ես նրան առաջարկում, որ այդ ավարը քեզ հետ կամ ժողովրդի հետ կիսի: Գողացողը կարող է կիսել իր ավարը մի այլ գողի հետ, բայց ոչ ժողովրդի: Այսինքն՝ նշված ձեւակերպումը սխալ է»:
Հ.Հովհաննիսյանի կարծիքով, «Ժառանգության» առաջնորդը փորձում է չկրկնել ՀԱԿ-ի սխալները եւ այդ պատճառով է սկսել իր մարզային շրջայցը. «Պետք է հիշել, թե որ պահից սկսվեց ՀԱԿ-ի անկումը: Այն սկսվեց այն պահից, երբ Լեւոն Զուրաբյանն ասաց, թե գնանք երկխոսենք, եթե տեսնենք, որ այդ ճանապարհը հաջողությամբ չի պսակվի, մենք նորից մեր ջրբաժանը կդնենք: Ես այն ժամանակ էլ առարկել եմ, քանի որ ժողովուրդը խաղալիք չէ եւ ինքնասիրություն ունի, շատ զգայուն է նման վերաբերմունքի նկատմամբ ու նաեւ վիրավորվող է:
Երբ ՀԱԿ-ը գնաց երկխոսության, մտահոգություն հայտնեցի, քանի որ ՀԱԿ-ը կարող էր կորցնել զանգվածային աջակցությունը, չվերադարձնելով այն հասարակական ակտիվության ալիքը, որն առաջացել էր 2011 թվականի գարնանը: Այդպես էլ եղավ:
Դա գիտակցելով՝ Ր.Հովհաննիսյանը կրկին հերթական շրջայցն է առաջարկում դեպի մարզեր, չնայած իր առջեւ այսօր խնդիր կա վերահաստատելու այն արդյունքը, որին ինքը հասավ վերջին նախագահական ընտրություններին:
Ինչո՞ւ, որովհետեւ ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունները չմասնակցեցին նախագահական ընտրություններին եւ, ավելի մեծաթիվ ներկայություն ունենալով պառլամենտում, այսօր փորձում են վիճարկել Ր.Հովհաննիսյանի իրավունքը՝ հանդես գալու համաժողովրդական ընդդիմադիր շարժման առանցքային դեմքի դերում»:

Նաիրա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930