Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը խախտել է օրենքը (Տեսանյութ)

Ապրիլ 02,2013 10:54

Ուրեմն.  Սուրիկ Խաչատրյանը լրագրողին տրամադրում է մի տեսագրություն։ Հեղինակն է Արթուր Առուստամյանը, վերնագիրը՝ «Հայոց պատմության կեղծարարներին», որոնց մեջ է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, որը մեղադրվում է «Հայկական լեռնաշխարհի» փոխարեն «Արեւելյան Անադոլու» ասելու համար։ «Նյութն իրականություն է թե կեղծարարություն, չեմ կարող ասել… Եթե 100 տոկոսով իմանամ, որ ճիշտ է, հենց ժողովրդի մոտ Րաֆֆիի գլուխը կջարդեմ։ Ո՞նց, չե՞ս ճանաչում ինձ, Հայաստանի աչքի առաջ գլուխը կջարդեմ»,- խրոխտ հայտարարել է մարզպետը լրագրողին։

Տեսագրությունը կարծիք է։ Սեկն էլ կարող է կարծիք հայտնել, որ, ասենք, Սուրիկ Խաչատրյանը ոչ թե պատերազմի մասնակից է, ինչպես ինքն է ասում, այլ այդ տարիներին ազատազրկված է եղել։ Մի տեսագրություն էլ կա, ուր պարզորոշ երեւում է, որ նույն Սուրիկ Խաչատրյանը գործարար Սիլվա Համբարձումյանի «գլուխն է ջարդում»։

Սակայն պետական պաշտոնյա մարզպետը պետությունից նախատինքի ոչ մի խոսք չի լսում։ Այսինքն՝ «գլուխ ջարդելու» հայտարարությամբ մարզպետը ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից մեկ տասնյակից ավելի հոդված է խախտել։ ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 308՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը». «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»։ Պատիժը՝ տուգանք կամ ազատազրկում վեց տարի ժամկետով։

Մարզպետին տրված չէ գլուխ ջարդելու իրավունք։ Ուրեմն, Սուրիկ Խաչատրյանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը։ ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 309՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը». «Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»։ Պատիժը՝ տուգանք կամ մինչեւ 10 տարի ազատազրկում։

Մարզպետին տրված չէ գլուխ ջարդելու իրավունք։ Ուրեմն Սուրիկ Խաչատրյանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածը։ ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 322՝ «Ինքնիրավչությունը». «Օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին, կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին»։ Պատիժը՝ տուգանք կամ մինչեւ հինգ տարի ազատազրկում։

Մարզպետին տրված չէ գլուխ ջարդելու իրավունք։ Ուրեմն, Սուրիկ Խաչատրյանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածը։ Խախտված հոդվածների շարքը երկար է, ավելացրեք նաեւ ծեծի, սպառնալիքի քրեական հոդվածները, զրպարտության քաղաքացիաիրավական պատասխանատվությունը եւ այլն։

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930