Րաֆֆի Հովհաննիսյանին թվում էր՝ եթե ինքը բարի ու հանդուրժող է («Ֆեյսբուքում» անգամ տերմին է տարածված՝ «դոբրիի մեջ»), եթե ինքը չի վիրավորում ու անպատվում, ուրեմն իրեն էլ չեն անի նույնը:
Նա կարծում էր, թե աստվածաշնչյան պատվիրանը՝ «դիմացինիդ արա այն, ինչ որ կուզենաս դիմացինդ քեզ անի», կգործի, եւ ինքը պաշտպանված կլինի: Սակայն պարզվեց՝ ժամանակակից աշխարհում աստվածաշնչյան պատվիրանները չեն գործում: Եվ իշխանությունն ու ընդդիմության որոշ մասն այնքան էլ «դոբրի» տրամադրությունների մեջ չեն: Պարզվեց՝ անգամ հացադուլ անող մարդուն մեզանում չեն խնայում, եւ չկա օր, որ նրա դեմ հայհոյանք ու տգեղ արտահայտություններ պարունակող հոդվածներ չտպագրվեն, ելույթներ չհնչեն, կիսախելագար ու ծայրահեղ ֆանատիզմով վարակված տարբեր մարդիկ չուղարկվեն հրապարակ: Անշուշտ, մեր «քաջարի» ոստիկանությունը վերջին պահին հասնում է եւ ցուցադրաբար մեկուսացնում «վտանգը», բայց կարեւորը հասարակությանը ներշնչելն է, որ բոլորը չէ, որ դրական են տրամադրված Րաֆֆու նկատմամբ, բոլորը չէ, որ նրան ձայն են տվել ու պատրաստ են նրա ետեւից գնալ:
Ի՞նչ մի բարդ բան է Սյունիքի մարզպետի համար մի քանի կին ուսուցչուհու Րաֆֆու հանդիպմանը «գործուղելը», ովքեր իրենց չստացված կյանքի ողջ դառնությունը հրապարակայնորեն ու խիստ թատերականացված կբարդեն ընդդիմության առաջնորդի վրա եւ նախատինքներ ու հայհոյանք կհնչեցնեն: Չի բացառվում նաեւ, որ անգամ «ուղարկելու» կարիքը չկա, քանզի մարզպետի տրամադրությունը հայտնի է, եւ նրան հաճոյացողների պակաս չի զգացվի: Չէ՞ որ Րաֆֆին կգա ու կգնա, իսկ մարզպետը դեռ մնալու է եւ ինչքա՜ն հարց կարող է լուծել: Այ, երբ մարզպետին հանեն պաշտոնից, կգա հատուցման ժամը, եւ, Աստված մի արասցե, նա հայտնվի Րաֆֆու կամ նմանատիպ կարգավիճակում:
«Հրապարակ»