Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ պետք է հարուցվի ոչ թե Սամվել Ալեքսանյանի, այլ իշխանության նկատմամբ

Ապրիլ 01,2013 19:54

 

Վահագն Խաչատրյանը կարծում է, որ քաղաքապետարանի հետ միասին պետք է դատի տալ նաեւ քաղաքաշինության ու մշակույթի նախարարություններին:

Այսօր Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամները հայտարարություն են տարածել, որով պահանջում են Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկայի սեփականատիրոջ` Սամվել Ալեքսանյանի նկատմամբ քրեական գործ հարուցել. «… Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող ու որպես հանրապետական նշանակության պատմաճարտարապետական հուշարձան պետության պահպանության տակ վերցված Կենտրոնական ծածկած շուկայի հետ կատարվածը որակավորել որպես մշակութային վանդալիզմ, իսկ սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հիմքերով, պահանջելով նրանից հուշարձանին հասցված վնասի հատուցում ու զրկելով նրան գույքի նկատմամբ սեփականության իր իրավունքից: Այնուհետև Մաշտոցի պողոտայի Ծածկած Շուկան ազգայնացնել ու վերադարձնել Երևանի համայնքին»:

Ընդ որում, ճարտարապետների կարծիքով, քրեական գործ հարուցողը  հենց Երեւանի քաղաքապետարանը պետք է լինի:

Մինչդեռ նախկին քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը գտնում է, որ ոչ թե Սամվել Ալեքսանյանին պետք է դատի տալ, այլ հենց քաղաքային իշխանություններին, քանի որ հենց քաղաքապետարանն է այդ ամենի հեղինակը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Խաչատրյանն ասաց. «Ճարտարապետների այդ քայլը ողջունելի է, սակայն հարց է ծագում` ինչո՞ւ ոչ քաղաքային իշխանություններին, այլ սեփականատիրոջը: Քրեական գործ պետք է հարուցվի իշխանության նկատմամբ, իշխանության այն մարմինների, որոնք պատասխանատու են՝ քաղաքապետարանի, քաղաքաշինության նախարարության, մշակույթի նախարարության, ի վերջո այդ շենքը համարվում է պատմաշակութային արժեք: Ես համոզված եմ, որ եթե իշխանությունը թույլ չտա, Հայստանում որեւէ անօրինականություն, այն էլ՝ այսպիսի, տեղի չի ունենա, սա իշխանության բացթողումն է»:

Արդյոք ճարտարապետների այս նախաձեռնությունը որեւէ արդյունք կունենա՞ եւ, նախընտրական շրջանը հաշվի առնելով, ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը որեւէ զիջման կգնա՞՝ մեր այս հարցին նախկին քաղաքապետն պատասխանեց. «Կարծում եմ՝ արդյունք կունենա, բոլոր դեպքերում այսպիսի քաղաքացիական պահվածքը միշտ պետք է խրախուսվի, բոլորի կողմից: Իսկ թե կոնկրետ ի՞նչ արդյունք կունենա, կամ չի ունենա՝ կտեսնեք: Թեկուզ, ես որեւէ ակնկալիք չունեմ գործող իշխանությունից, որ մի բան հաշվի կառնեն, բայց բոլոր դեպքերում նման քայլերը ողջունելի են»:

Պարոն Խաչատրյանի դիտարկմամբ` եթե մեծ ցանկություն կա պայքարել Ծածկած շուկայի փրկության համար, ապա կարելի է տարբեր ձեւեր ընտրել, կարելի է շուկայի մոտ պիկետ անել, նստացույցեր կազմակերպել:

Մեր դիտարկմանը` նստացույցերով հնարավո՞ր է Մաշտոցի պուրակի հաջողությանը հասնել, հատկապես, որ այս դեպքում պայքարը Սամվել Ալեքսանյանի հետ է, պարոն Խաչատրյանն ասաց. «Մաշտոցի պուրակի հաջողությունը պայմանավորված էր  իշխանության կոնկրետ ծրագրով, հնարավոր է հիմա էլ մի ծրագիր լինի, ու հայտնվի մեկը ու կախարդական փայտիկը խփի, ասի` կանգնեցրե’ք, սիրուն բան չեք անում: Ինչ ուզում են` թող անեն, կարեւորը ՝փրկեն շուկան, ինձ համար որպես արժեք, որ փրկվի, ես միայն ուրախ կլինեմ: Պարզապես իշխանությունն իր տեղում չէ, իսկ սեփականատերը 2-րդ, 3-րդ, չգիտեմ` որերորդ խնդիրն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930