«Հրապարակային զրույց» միջոցառումների շրջանակում այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ բաց դասախոսություն, որը հիմնականում ընդգրկում էր լռության թեման:
Սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով լռության տեսակները, շեշտը դրեց «հանրային լռության» վրա:
Դասախոսության մասնակիցները նշեցին, որ հասարակության այս կամ այն անդամները հաճախ ստիպված են լինում լռել, քանի որ իրենց մտքերն ազատ շարադրելիս հաճախ հանդիպում են ճնշման հասարակության մյուս անդամների կողմից:
Ազատ խոսքի ճնշման պարագայում, դասախոսության մասնակիցների համոզմամբ, կարող են մեծապես օգնել սոցիալական ցանցերը, որտեղ մարդիկ ավելի ազատ են զգում իրենց մտքերն արտահայտելիս, եւ որտեղ բացառվում է ֆիզիկական ճնշումը:
Կարդացեք նաև
Aravot.am-ը սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե հանրային լռության տեսանկյունից հայ հասարակության մեջ ի՞նչ տեղաշարժեր են նկատվում:
Սոցիոլոգը պատասխանեց. «Մենք ամեն դեպքում որոշակի դինամիկա կարող ենք տեսնել: Եթե համեմատելու լինենք մի քանի տարի առաջվա պատկերը այսօրվա պատկերի հետ, հիմա խոսակցությունները շատ ավելի շատ են: Բայց դա բավարար համարել ես չեմ կարող»:
Սոցիոլոգի կարծիքով՝ ազատ խոսքը արտահայտելու համար նախեւառաջ պիտի լինեն համակարգային փոփոխություններ, եւ քաղաքացին ազատ արտահայտվելու հնարավորություն ունենա:
«Պետք է լինեն ինչ-որ եղանակներ, միջոցներ հասարակության մեջ, որոնք թույլ կտան քեզ ազատ, առանց վտանգի տակ դնելու քո հաստատած կենսակերպը, քո ունեցածը, բարձրաձայնել այն կարծիքը, որ դու ուզում ես»,-նշեց սոցիոլոգը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ