Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևան-Վան ու Երևան-Ստամբուլ չվերթների դադարեցումը մեծ ապտակ կլինի հայկական դիվանագիտության համար»

Ապրիլ 01,2013 18:16

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով թուրքական կառավարության կողմից Երևան-Վան ու նաև Երևան-Ստամբուլ չվերթների դադարեցման մտադրությանը, ասաց, որ Թուրքիան այս քայլով ոչ միայն առճակատման է գնում Հայաստանի Հանրապետության, այլ նաև Եվրամիության և ԱՄՆ-ի հետ, որոնք շատ մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի 2009 թվականին ստորագրվեն ցյուրիխյան արձանագրությունները:

«Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Երևան -Վան –Երևան չվերթը պետք է կայանա ապրիլի 2-ին, որը ուղղակիորեն հիստերիա առաջացրեց ադրբեջանական իշխանությունների մոտ: Ինչպես միշտ , Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և , ինչպես նաև ադրբեջանական «Ենի Ազրբեջան» կուսակցության ներկայացուցիչները ելույթ ունեցան հայտարարություններով, որ Թուրքիայի այդ քայլը բացարձակ չի համապատասխանում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին , և չի համապատասխանում ընդհանուր առմամբ թուրք ժողովրդի շահերին: Թուրք ասելով` ես ի նկատ ունեմ և ադրբեջանցիներին և թուրքերին : Եվ օրեր անց թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ ապրիլի 2-ին, թե 3-ին իրականացվելիք Երևան-Վան-Երևան առաջին ավիաչվերթը կասեցվում է, և թուրքական պետական ծառայությունները թույլ չեն տալիս այդ չվերթը կազմակերպող տուրիստական գործակալություններին իրականացնել այն: Սա մեծ հրճվանք առաջացրեց ադրբեջանական իշխանությունների մոտ, որոնք մինչ այդ հայտնեցին, որ այդ ամենը նշանակում է, որ թուրքական իշխանությունները դավաճանում են Ադրբեջանին, և Երևան-Վան-Երևան չվերթի իրականացման դեպքում բացվում է հայ-թուրքական սահմանը: Սա , իհարկե, իրականությանը չի համապատասխանում, և ես աբսուրդ եմ համարում:

Ցավոք, սա քիչ էր , մի երկու օր առաջ թուրքական լրատվամիջոցները պաշտոնապես հայտնեցին, որ ապրիլի 1-ից թուրքական իշխանությունները կարգելեն իրականացնել Երևան-Ստամբուլ_Երևան ավիաչվերթը, որը միշտ իրականացվել է` չնայած հայ-թուրքական հարաբերությունների վայրիվերումներին, դրանից մեծամասամբ օգտվել են Հայաստանից Թուրքիա մեկնող առևտրականները և զբոսաշրջիկները», -ասում է Գագիկ Համբարյանը:

Ըստ քաղաքական մեկնաբանի, սա մեծ ապտակ է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացնող անձանց նկատմամբ, մեծ հարված է նաև ՀՀ նախագահին, ով մինչև հիմա, չգիտես ինչու, մեծ հույս ունի, որ թուրքական իշխանությունները երբևիցե կիրագործեն Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: « Ես պետք է նշեմ, որ չնայած թուրքական պետական պաշտոնյաները դեռ չեն հաստատել , որ ապրիլի 1-ից չի իրականացվելու այդ չվերթը, միևնույն ժամանակ հայկական կողմն էլ պաշտոնապես չի հայտարարել , դա իրականացվելու է, թե ոչ , այսինքն հավանականությունը, որ թուրքական իշխանությունները կարգելեն այս չվերթը, շատ մեծ է :Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս , որ հայկական կողմի տարվող քաղաքականությունը թուրքական իշխանությունների և թուրքական պետության նկատմամբ բացարձակ սխալ է: Թուրքիան այդ արձանագրությունները այսքան տարիների ընթացքում օգտագործեց, որպեսզի շանտաժի Հայաստանի Հանրապետությանը և միջազգային հանրությանը , որ եթե որևիցե մի երկիր օրենսդիր կամ այլ մակարդակում ընդունի Հայոց ցեղասպանության իրողությունը, ուրեմն դա շատ մեծ վնաս կհասցնի գոյություն չունեցող հայ-թուրքական հարաբերություններին:

Ես նաև գտնում եմ, որ եթե հանկարծ պարզվի, որ իրոք թուրքական իշխանությունները, ադրբեջանցիների շանտաժին կուլ գնալով, արգելելու են Երևան-Ստամբուլ-Երևան ավիաչվերթը, ապա հայկական կողմը պետք է ոչ միայն համապատասխան նոտայով հանդես գա, այլ նաև պետք է վերջնականապես հրաժարվի Ցյուրիխում ստորագրած արձանագրություններից: Եվ հայտարարի, որ մենք զիջելու էլ տեղ չունենք, որովհետև թուրքական իշխանությունների կողմից ոչ մի կոնկրետ առաջարկ կամ ոչ մի քայլ չի կատարվել հայ-թուրքական հարաբերությունները գոնե նորմալացնելու առումով:

Ես մի բան եմ նկատել, ինչքան թուրքերին զիջում ես, էնքան թուրքերի պահանջները մեծ են դառնում հայկական կողմի նկատմամբ և ավելի լկտի պահանջներով են ուզում ներկայանալ մեր պետության դեմ:

Միևնույն ժամանակ մենք չպետք է մոռանանք, որ հայ –թուրքական հարաբերությունների շահարկումը միշտ էլ եղել է խաղաքարտ արևմտաեվրոպական պետությունների և ԱՄՆ-ի ձեռքին, որոնք միշտ օգտագործել են այն` Թուրքիայում իրենց շահը առաջ տանելու համար` ի վնաս հայ ժողովրդի: Եվ վերջապես այդ արձանագրություններից հրաժարվելը կբարելավի Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները, որոնք բավական սրվեցին արձանագրությունները ստորագրելուց հետո»,- ասում է քաղաքագետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930