ՀԱԿ նախաձեռնող խմբի անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Զոյա Թադեւոսյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դադարեցմանն ու մարզային հանրահավաքների վերսկսմանը՝ ասաց. «Դա Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարությունն է, իսկ մարտավարության հեղինակին մեկնաբանել կամ քննադատել չէի ցանկանա: Ամեն դեպքում՝ գտնում եմ, որ դա քաղաքական պայքարի ձեւ չէ, եւ ոչ մի օգուտ չի կարող տալ շարժմանը: Ւսկ թե ինչու իր կողմից կայացվեց այդ որոշումը, ինքը պիտի ասի: Իսկ ես չեմ կարծում, որ հացադուլը պետք էր, եւ ընդհանրապես հացադուլը որպես քաղաքական պայքարի մեթոդ ընդունելի է: Քաղաքական անձը պետք է միշտ ցուցաբերի իր քաղաքական վարքագիծը, ապրելակերպը, քաղաքական կտրուկ դիրքորոշումը, հիմնավորված, փաստարկված, եւ դա պետք է այնպիսին լինի, որ մասսաներին հավատ ներշնչի, որ որեւէ մեկը չքննադատի, չկասկածի եւ դրա մեջ չգտնի այլ մտադրություններ, այլ երանգներ: Այս պայքարում, այս նստացույցի, հացադուլի մեջ, շատ էր կասկածները, հետեւաբար պետք էր այլ դիրք գրավել»: Տիկին Թադեւոսյանն ավելացրեց, թե քաղաքականացված հասարակությանը պետք էր տանել քաղաքական ճանապարհով:
Իսկ թե ինչ կփոխվի Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո, Թադեւոսյանը նշեց, որ ամեն ինչ կախված է ապրիլի 9-ից. «Եթե ամսի 9-ին մեր հասարակությունը, հնարավորինս մեծաթիվ, կարողանա ի հակակշիռ ցույց տալ իր «ոչ» -ը հրապարակներում, «ոչ» ասի նախագահին, այ սա կարող է ինչ որ բան փոխել, իսկ եթե դա չեղավ, ապա քաղաքական պայքարը չի ավարտվի»:
Զոյա Թադեւոսյանի խոսքով՝ կա ընդդիմադիր լայն հասարակություն ու ամսի 9-ից հետո այդ հասարակությունը կգնա իր ճանապարհով, այսինքն՝ «Այն քաղաքական հասարակությանը, որ այսօր կա Հայաստանում, ՀԱԿ-ը կտանի ճիշտ ճանապարհով, ապա կունենանք Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, իսկ դրանից հետո կշարունակվի իրավիճակի լայնամասշտաբ փոփոխությունը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
իսկ ԲՀԿ-ին գովերգել պետք է, եթե նույն որոկները ունեն ՀՀԿ-ի պես??