Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազնավուրի հարցազրույցը` Սփյուռքի եւ Անկարայի միաժամանակյա քննադատության թիրախ

Ապրիլ 01,2013 17:33

Քննադատության պատճառը շվեյցարական հեռուստաալիքին տված հարցազրույցում աշխարհահռչակ շանսոնյեի հնչեցրած արտահայտություններն են:

Շառլ Ազնավուրը հայտնվել է թուրքական իշխանությունների եւ շվեյցարահայ համայնքի խաչաձեւ քննադատության տարափի տակ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մարտի 24-ին շվեյցարական խոշորագույն ֆրանսալեզու հեռուստաալիքին` RTS-ին տված ծավալուն հարցազույցում Ազնավուրը հանդես եկավ մի շարք կտրուկ հայտարարություններով` մասնավորաբար ասելով, թե «թքած ունի Ցեղասպանություն բառի վրա, քանի որ իր համար առավել մեծ կարեւորություն ունի պատմական փաստերի ճանաչումը»:

Շվեյցարիայի հայ համայնքի ամենաակտիվ գործիչներից մեկը` Շվեյցարիա – Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր պնդում էր, որ բարձր դիվանագիտական պաշտոն զբաղեցնող շանսոնյեի հայտարարությունները «իրական ծաղր են» միջազգային ասպարեզում պաշտոնական Երեւանի գործադրած ջանքերի հանդեպ:

«Հայաստանի դեսպանը, այն էլ եռապատիկ` Շվեյցարիայում, ՅՈւՆԵՍԿՕ-ում եւ ՄԱԿ-ի կառույցներում, չի կարող իր կառավարության դիրքորոշմանը հակառակ կարծիք հայտնել` ասելով, թե ինքը «թքած ունի ցեղասպանություն բառի վրա»: Որքան էլ կարեւոր լինի հասկացնելը, որ իրականությունը բառերի վրա խաղալը չէ, այլ բուն էությունն է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի աղետի ծանրությունը, այնուհանդերձ, Հայաստանը ներկայացնող որեւէ դեսպան չի կարող հանդես գալ նման հայտարարությամբ: Այն էլ երկու օր անց այն բանից, երբ ՄԱԿ-ում ցեղասպանությունների կանխարգելման մի բանաձեւ էընդունվում, որի շարժիչ ուժերից մեկը նաեւ Հայաստանի կառավարությունն էր», – ասաց Շահինյանը:

«Եվ ի վերջո, ի՞նչ է նշանակում` թքած ունենալ ցեղասպանություն բառի վրա: Ցեղասպանություն բառը մի իրողություն է, որ ծանր կերպով հարվածել է ողջ հայ ժողովրդին` այդ թվում հենց Ազնավուրի ընտանիքին: Ի վերջո, կան շատ ավելի բարձրաստիճան ատյաններ, քան Ազնավուրը, որոնք զբաղված են ցեղասպանության կանխարգելմամբ ու դատապարտմամբ», – ընդգծեց շվեյցարահայ գործիչը` հավելելով, որ ցավալի է, երբ նման հայտարարությամբ հանդես է գալիս Շվեյցարիայում Հայաստանի շահերը ներկայացնող դեսպանը:

«Մեզ համար այս մոտեցումն անընդունելի է, քանի որ հենց շվեյցարացի խորհրդարանականներն էին, որ տասնյակ տարիներ շարունակ Ազնավուրի «թքած» այդ բառի համար սարսափելի լարված պայքար տարան, եւ ի վերջո 2003 թվականին Շվեյցարիայի Ազգային Ժողովը ճանաչեց այդ բառը որպես իրողություն», – նշեց Սարգիս Շահինյանը:

Ազնավուրի այս հարցազրույցի մեկ այլ հատված էլ լուրջ  դժգոհություն առաջացրեց Անկարայում:

Շվեյցարական հեռուստաալիքի եթերում Ազնավուրն ասել էր. – «Մի անգամ Թուրքիայի վարչապետը հայտարարեց, թե ինքը ատում է հայերին ու հույներին: Երկրի կառավարության ղեկավարը չի կարող հանդես գալ նման հայտարարություններով»:

Սրան ի պատասխան` Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեւենթ Գյումրուքչուն երեկ  գրավոր հայտարարություն տարածեց, որում նշում էր. – «Մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչ փաստերի վրա հիմնվելով է հնչեցվել այդ հայտարարությունը: Մենք խստորեն դատապարտում ենք այդ անիմաստ ու հիմնազուրկ պնդումները: Թուրքերը հայերի եւ հույների հետ խաղաղ համակեցության երկարատեւ փորձ ունեն»:

Միաժամանակ, թուրքական դիվանագիտական գերատեսչության խոսնակը բավական դրական կերպով է արտահայտվել Ազնավուրի հարցազրույցի` իր բնորոշմամբ կառուցողական հատվածի վերաբերյալ:

«Մենք ողջունում ենք Ազնավուրի նման աշխարհահռչակ արվեստագետի ու մտավորականի` հայ – թուրքական հարաբերությունների բարելավման անհրաժեշտության մասին հայտարարությունները», – նշել է թուրքական ԱԳՆ-ի խոսնակը:

Սարգիս Շահինյանի խոսքով`«շատ հետաքրքրական է, որ թուրքերը Ազնավուրի հայտարարության մի մասն ընդունում են, մյուսը` ոչ»:

«Ազնավուրի հայտարարությունը սարսափելի վտանգավոր է, քանի որ հնարավորություն է տալիս թուրքական կառավարությանն ասել` «նրա հայտարարության այս մի հատվածն ընդունում ենք, մյուս հատվածը` ոչ»: Մենք միջազգային ատյաններում մեզ ծաղրական դրության մեջ ենք դնում: Այն ուժերը Թուրքիայում եւ Թուրքիայից դուրս, որ զբաղված են Ցեղասպանության ժխտմամբ, այս ամենից կարող են հստակ դիվիդենտներ քաղել», – համոզված է Հայաստան – Շվեյցարիա խորհրդարանական խմբի քարտուղարը:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սիմո says:

    Շառլը երբեք էլ չի հպարտացել իր Հայ լինելով. Նույն վերնշված հաղորդման ժամանակ նա ասեց որ իր լեզուն հայերենը չէ. Հաղորդման անվանումն էլ 《ներեցեք ինձ》..ոչ մի ներողություն նա չխնդրեց, բայց ենքան սխալ բաներ խոսեց որ հիմա արդեն հասկացվում է որ կարծես թե նախորոք եկել եր 《դուս տար 》որ հետո արխաին ներողություն խնդրի…

  2. Maxim says:

    Գուցե Շառլի տարիքն է իր խոսքն ասում: Հիշենք,՝ երբ արդարացիորեն քննադատեց մեր երկրում
    գործող հանցավոր վերնախավին, ապա շնորհավորեց այդ հանցախմբի պարագլխին, որը նորից
    հանցավոր մեխանիզմով զավթեց՝ նախագահական աթոռը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930