Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանավեճ Եղեգնաձորում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը

Ապրիլ 01,2013 17:15

Այսօր Եղեգնաձորում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ընթացքում բնակիչներից մեկը՝ Աշխենը, բարձրախոս խնդրեց եւ հայտարարեց, որ ինքը ընտրել է Սերժ Սարգսյանին. «Ես բազմազավակ մայր եմ, դուք էլ բազմազավակ ընտանիքի ծնող եք, մեր Զարուհի Փոստանջյանը նույնպես 4 երեխաների մայր է: Որպես մայր եւ որպես ընտրող, որովհետեւ դա իմ իրավունքն է, ես ընտրել եմ Սերժ Սարգսյանին, իմ կողքին ապրող իմ բարեկամ, դրկից, ծանոթ ընտրել են ձեզ: Ամեն ոք, պարզ է, ցանկանում է նախագահի պաշտոնում տեսնել իր ընտրյալին, բայց երկրի նախագահի պաշտոնը ստանձնող անձը առաջին հերթին Աստծո ընտրյալն է: Դա իմ անձնական կարծիքն է: Լինելով մայր, կոչ եմ անում ձեզ ամեն ինչ անել՝ հանուն խաղաղության: Մենք հարգում ենք ձեզ, սիրում ենք՝ որպես հայրենասեր, հայրենադարձ մարդ, դուք ունեք այսօր փաստացի  37 տոկոս ընտրող: Դա մեծ թիվ է, բայց փաստերը խոսուն են ավելի քան, որ 58 տոկոսն  ընտրել է Սերժ Սարգսյանին: Ի՞նչ լավ բանի կարող է տանել այս պայքարը, 58 տոկոսն ասում է՝ ընտրել է Սերժ Սարգսյանին: Մենք  նախագահի պաշտոնում ուզում ենք տեսնել գործող նախագահին, շնորհակալ ենք Սերժ Սարգսյանին: Կարող է ձեր կողքին մարդիկ կան, որ ուզում են տեսնել ձեզ, դա իրենց ազատության իրավունքն է»:

Րաֆֆի Հովհանիսյանը շնորհակալություն հայտնեց կնոջը, որ եկել է եւ  հրապարակավ իր կարծիքն է հայտնում, բայց չհամաձայնեց նրա գնահատականների հետ՝ ասելով. «Բոլորը գիտեն, որ այս ընտրությունը  կատարվել է համատարած գողության, ստի, կեղծիքի, լցոնումների, ուսուցիչների, զինվորների ուղղորդման հաշվին: Նախագահը, որ մենք չենք  ունեցել դե յուրե 20 տարիների ընթացքում, ոչ թե Աստծո ընտրյալն է, այլ ժողովրդի ընտրյալը պիտի լինի: Աստծո գործոնը խնդրում եմ չխառնել Հայաստանի քաղաքացու պարտականության հետ: Առավել քան ակնհայտ է, որ փետրվարի 18-ին, որտեղ չեղան լցոնումներ, ճնշումներ, սպառնալիքներ, ժողովուրդը հաղթեց: Սա Սարգսյանի եւ Հովհաննիսյանի պայքարը չէ»:

Աշխենը վստահեցրեց, որ Վայոց ձորում ընտրակեղծիքներ չեն եղել: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ գուցե դրա մեջ ճշմարտության կորիզ կա, որովհետեւ գուցե համեմատած Գեղարքունիքի, Արտաշատի, Արմավիրի, Արարատի հետ՝ քիչ են եղել կեղծիքներ:

Աշխենին հակադարձեց մեկ այլ բազմազավակ եղեգնաձորցի, որը ներկայացրեց մի շարք դժգոհություններ մարզպետից եւ Սերժ Սարգսյանից՝ ասելով, որ մի տրցակ դիմումներ ունի, որ 3 տղաները ծառայում են բանակում, միայնակ մայր է, սկի բնակարան չունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՈՉ ՄԻ մահկանացու այս երկրի վրա «աստծո ընտրյալ» չէ: Աստված լավ կաներ Դեր-Զորեր թույլ չտար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930