Լրահոս
Օրվա լրահոսը

«Մագելանի քարանձավը օգտագործման իրավունքով որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի հանձնված չէ»

Ապրիլ 01,2013 17:09

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ինկար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սմբատ Դավթյանը հայտարարել էր, որ Մագելի (Մագիլի, Մագելանի) քարանձավի վարձակալության եւ այն զբոսաշրջային նպատակներով օգտագործելու համար 2007թ.-ին դիմել է մշակույթի նախարարությանը, որի պահանջով կազմել է օգտագործման ծրագիր, անցկացրել համապատասխան փորձաքննություններ եւ հասարակական լսումներ` ստանալով դրական եզրակացություն: «Նախարարն արդյունքում համաձայնվեց վարձակալության տալ քարանձավը: Այդ գրությունից անցել է մեկ ու կես տարի, բայց պայմանագիր այդպես էլ չի կնքվել: Մագելի քարանձավը որպես «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին ամրացված գույք են ներկայացնում, բայց համապատասխան փաստաթուղթ չկա: Ասում են, թե քարանձավը ՊՈԱԿ-ի սեփականությունն է, բայց այն պետական սեփականություն համարվող հուշարձանների ցանկում է»,-ասել էր Դավթյանը:

Խնդրի հստակեցման շուրջ Aravot.am-ի գրավոր հարցմանը մշակույթի նախարարությունը պատասխանեց, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացված առկա փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող «Մագելանի քարանձավ» պատմամշակութային հուշարձանը գտնվում է «Արփի» բնապատմական արգելոցի տարածքում, որը ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի թիվ 312-Ն որոշման 4-րդ կետի համաձայն, որպես պետական սեփականություն, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:

Պատասխանում նշվում է, որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ: «Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի: Վերոգրյալ իրավական նորմերի համաձայն՝ «Մագելանի քարանձավ» պատմամշակութային հուշարձանը և սպասարկման տարածքը մեկ տարուց ավելի ժամկետով վարձակալությամբ կարող է հանձնվել միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումն ընդունվելուց հետո: Այդ կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության կողմից մշակվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ, որը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ և ներկայացվել ՀՀ կառավարություն: Վերջինս նախագիծը վերադարձրել է լրացուցիչ քննարկման, ինչի կապակցությամբ 07.03.2013թ. ՀՀ մշակույթի նախարարությունը համապատասխան գրությամբ հարցում է արել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ «Մագելանի քարանձավ» պատմամշակութային հուշարձանի տարածքի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն իր՝ 22.03.2013 թ. պատասխան գրությամբ հայտնել է, որ «Մագելանի քարանձավ» պատմամշակութային հուշարձանը գտնվում է «Արփի» բնապատմական արգելոցի տարածքից դուրս: Այսինքն, «Մագելանի քարանձավ» պատմամշակութային հուշարձանը օգտագործման իրավունքով որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի հանձնված չէ: Հիշյալ փաստը ՀՀ մշակույթի նախարարությանը իրավական հիմք է տալիս մրցութային կարգով քարանձավը վարձակալության հանձնելու վերաբերյալ որոշման ընդունմանը»,-ասվում է նախարարության գրության մեջ:

Պատասխանում նաեւ հաստատվում է, որն «Արփի» բնապատմական արգելոցը, և «Մագելանի քարանձավ» պատմամշակութային հուշարձանը հանդիսանում են պետական սեփականություն. «Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կանցկացնի համապատասխան մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ կկնքի «Մագելանի քարանձավ» պատմամշակութային հուշարձանի վարձակալության պայմանագիր: Ի դեպ, խնդրի լուծման ընթացքի վերաբերյալ տեղեկացվել է նաև «Ինկար» ՍՊԸ-ին»:

Նախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված են վեց քարանձավներ, որոնց պահպանությունն իրականացվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից և վերջինիս կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, ներկայումս փակվել են Մոզրովի, Արջեր, Մագելանի քարանձավների մուտքերը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930