Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքական հետապնդումների դեպքերի գրանցման համար ՀՀ-ն նկատողություն է ստացել

Ապրիլ 01,2013 16:57

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ), Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի (ՆՀԿ) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ներկայացրած միջանկյալ այլընտրանքային զեկույցում մասնավորապես ՀՀ-ին կոչ է արվում հետևյալը. «Վերջ դնել քաղաքական դրդապատճառներով ընդդիմության անդամ համարվող անհատների հետապնդմանը և քայլեր ձեռնարկել օրենքի գերակայությունը ամրապնդելու համար, այդ թվում` ապահովելով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում ամրագրված նվազագույն երաշխիքների նկատմամբ հարգանքը, օրենքի հավասար պաշտպանությունը և դատական համակարգի ​​անկախությունը»:

Aravot.am-ն իրավապաշտպանների հետ զրույցում հետաքրքրվեց՝ միջազգային կառույցների կողմից ՀՀ-ին վերոնշյալ հարցերի հիշեցման հաճախականությանը զուգահեռ ՀՀ իշխանությունների կողմից նկատվո՞ւմ է խնդիրներին լուծում տալու հարցում քաղաքական կամքի դրսևորում:

«Իրավունքի և ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանն այս կապակցությամբ ասաց. «Այն, որ դրսի կազմակերպությունները ժամանակ առ ժամանակ քաղբանտարկյալների, քաղաքական նկատառումներով հետապնդվող մարդկանց խնդիրներին են անդրադառնում, դա լավ է և գործուն լծակ ՀՀ իշխանությունների վրա: Սակայն ես քաղաքական կամքի դրսևորում չեմ տեսնում: ՀՀ իշխանություններն իրենց դիրքերն ամրապնդելու համար դիմել են և շարունակում են դիմել քաղաքական հետապնդումների: Դրա վառ օրինակը ՀԱԿ երիտասարդների, Տիգրան Առաքելյանի գործն է: Դրսի ճնշումները պիտի լինեն այնքան ուժեղ, որ ՀՀ իշխանությունները ստիպված լինեն քայլերի դիմել: Թե չէ սպասել, որ կհասկանան գործի էությունն ու կարևորությունը, դրա համար երկար ժամանակ կպահանջվի»:

Իշխանական թևից հնչող այն հակափաստարկներին թե դրսի կառույցները վերոնշյալ հարցերն օգտագործում են ներքաղաքական ճնշումների համար, Վ. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Մարդու իրավունքների պաշտպանությունը սահմաններ չի ճանաչում, վեր է պետական, իշխանական շահերից, և ես որևէ նման մտավախություն չունեմ: Այդ հակափաստարկների առիթով հիշեցնեմ, որ Խորհրդային Միությունն էր ասում, թե խառնվում են մեր ներքին խնդիրներին և այլն: Այսինքն՝ բոլոր դիկտատորական երկրներն են փորձում այդպես արդարանալ: Մարդու իրավունքները ներքին խնդիրներ չեն: Օրինակ, եթե Բրազիլիայում Կանադայում, Ամերիկայում խախտվում են մարդու իրավունքները, դա նաև մեր՝ հայաստանցիներիս խնդիրն է»:

Փաստաբան Տիգրան Եգորյանը բարձրացված հարցի առիթով հիշեց հետընտրական զարգացումներն ու այսպիսի կարծիք հայտնեց. «Քաղաքական կամքի դրսևորման պարագայում գոնե պիտի տեսնեինք ընտրական գործերով արդար դատաքննություն: Այնինչ, տեսնում ենք, որ ՀՔԾ-ն զբաղված է փաստաբանների հետ մանր-մունր հակամարտություններով՝ ցանկանալով ապացուցել, թե ինքը ՀՔԾ-ն է, ոչ թե սովորական քննչական մարմին: Այս պարագայում խոսք կարո՞ղ է գնալ քաղաքական կամքի մասին, եթե ամենակարևոր քննչական մարմինն ընտրախախտումների գործերով արդյունավետ քննություն չի իրականացնում»:

Տ. Եգորյանը օրինակ բերեց Նարինե Իսմայիլի, Արտակ Համբարձումյանի և Նարեկ Բաբայանի գործերը ու մանրամասնեց. «Ինչպե՞ս կարող ենք խոսել քաղաքական կամքի մասին, եթե 20-ից ավելի գործերի առնչությամբ տարբեր տրամաչափի դատախազներ և ոստիկանության ներկայացուցիչներ փորձելով զարմացնել մեզ բարձրաձայնում էին անկախ քննություն անցկացնելու իրենց պատրաստակամության մասին տարբեր հաղորդաշարերով, սակայն այժմ ականատես ենք, թե ինչպես են այդ գործերի մեծ մասը հերթով իրար հետևից մերժվում: Ի՞նչն է խնդիրը, որ պետությունը չի դրսևորում բավարար քաղաքական կամք և պատշաճ քննության չի ենթարկում ընտրակեղծիքների բոլոր գործերը, ավելին՝ դրանց մեծ մասը քննում և մերժում են տարբեր քննչական մարմիններ, բայց ոչ ՀՔԾ-ն, այնինչ օրենքով դրանք հենց ՀՔԾ-ն պետք է քննության առնի: Օրինակ՝ մինչև ՍԴ որոշումը ամենաթեժ փուլում տարբեր դատախազական մարմիններ շատ ակտիվ էին, նրանց ներկայացուցիչներն անընդհատ թվեր էին հաղորդում նախապաստրաստված նյութերի և հարուցվող գործերի մասին: ՍԴ որոշումից հետո դրանց մասին ոչ ոք չի խոսում: Ավելին, մինչ այսօր մենք ունենք 2012-ի ԱԺ ընտրությունների ժամանակ չհարուցված գործերով բողոքարկման գործընթաց: Մինչև հիմա այդ գործերին լուծում չի տրվել: Բոլոր գործերը թաքուն սկսեցին մերժվել: Այս ամենի պարագայում ի՞նչ քաղաքական կամքի մասին կարող է խոսք լինել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930