«Աստվածաշունչն ասում է՝ ապրողներին թող մեռելների մեջ չփնտրեն: Հայ ժողովուրդն ապրում է, չի մեռել եւ հարություն է առել: Հայ ժողովուրդը կենսունակ է, վերադարձել է միջազգային հանրություն եւ վերադարձել է իր երկիր՝ հայրենիք,- այսօր Եղեգնաձորում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը,- ես պիտի ապրեմ՝ տեսնելու այն օրը, որ մեր քաղաքը, մեր մարզը ամբողջովին պատկանի հայ ժողովրդին»:
Նա հիշեց անցավորներին, ողջունեց սգո մեջ գտնվողներին, քանի որ այսօր մեռելոց է եւ տեղեկացրեց, որ հիմա գնալու է Արարատ. «Արարատի մարզը ամենախայտառակ ընտրախախտ, կեղտոտ կուսակցականացված մարզն է, մարզերից մեկն է՝ Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արմավիրի եւ այլ մարզերի հետ մեկտեղ: Ես գիտեմ, որ ինչ գնով դուք տարաք հաղթանակը: Ես ոչ թե երախտագետ եմ, այլ՝ ձեր պարտականությունն է, որ հիմա իմ հետ միասին այս պայքարը՝ ձեր պայքարը տանենք մինչեւ ապրիլի 9-ը եւ դրանից հետո նոր Հայաստան: Գնում ենք Արարատ, որտեղ երեկ քաղաքապետն ինձ սպառնաց, որ ինձ վռնդելու է քաղաքից: Կտեսնենք: Կտեսնենք, թե ով ժողովրդի հետ կամ դեմ խաղ է տալու: Ես ձեզ վստահեցնում եմ՝ ինքը ամերիկացի լինի, թե եվրոպացի, չինացի, թե ռուս՝ բոլորը մեր գլխի վրա տեղ ունեն, եթե հաղթեն մեր քաղաքացու ընտրությունը եւ մեր ազգային շահը, բայց ով դեմ կանգնեց ժողովրդին, հատկապես եթե հայաստանցի պաշտոնյա է, կուսակցապետ, ընտրախախտ, Աստված չանի՝ համազգեստավոր, որովհետեւ ժողովրդի այս ընթացքը չեն կանգնեցնելու»: Նա վստահեցրեց, որ մենք պիտի տեսնենք, որ այս պայքարն իզուր չէ. «Թող պատրաստվեն ժայթքման, որովհետեւ սա արդեն իրենց բոստանը չէ, սա հայ ժողովրդի հայրենիքն է»:
Մի եղեգնաձորցի Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց. «Արարատի քաղաքապետի նման նմանատիպ ահաբեկում ձեզ ցանկություն էր ունեցել հայտնել նաեւ Սյունյաց մարզպետը: Սյունիքից եք գալիս, նա հանդիպե՞ց ժողովրդին հրապարակում: Վախեցա՞վ: Ես ուզում եմ ըտենց լինի, ըտենց հնչի, որ մեր ամբողջ ձորերը, Վայոց ձորը իմանա, որ վախկոտներն են նման հայտարարություններ անում: Ժողովուրդ, մի՛ վախեցեք»:
Հանդիպումը հեռարձակվում էր «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ