Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տանձատափում ՀԷԿ կառուցելով կառավարության զբոսաշրջության ծրագիրը հօդս կցնդի

Ապրիլ 01,2013 16:45

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Տանձատափի բնակիչներին հորդորել էր` նախապատրաստվել ընդունելու զբոսաշրջիկներին ու վերանայել իրենց կենցաղը տուրիզմի ծրագրերին համահունչ դարձնելու համար։

Սյունիքի մարզի Տանձատափ գյուղի բնակիչները վկայակոչելով կառավարության` Սյունիքի մարզին առնչվող տուրիզմի ծրագրերը, համոզմունք են հայտնում, որ դրանք այդպես էլ անկատար կմնան: «Տանձատափում 2 փոքր ՀԷԿ-րի կառուցմամբ, կվերանա ջրվեժը եւ ձկնաշխարհը»,-Aravot.am-ին ուղղված իրենց նամակում գրում են տանձատափցիները: Նամակի հասցեատերերը նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն են, սակայն տանձատափցիների` ամիսներ առաջ նրանց ուղղված գրավոր նամակին որեւէ արձագանք չի եղել: Այս գյուղի բնակիչները հիշեցնում են վերջերս իրենց գյուղ այցելած փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ասածները, որը Տանձատափի բնակիչներին հորդորել էր` նախապատրաստվել ընդունելու զբոսաշրջիկներին ու վերանայել իրենց կենցաղը տուրիզմի ծրագրերին համահունչ դարձնելու համար։ Սակայն ըստ այդ գյուղի բնակիչների՝
«Մեր երկրի, նրա ժողովրդի բարեկեցության խնդիրն այդպես էլ չի լուծվելու, քանի դեռ անձնական շահը գերակա է մեր ազգային, համաժողովրդական շահին: Սյունիքի մարզի Տաթեւի ենթաշրջանի գյուղերի, այդ թվում Տանձատափի հեռանկարը Տաթեւի ճոպանուղու եւ դրա հետ կապված, հարակից ու շարունակություն կազմող ծրագրերն են, որոնք նախատեսում են զբոսաշրջության զարգացում, հանգստյան գոտիների ծավալում՝օգտագործելով անզուգական բնաշխարհն ու հարուստ պատմամշակութային արժեքները, մեր ազգային ավանդույթները։ Սա մեր հանրապետության կառավարության մշակած ծրագիրն է, որի մասին ամիսներ առաջ Տանձատափում բնակչությանը իրազեկեց ՀՀ փոխվարչապետ Ա. Գեւորգյանը: Բայց տես, որ մեր 2 փոքր, սակավաջուր գետակների վրա արդեն մարդիկ սկսել են փոքր ՀԷԿ կառուցել, որով լիովին կվիժեցնեն կառավարության նշված ծրագիրը»։

Ըստ նրանց. «Արկածախնդրական այդ «ծրագրով» կվերանան ջրվեժր, ձկնաշխարհը, կխախտվի ամբողջ կենսոլորտը, իսկ երեք գյուղերի մնացած սակավաթիվ բնակչությունը ոռոգման ջուր չունենալու պատճառով ստիպված պետք է հեռանա օտար ափեր։

Արկածախնդիրներն արդեն բզկտել են, այլանդակել գյուղի կուսական բնաշխարհի մի հատվածր։ Հզոր պայթեցումներով ավերում են գեղատեսիլ քարափները, բնակերտ հուշարձանները, կտրվում են հազարավոր ծառեր ու թփեր։ Չես կարող հասկանալ ինչպե՞ս է մեկ-երկու հոգու թույլատրվում այսպիսի ավերումներ անել հանուն իրենց գրպանի։

Կանխեք, հարգարժան պաշտոնյաներ, Սյունիքը հարուստ է գործող էներգետիկ կառույցներով, դրան չէ, որ մենք սպասում ենք։ Այն աղետալի կլինի մեր բնաշխարհի եւ տարածքի գյուղական համայնքների համար, իսկ զբոսաշրջության եւ հանգստյան գոտու մասին խոսելն էլ` լիովին ավելորդ»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930