Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պարոն մարզպետ, ես այստեղ եմ, ժողովուրդը նույնպես, եկե’ք հիմա» (Տեսանյութ)

Ապրիլ 01,2013 16:15

Raffi-handipum«Ես ուրբաթ օրը ասացի, որ գալիս եմ Կապան՝ ժամը 10-ին պարոն մարզպետին ժամադրելու համար, եթե ինքն ինձ անելիք ունի` ասել, ջարդել, ինչպես իր սովորությունն է, հիմա ժամն է, պարոն մարզպետ, ես այստեղ եմ, ժողովուրդը նույնպես, եկեք’ հիմա», – Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր առավոտյան Կապանում կայացած հանդիպման ժամանակ հրապարակից դիմեց Սյունիքի մարզպետին եւ նշեց, որ չի ցանկանում խորանալ խայտառակ հարցազրույցի մանրամասների մեջ:

Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ միշտ հարգանքով է վերաբերվել եւ գնահատել է հայրենիքին նվիրված մարդկանց անցյալը` կենսագրության տվյալ ժամանակաշրջանի նրա կատարածը, բայց եւ այնպես գտնում է, որ Սյունիքի մարզպետը պարզաբանելու բան ունի ժողովրդին: «Պիտի հարգենք այդ մարդկանց պատմությունը: Բայց, երբ ես այս բանը ասացի, ուրբաթ գիշեր Արցախի մի քանի հրամանատարներ մոտեցան եւ ինձ ասացին հետեւյալ ճշմարտությունը…: Առաջարկում եմ հարգանք տածելով բոլորի անցյալի նվիրման նկատմամբ` թող պարոն Խաչատրյանը պարզաբանի ժողովրդին, թե երբ իր զինվորները Հորադիզում կոտորվում էին թուրքի կողմից եւ մյուս հրամանատարները նրանց դիակները հավաքում էին, որտե՞ղ էր պարոն Խաչատրյանը….», – հավելեց նա:

Պարոն Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» վերաբերյալ հայտնի արտահայտությամբ հանդես եկած երիտասարդ բնապահպանին պաշտպանելու, ու իրենց այդ քայլի վերաբերյալ Ֆեյսբուքում տեղ գտած դժգոհությանը: Վերջինս նշեց, որ իրենք կողմ են տնտեսական զարգացմանը, աշխատատեղ ստեղծելուն, բայց դա պետք է արվի մաքուր բնություն ապահովելով եւ երեխաների, բնակիչների առողջությունը չվնասելով: «Եթե հարգարժան երիտասարդ բնապահպանը ինչ-որ սխալ ձեւակերպում է տվել նուրբ հոգի ունեցող սիրելի’ ֆեյսբուքյան պաշտոնյա, ուրեմն ինքը կուղղի իր սխալը, բայց դուք նախ պետք է հարգեք ժողովրդի` ձեր աշխատավորի, արժանապատվությունը, ոչ թե գերշահույթներով միլիարդներ դիզեք ձեր գրպանների համար, իսկ ժողովրդին մի փշրանք աշխատավարձ տաք, այլ արժանավայել աշխատանք ապահովեք: Նաեւ ձեր պարտականությունն է մաքուր բնություն պահպանել եւ ընդունել, հասկանալ, որ ընդերքը ժողովրդի սեփականությունն է», – իր ելույթում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ վերջում հավաքին ներկա գտնվող մարդկանց հրավիրեց ապրիլի 9-ին Երեւանում կայանալիք հանրահավաքին:

Նշենք, որ Կապանում անցկացված հանդիպումը հանգիստ մթնոլորտում չանցավ, հանդիպման եկած քաղաքացիներից ոմանք իրենց ելույթներով ու հակադարձ կարծիքներով փորձում էին պարբերաբար միջամտել ընթացող ելույթներին, իրենց դժգոհությունը հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մի խումբ երիտասարդներ էլ բեմահարթակից «հեռացե’ք, հեռացե’ք» վանկարկելով՝ ժպտալով հեռանում էին այդտեղից:

Հանդիպման վերջում ոստիկաններից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ կազմակերպված հանրահավաքի վերաբերյալ քաղաքապետարան համապատասխան իրազեկում չի ներկայացվել եւ նկատի ունենալով հանրահավաքի անօրինական լինելը, հավաքի մասնակիցները կարող են ենթարկվել պատասխանատվության: Սակայն հավաքված բազմությունը բարձրաձայն գոռալով եւ աղմուկ հանելով ամեն ինչ անում էր, որ ոստիկանի այս ծանուցումը լսելի չլինի` դեմ արտահայտվելով հնչեցված հայտարարությանը:

Իսկ կապանյան այս հանդիպմանը, ի տարբերություն նախորդ հանդիպումներին, համեմատաբար քիչ թվով կապանցիներ էին հավաքվել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Տեղի ՀՀԿ-ական կլանը ամեն անգամ մի քանի ծախված-կամակատար պրովոկատոր է ուղարկում` հավաքներին ստվեր գցելու նպատակով/հույսով:Այս անգամ էլ:

    Ր.Հովհաննիսյանի ՉԱՓԱՀԱՍ երեխաները այստեղ ՈՉ ՄԻ կապ չունեն: Ր.Հովհաննիսյանը իր երեխաները չէ.Ր.Հովհաննիսյանը Ր.Հովհաննիսյանն է: Էդ մարզպետի տղան որ Ֆրանսիայում է,մեկը դրան բան ասա՞ց:

    Կապանում հավաքը առավոտն էր ու մարդկանց մի զգալի մասը չգիտեր. դրա համար:Տեղական 2 TV-ները հսկվում են ՀՀԿ-ի կողմից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930