Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի րոպե չանցած բոլորը եկան, ու ես ողջ-առողջ դուրս եկա հիվանդանոցից…». Օրվա կատակների մասին

Ապրիլ 01,2013 16:25

«Կոճակդ պոկվել է», «Վայ, տես շորդ մաքուր չի», «Հեռախոսդ է զանգում». այս և նմանատիպ այլ արտահայտությաններից այսօր, հատկապես, զգուշացեք, սրանք ապրիլմեկյան ամենատարածված կատակներն են: Այսօր աշխարհի բոլոր երկրներում տոնում են Ծիծաղի օրը: 2006 թվականի Հայաստանի կառավարության որոշմամբ, այս օրը պետականորեն ճանաչվեց որպես հումորի և երգիծանքի պաշտոնական օր:

«Ծիծաղը արև է, նա դեմքից հեռացնում է ձմեռը», – ասել է Վիկտոր Հյուգոն, իսկ ապրիլի մեկյան ծիծաղն էլ ավելի պայծառ ու վարակիչ է, քանզի մի ամբողջ օր նվիրված է ծիծաղին ու կատակներին: Ապրիլի մեկը նաև խաբելու, կատակելու օրն է: «Առավոտ երիտասարդականն» էլ հետաքրքրվեց ու իմացավ, թե որոնք են եղել ամենահետաքրքիր կատակները:

«Նախ ասեմ, որ օրս առանց ծիծաղի չեմ պատկերացնում, կապ չունի ապրիլի 1-ն է, թե այլ օր, – ասում է 18-ամյա Լուսինեն, – այսօր առավոտվանից փորձում եմ տան անդամների ժպիտն ապահովել, դեռ պուճուրիկ  կատակներ եմ արել, օրինակ՝ ասել եմ մամային հեռախոսը վերցնի, բայց իրականում զանգող չի եղել կամ քրոջս մեղադրել եմ գիրքս կորցնելու մեջ…. դեռ մեծ ստեր չեմ ասել, բայց օրն առջևում է»:

20-ամյա Թերեզան էլ, ինչպես ինքն է ասում՝ սև հումորի հայտնի սիրահար է. «Մի անգամ լացելով զանգեցի մամային ու ասացի, որ ընկել ոտքս կոտրել եմ ու ինձ տանում են հիվանդանոց, անգամ նշեցի թե որ հիվանդանոցն է ու ինքս գնացի էնտեղ… մի քանի րոպե չանցած բոլորը եկան, ու ես ողջ առողջ դուրս եկա հիվանդանոցից, սկզբում չհասկացան թե ինչ կատարվեց, հետո ասեցի որ ապրիլի մեկյան կատակ է… մայրս բարկացավ, նեղացավ ինձանից և ուղիղ մեկ շաբաթ չխոսեց հետս», – ասում է նա:

Լսելով հարցս՝ 21-ամյա Իվետան ասաց. «Առավոտվանից խաբում եմ բոլորին, ո՞ր մեկն ասեմ» 🙂 Ծիծաղի օրը շատ է սիրում, միշտ նախօրոք կատակներ է մտածում ընկերների ու տան անդամների համար. «Այսօր բոլոր ընկերուհիներիս զանգեցի ու առաջարկեցի հանդիպել. ժամը մեկին օպերայում ինձ էին սպասում, հետո սկսեցին մեկը մյուսի հետևից զանգել ինձ, զանգահարեցին տուն, բայց մայրիկիս խնդրեցի, որ ասի, թե դուրս եմ եկել տնից… այդպես ուղիղ մեկ ժամ, հետո ինքս զանգահարեցի նրանց ու շնորհավորեցի ապրիլի 1-ը, նրանց էլ ջղայնացան ինձ վրա ու որոշեցին գնալ այս օրը նշելու առանց ինձ, – ասում է Իվետան ու ավելացնում, – արդյունքում ես տուժեցի 🙂 »:

«Լավ ծիծաղը հոգեկան առողջության ճշմարիտ նշանն է», – ասել է Մաքսիմ Գորկին, ուստի նպաստեք ձեր առողջության ամրապնդմանն ու հաճախ ծիծաղեք:

Շնորհավոր ծիծաղի ու երգիծանքի օր

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930