Լրահոս
Օրվա լրահոսը

Ծատուրյանը` «ափաշքյարա» հումորի եւ Մհեր Մկրտչյանի ու ոստիկանի միջեւ պատահածի մասին (Տեսանյութ)

Ապրիլ 01,2013 15:56

«Ապրիլի 1-ը չի կարող «խաբելու օր» լինել, որովհետեւ մնացած 364-ն են խաբելու օրեր, հետեւաբար` ապրիլի 1-ը հումորի օր պետք է լինի»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը, ապա հավելեց, որ նեղվում է «առանց հումորի» մարդկանցից. «Կյանքում չենք կարող դիմանալ առանց հումորի, որովհետեւ մեզ մոտ ապրելու պայմանները դժվար են: Սակայն մեզանում հումորը «ափաշքյարա» է, եւ լավ կլիներ, որ այդ հումորի տակ որոշակի շերտ մնար` հումորն ավելի նուրբ դարձնելու համար: Իսկ «ափաշքյարա» հումորը կուլտուրայի պակասից եւ անգրագիտությունից է գալիս: Ինչքան մարդ տհաս է, նրա հումորն այնքան (ռուսի ասած) «տապոռ» է: Զարգացած մարդն էժան հումոր չի անում: Այսօր ընկել են եվրոպացի ինչ- որ «աբսուրդ» գրողների ետեւից, սական ամենամեծ աբսուրդիստը մեր Թումանյանն է. բա «Կիկոսի մահն» ի՞նչ է` նրբաճաշակ հումոր, որը չենք կարդում»:

Թատերագետը նշեց, որ մի անգամ համարձակվել է «Ֆեյսբուքում» գրառում կատարել այն մասին, որ առաջադրվելու է նախագահի ընտրություններում եւ հետաքրքիր ծրագիր առաջարկելու. «Օրինակ, մասոնների հետ եմ խոսելու, որ նրանցից մեկն ինձ վրա կրակի: Սա իհարկե հումոր է, բայց մի՞թե մեր ընտրական համակարգում կատարվածը հումոր չէ»:

Նիկոլայ Ծատուրյանի դիտարկմամբ. «Մեկ-մեկ ասում են, թե թատրոնը չի մեռնի: Ես էլ ասում եմ՝ այո, որովհետեւ քանի կա մեր խորհրդարանը, թատրոնը չի մեռնի. ամենամեծ թատրոնն այդտեղ է»:

Պարոն Ծատուրյանն ասաց, որ այսօր տաղանդավոր նմանակողներ կան, ինչպես Արման Նավասարդյանը, ով մի անգամ զանգահարել է Ծատուրյանի ուսանողուհիներին եւ «նրա ձայնով» ժամադրել նրանց: Հաջորդ օրը ուսանողուհիները Ծատուրյանին ակնարկել են, թե ինչու չեկավ ժամադրության:

Թատերագետն ասաց, որ ինքն էլ է նմանակում` իր սիրելի մարդկանց հիշելու համար: «Մհեր Մկրտչյանի հետ շատ մոտ էինք: Մի անգամ ասաց` «արի գնանք խաշ ուտելու»: Գնացինք 3-րդ մասում կերանք-խմեցինք, իսկ Մկրտչյանը դուրս գալուց արդեն ճոճվում էր…ասացի, թե տաքսի կանչենք, իսկ նա ասաց, որ հիմար բաներ չխոսեմ եւ նստեց ղեկին: Ես էլ կողքին նստած` աշխատում էի ղեկը պահել: Խաչմերուկներից մեկում ձախ թեքվեց, ասացի, որ այդպես չի կարելի»,-պատմեց Նիկոլայ Ծատուրյանը: Եվ մինչ Մհեր Մկրտչյանը նրան կպատասխաներ` «քո գործը չի», ավտոմեքենային մոտեցավ ոստիկանը եւ ասաց` «վայ, ընկեր Մկրտչյան, ինչու ձախ թեքվեցիք», Մկրտչյանն էլ թե` «Քեզ տեսա, ասի գամ բարեւեմ»:

Ռեժիսորը նաեւ հայտնեց, որ հումորի արվեստում նոր «ոճ» է նկատում` «խրխնջիզմ». «Նստում են ու խրխնջում` առանց մտածելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930