«Սյունիքում մի փոքր վախ կար, բայց դա արդեն անցնում է: Իմ հացադուլից կամ ծոմից հետո առաջին անգամ եկա Սիսիան, Սյունիքի մարզ»,- քիչ առաջ սիսիանցիների հետ հանդիպմանը ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա խոստացավ հաղթանակը տանել մինչեւ վերջ, մինչեւ այն կընդունվի ողջ Հայաստանի եւ աշխարհի կողմից եւ զգուշացրեց, որ չսպասեն, որ ինքը փրկարար դեր պիտի խաղա իրենց համար. «Ոչ, փրկիչների ժամանակն անցել է, կուսակցապետերի, կեղծ հայրենասերների: Եկել է հայ ժողովրդի եւ հայաստանցու ժամը: Ինչը պիտի անենք՝ պիտի միասին անենք, լավ հասկացեք: Պատրա՞ստ եք այդ հաղթանակին»,- հարցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սիսիանի բնակիչներին: Սիսիանցիները բղավեցին՝ այո՜:
Նա նկատեց, որ ի տարբերություն Կապանի, ոստիկանները Սիսիանում չէին խոչընդոտում հանդիպմանը եւ շնորհակալություն հայտնեց նրանց դրա համար. «Այն, ինչը որ վարման կամ արհեստական հակամարտության միջոցով տեղի ունեցավ Կապանում, այսօր բացակայում է, դրա համար ողջունում եմ Սիսիանի ոստիկաններին, որ ապահովում են այդ անվտանգությունը: Ես վստահ եմ, որ եթե պետք լինի, եւ պետք կլինի հավանաբար, ապրիլի 9-ին ժամը 11-ից մենք հավաքվելու ենք Երեւանի Ազատության հրապարակում՝ հռչակելու նոր Հայաստանը, որ այդ նույն ոստիկանները, ինչպես այսօր իրենց պարտականությունն են կատարում, մեզ կուղեկցեն եւ եթե որեւէ խոչընդոտ եղավ՝ բոլորը պիտի պատասխան տան»: Նա հրապարակեց իրենց հեռախոսահամարները՝ 010528280 կամ 010536913 եւ տեղեկացրեց. «Ով կանգնեց սահմանադրական ձեր իրավունքի դեմ՝ հավաքվելու, կամարտահայտվելու, այդ մարդկանց նկարը կազմեք, ուղարկեք եւ իրենց հարցերը կլուծի ժողովուրդը»:
Նա նշեց, որ ուրբաթ ժամը 6-ին իրենց վերջին կազմակերպչական հանրահավաքն է, որտեղ էլ կորոշեն, թե ինչ են անելու ապրիլի 9-ին, ինչ հերթականությամբ. «Ակնկալում ենք, որ ապրիլի 9-ին, ժամը 11-ից բոլոր հայաստանցիները ֆիզիկապես լինելով հրապարակում, դառնալու ենք համազգային, համաքաղաքացիական բռունցք եւ վերջապես, ինչպես իմ ձայնն է հանգիստ, առանց որեւէ լարման՝ տանելու ենք մեր ճանապարհը՝ դեպի նոր Հայաստանի երդմնակալության»:
Կարդացեք նաև
Նա կոչ արեց չնստել համակարգիչների առաջ ապրիլի 9-ին եւ զուտ ինտերնետով չհետեւել իրադարձություններին, այլ անձամբ մասնակցել եւ յուրաքանչյուրն իր մասնակցությունը բերել պայքարին. «Հարցը նա է, որ պարոն Սարգսյանը պիտի կարողանա իր կուսակցականացված ընտրախախտ շրջապատից վեր կանգնել եւ վերջին անգամ քայլ կատարել՝ դեպի ժողովուրդ: Սա վերջնագիր չէ, սա անհրաժեշտություն է՝ Հայաստանի ապագայի համար»:
Հանդիպումը հեռարձակվում էր «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ