Ապրիլի 9-ից հետո, նոր կառավարության ձեւավորման շրջանում, Aravot.am-ի տեղեկություններով, պաշտոնանկ է արվելու նաեւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Ըստ շրջանառվող լուրերի, նրան այդ պաշտոնում փոխարինելու է ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) եղբայրը` Ավշար գյուղի նախկին գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Արայիկ Գրիգորյանին են պատկանում Ավշարի պահածոների եւ գինու գործարանները:
Aravot.am-ի հետ զրույցում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը նախ զարմացավ այդ տեղեկատվությունից, ապա ասաց, որ մեզնից է իմանում այդ մասին եւ նպատակահարմար չգտավ ասեկոսները մեկնաբանել:
Հետաքրքրվեցինք` պարոն Բարսեղյանին շա՞տ է հուզել այն, որ մի քանի օր առաջ Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ի թիվս այլ պաշտոնյաների, նաեւ որոշ մարզպետների հրաժարականներ պահանջեց: «Աբսալյուտնը, բացարձակապես»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չէ, որ պետք է որոշի նման հարցերը:
Այնուհանդերձ, եթե Սերժ Սարգսյանը որոշի ընդառաջ գնալ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ աշխատանքից ազատի նաեւ որոշ մարզպետների, այդ թվում իրեն, քանի որ նախագահական ընտրությունների ընթացքում շատ խոսվեց Արարատի մարզում եղած ընտրախախտումների մասին, մեր դիտարկմանը Էդիկ Բարսեղյանն ասաց, որ շատ խախտումների մասին խոսվել է, բայց ընդամենը մեկ դեպք է եղել, որն արձանագրվել է, համապատասխան գործընթաց է ունեցել եւ գնահատականի է արժանացել. «Ասում են, որ շատ ա եղել, բայց ասելն ի՞նչ»:
Կարդացեք նաև
Ինչ մնում է նախագահի հնարավոր որոշումներին, պարոն Բարսեղյանն ասաց . «Ինչպիսի որոշում նախագահը կկայացնի`ինձ համար ընդունելի է: Միեւնույն է, մենք նախագահին շատ սիրում, հարգում ենք: Եվ նախագահին հավատարիմ ենք մնալու` անկախ նրանից պաշտոնի կլինենք, թե` ոչ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ