Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրու տարվա մարդ» տիտղոսն ընդամենը «շնորհակալություն» հայտնելու շարժառիթ է …»

Ապրիլ 01,2013 14:07

Բաց նամակ «Առավոտ» օրաթերթի Շիրակի մարզի թղթակից Նունե Արևշատյանին, «Գյումրու տարվա մարդ» ծրագրի հեղինակ, դրամատուրգ Արթուր Էդարից

Սիրելի Նունե, հասկանալով քո և գյումրեցի որոշ մտավորականների մտահոգությունը «Գյումրու 2012թ. Տարվա մարդ» տիտղոսը երգիչ Պետրոս Պետրոսյանին շնորհելու կապակցությամբ, փորձեմ մի շարք պարզաբանումներ տալ այդ խնդրի կապակցությամբ …

Եվ սկսեմ նախ քո գրած հոդվածից, որ վերնագրել ես. «Գյումրու տարվա մարդ» տիտղոսի թեկնածուին գյումրեցիները չե՛ն ճանաչում:

Արդե՛ն վերնագրում դու թույլ ես տվել մեկ անճշտություն և իրականության կասկածելի գնահատական:

Առաջինը. Պետրոս Պետրոսյանը ոչ թե «Գյումրու տարվա մարդ» տիտղոսի թեկնածու է, այլ «Գյումրու 2012թ. Տարվա մարդ» տիտղոսակիր:

Եվ երկրորդը. Ինչպե՞ս կարող են գյումրեցի երգչին Գյումրիում չճանաչել այն բանից հետո, երբ ժողովրդական երգի գյումրեցի սիրահարները (իսկ այդպիսիք Գյումրիում բյուր հազարավորներն են) 6 ամիս շարունակ հետևել են ժողովրդական երգի մրցույթին և տասնյակ հազարավոր SMS-ներ են հղել իրենց հայրենակցի օգտին, որի շնորհիվ էլ, ի դեպ, երգիչը հաղթե՛լ է մրցույթում: Ընդ որում, նա ձայներ է հավաքել ոչ միայն իր հայրենի քաղաքից, այլև Հանրապետությունից և ողջ աշխարհասփյուռ հայությունից՝ Թիֆլիսից ու Մոսկվայից մինչև Փարիզ ու Լոս-Անջելես…

Եվ հետո, ինչքան ես հասկացա, դու ոչ մի սոցհարցում չե՛ս կատարել, կամ չե՛ս օգտվել նմանատիպ ինչ-որ սոցհարցման արդյունքներից, բայց վերնագրում պնդում ես, թե գյումրեցիները չե՛ն ճանաչում իրենց համաքաղաքացի երգչին: Իհա՛րկե, կարելի՛ է հիմա հապշտապ մի սոցհարցում կազմակերպել (ակա՛նջդ կանչի Ադիբեկյան) և արդեն համոզվա՛ծ պնդել, որ Պետրոս Պետրոսյանին իր հայրենի քաղաքում ճանաչում են միայն իր ընտանիքի անդամները, բայց դա ուշացա՛ծ փորձ կլինի…

Եվ բացի այս՝ որպես հավաստումն այն բանի, որ նրան չե՛ն ճանաչում Գյումրիում, դու հարցումներով դիմել ես իմ երեք շատ մտերիմ ընկերներին, որոնցից մեկն, ի դեպ, ճանաչու՛մ է երգչին:

Նրանց մտահոգություններին ես դեռ կանդրադառնամ, իսկ քեզ, ուղղակի հարցազրույցի սկզբից ճշտե՛լ էր պետք, թե նրանք դիտե՞լ են «Ժողովրդական երգիչ» ծրագիրը: Եթե չե՛ն դիտել, բնակա՛ն է, որ չեն ճանաչում, բայց և՝ եթե նրա՛նք չեն ճանաչում, չի՛ նշանակում, թե ոչ երգի՛չ է եղել, ոչ մրցույթ և ոչ էլ գյումրեցի տասնյակ հազարավոր երկրպագուներ…

Անցնեմ հոդվածի նախաբանին: Այնտեղ գրված է. «Նրանցից (մտավորականներից-Ա.Է.) շատերին զարմացրել է այն, որ միակ (ընդգծումն իմն է-Ա.Է.) թեկնածուն 22-ամյա Պետրոս Պետրոսյանն է…» Զարմանքի պատճառը չհասկանալով, հիշեցնե՛մ, որ 2007 և 2011թ.թ. «Գյումրու տարվա մարդ» տիտղոսն ընդհանրապե՛ս չի շնորհվել, քանզի թեկնածուներ ընդհանրապե՛ս չեն եղել: Առաջ ընկնելով պիտի ներկայացնեմ «Գյումրու տարվա մարդ» տիտղոսի չափորոշիչները, որոնք, կարծում եմ, որոշ մտահոգությունների պատասխանը կտա՛ն: Եվ այսպես՝ «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը շնորհվում է. Գյումրու հեղինակության, գյումրեցիների բարոյա-հոգեբանական և գիտա-մշակութային ավանդների աճին նպաստող որևէ՝ իր նախադեպը չունեցող գործունեություն կամ արարք իրականացրած անձի, անկախ դրանց իրականացման վայրից և նշված տարում:

Այս չափորոշիչներից պարզ երևում է, որ տիտղոսը շնորհվում է ո՛չ երկարամյա վաստակի համար, այլ նշված տարում Գյումրու համար կատարած մեկ արարքի կամ գործունեության համար, ընդ որում, շատ կարևոր նախապայմա՛ն է, որ դա չունենա՛ իր նախադեպը: Ինչպես նկատեցիր, չափորոշիչների մեջ չկա ո՛չ ազգային պատկանելիության սահմանափակում և, ոչ էլ, սեռային ու տարիքային…

Հանուն ճշմարտության նշեմ նաև ա՛յն հանգամանքը, որ Հանձնախմբում բուռն բանավեճի առիթ հանդիսացավ թեկնածուի տարիքը, որի սահմանափակում չի՛ նախատեսնված չափորոշիչների մեջ: Հարգելով բոլորի կարծիքը, արտահայտեմ նաև ի՛մը. Կարծում եմ, որ ժամանակն է մեր մեջ կոտրե՛լ այն խորհրդային կարծրատիպը, թե մեկին ինչ-որ բան շնորհելու համար պարտադի՛ր է, որ նա լինի կուսակցական,  50 տարեկանից ոչ պակաս և անպայման փողկապով: Տվյալ պարագայում էլ կարծում եմ, որ երիտասարդ երգչին խրախուսելով, մենք խրախուսում և ոգևորում ենք Գյումրու ո՛ղջ երիտասարդությանը՝ հանուն իրենց հարազատ քաղաքի հեղինակության արարելու և սխրագործելու միտումով…

Ի դեպ, ասեմ նաև, որ «Գյումրու տարվա մարդ» տիտղոսն ընդամենը խրախուսակա՛ն բնույթի է, այն նպատակ ունի ընդամենը «շնորհակալություն» հայտնել Գյումրու հեղինակության համար մի լա՛վ բան արած մարդուն, և չի՛ տալիս նրան ոչ արտոնություններ և ոչ էլ նյութակա՛ն միջոցներ: Ա՛յլ բան է, թե մարդուն «շնորհակալություն» հայտնելու համար ո՛վ և ի՛նչ հավակնություններով է առաջնորդվում…

Եվ, վերջապես, գամ քո հոդվածի սկզբին և երևի առայժմ սահմանափակվեմ դրանով, իմ ընկերների մտահոգությունների պատասխանը գրելով հաջո՛րդ նամակում, քանզի, ինչպես գյումրեցիներն են ասում. Խոսքի կա՛րճն է լավ, չվանի՝ երկարը…

Հոդվածի սկիզբը, մեղմ ասած, տարօրինա՛կ բնույթի է, որը կարող է միայն տարակուսանք առաջացնել: Դու գրել ես. Տիտղոսը շնորհող հանձնախմբի որոշ անդամների պնդմամբ (ընդգծումը իմն է-Ա.Է.) այս երիտասարդը Գյումրու մեծահարուստներից մեկի՝ Գյումրու օդանավակայանի տնօրեն Սերյան Չուխաջյանի փեսան է…

Նախ, ի՞նչ է նշանակում՝ որոշ անդամների պնդմա՛մբ, երբ առանց նրանց պնդելու էլ բոլորը գիտե՛ն դա: Եվ հետո. չե՛մ հասկանում, դա ի՞նչ է, թերությու՞ն է, օրինազանցությու՞ն, ազգադավությու՞ն՝ լինել մեծահարուստի փեսա…

Օրինակի համար ասե՛մ, որ «Գյումրու 2010թ. Տարվա մարդ» տիտղոսը արժանիորեն շնորհվեց Արման Սահակյանին, ում ոչ թե անե՛րն էր մեծահարուստ, այլ հենց ի՛նքը: Ի՞նչ ես կարծում. Ի՞նչ անեինք այն ժամանակ, անտեսեի՞նք նրա արածը Գյումրու համար և տիտղոսը չշնորհեի՞նք, ինչ է՛, թե նա մեծահարու՞ստ է…

Ե՛ս, անկեղծ, չե՛մ ընդունում այդ փաստարկը և մարդկանց գնահատում եմ ոչ թե նրանց նյութակա՛ն կեցությամբ, այլ մեր քաղաքի ու նրա բնակիչների համար կատարած որոշակի գործերի՛ համար: Եվ ես չե՛մ վարանի «շնորհակալություն» հայտնել այն մարդուն, ով թեկուզ մե՛կ ծառ է տնկել այս քաղաքում…

Ասեմ նաև, որոշ մտահոգ մարդկանց այն պնդումը, թե «Գյումրու տարվա մարդ» տիտղոսին արժանանում են միայն մեծահարուստները, համարում եմ իրականությանը չհամապատասխանող փաստարկ, քանզի մինչ այժմ «Գյումրու տարվա մարդ» տիտղոսին արժանացած 11 անձերից միայն 3-ն են եղել մեծահարուստներ…

Առայժմ այսքանը, սիրելի Նունե: Քեզ առաջին դեմքով դիմելուս շարժառիթն էլ մեր վաղեմի ծանոթությունն է: Ներիր, եթե դու ա՛յլ կերպ ես մտածում…

 

Արթուր ԷԴԱՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930